Բաժիններ՝

Մի առաջին կուրսեցուն անցկացնում են, մյուսին՝ ոչ. Բրյուսովում ուսխորհրդի նախագահ ընտրելու նիստն անցկացվել է առանց քվորումի

Հունիսի 1-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել ընդհանուր ժողովի նիստ՝ ուսխորհրդի նախագահի թեկնածությունը հաստատելու նպատակով:

Ժողովը ձևավորվում է 25 ուսանողին՝ 1 պատվիրակ սկզբունքով, այսինքն՝ պետք է ընտրվեր մոտ 180 պատվիրակ, և ուսխորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր առնվազն 90 պատվիրակի ներկայություն։

«Չնայած նրան, որ այսօր ներկա է եղել ընդամենը մոտ քառասուն պատվիրակ, այսինքն՝ քվորում չի ապահովվել, ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել անցկացնել քվեարկություն, ինչի արդյունքում ուսանողության շուրջ 75%-ի ձայնը լսելի չի եղել։ Սա վառ ապացույց է ընտրական հանձնաժողովի ոչ կոմպետենտության, ինչի արդյունքում տուժում են ուսանողներ։ Հարկ է նաև նշել, որ սա ոչ թե առաջին, այլ հերթական իրավախախտումն է։ Ուսանողական խորհուրդը, լինելով ուսանողության շահերի պաշտպանությանը միտված կառույց, խիստ դատապարտում է ընտրական հանձնաժողովի նմանատիպ ոչ ուսանողամետ, հակականոնադրական և ոչ լեգիտիմ գործունեությունը և պահանջում ամբողջ կազմի հրաժարական»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Ուսանող Մանե Արշակյանը ներկա է եղել նիստին և մեզ հետ զրույցում հայտնեց, որ Դավիթ Գյուրջինյանի՝ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ուսանողական խորհրդի մեծ մասը հրաժարականի դիմում էր ներկայացրել, և այդ ժամանակ նախագահության անդամների ժամանակավոր պաշտոնակատարներ էին նշանակվել, իսկ որոշ ժամանակ անց Դավիթ Գյուրջինյանն ուսանողական խորհրդի նախագահության անդամներին հրավիրել է իր մոտ և հայտնել, որ պետք է գնան ընտրությունների:

Կարդացեք նաև

«Ստեղծվեց ընտրական հանձնաժողով՝ 5 ուսանողից և 5 թեկնածու աշխատողից կազմված: Ներկայացրեցինք դիմումներ, որոնցից կարծես 4-ը ենթարկվեց քննարկման, քանի որ ինչ-որ կետերի չէին բավարարում: Դիմումներից մեկն իմն է: Ես առաջին կուրսի ուսանող եմ, ու ընդամենն ունեմ առաջին կիսամյակի միջին որակավորման գնահատական, բայց ընդհանուր տարվանն է պետք: Կանոնադրությամբ չի հակասում, որ առաջին կուրսի ուսանողը կարող է դիմել: Հարցերը գնացին քննարկման, և դա պետք է որոշեր ընդհանուր ուսանողական ժողովը, իսկ մենք ընդհանուր ուսանողական ժողով չունենք, որովհետև ուսխորհրդի նախկին ղեկավարները դեկտեմբերին այդ հարցով չէին զբաղվել:

Դրա համար սկսեց ձևավորվել 180 հոգանոց խորհուրդը, որից հետո նիստ հրավիրվեց՝ վիճարկելի դիմումները քննարկելու համար: Որպեսզի պատասխանը բավարար համարվեր, հարկավոր էր, որ գոնե 90 ուսանող ներկա լիներ, սակայն ներկա էին 44-ը, ու երբ իմ հարցը դրվեց քննարկման, մեկը տեղից բարձրացավ, թե՝ առաջին կուրսի ուսանող է, ի՞նչ իրավունք ունի, և իմ՝ թեկնածությունը ներկայացնելու փաստը մերժեցին: Իսկ ինձանից առաջ մեկ այլ առաջին կուրսի աղջկա թեկնածությունը քննարկելիս նման բան չեղավ: Այսինքն, մի առաջին կուրսեցուն անցկացնում են, մյուսին՝ ոչ, և պատճառը չեն բացատրել, դրա համար դիմում եմ գրել Ընտրական հանձնաժողովի ղեկավարին, խնդրել եմ ներկայացնել ներկաների ցանկը, բայց դեռևս պատասխան չեմ ստացել: Կարծում եմ, օրենքից դուրս է հրավիրվել ժողովը, ու ապօրինի որոշումներ են կայացրել»,- նշեց ուսանողուհին:

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված ուսանողների մեծ մասի ներկա չլինելը քվեարկությանը, մեր զրուցակիցն ասաց, որ մի մասը քննությունների է եղել, մյուս մասին չի հետաքրքրում, ոմանք էլ իրենց կամքից անկախ են գրանցվել՝ թիվ լրացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս