«Երբ Գլենդելում էր ու թեկնածություն էր դնում, Հայ դատի հանձնախմբին աղաչում էր՝ իրեն թիկունք կանգնի». Սասունյանը «թարմացնում է» Սինանյանի հիշողությունը
Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է. սա Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հերթական «ցնցող» հայտարարությունն է:
Ավելին՝ նա նշել է, թե «Սփյուռքում լոբբիստական իմաստով բաց է առաջացել, որովհետև կառույցներից մեկը, որը զբաղվել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործունեությամբ, և որը, լավ թե վատ, երևի ամենամեծ կառույցն էր լոբբիզմով զբաղվելու իմաստով, իրեն դուրս է հանել այդ դաշտից: Իրենք անում են մի բան, բայց ես հստակ չեմ տեսնում, չեմ կարծում, որ հաջողությամբ կպսակվի»:
Ի դեպ, Սփյուռքի գլխավոր հանձնակատարը կարծում է նաև, որ նախորդ 30 տարիներին այն ռեսուրսը, որն օգտագործվել է Ցեղասպանության ճանաչման համար, որևէ ռազմավարական արդյունք չի տվել:
«Այսինքն՝ Ցեղասպանությունը ճանաչվեց, մենք բարոյական հաղթանակ տարանք, բայց դրանով այսօրվա հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգությունը դրանից չբարելավվեց»,- պարզաբանել էր Զարեհ Սինանյանը։
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ Զարեհ Սինանյանի ճեպազրույցում այնքան ապատեղեկատվություն և ստեր է լսել, որ չգիտի՝ որտեղից սկսի հակադարձումները:
Իսկ մինչ կներկայացներ իր դիտարկումները, Հարութ Սասունյանն անդրադարձավ Զարեհ Սինանյանի բնութագրին. «Զարեհ Սինանյանը շատ ինքնահավան մի մարդ է, որը կարծում է, թե ամեն ինչ գիտի, բայց ոչինչ չգիտի, և նույնիսկ չգիտի, թե որն է իր պաշտոնը: Նա կարծում է, թե իր պաշտոնը Փաշինյանին պրոպագանդա անելն է՝ մինչդեռ Սինանյանը ՀՀ քաղաքացիների հարկերից աշխատավարձ է ստանում, որպեսզի բարելավի Հայաստանի և Սփյուռքի կապերը. դա է իր պաշտոնը»:
«30 տարուց ավելի է՝ հանձնախումբը զբաղվում է նաև Արցախի հայության շահերը պաշտպանելով»
Անդրադառնալով Սինանյանի՝ «Սփյուռքում լոբբիստական իմաստով բաց է առաջացել, որովհետև կառույցներից մեկը, որը զբաղվել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործունեությամբ, և որը, լավ թե վատ, երևի ամենամեծ կառույցն էր լոբբիզմով զբաղվելու իմաստով, իրեն դուրս է հանել այդ դաշտից» ակնարկներին՝ Հարութ Սասունյանը «թարմացրեց» Զարեհ Սինանյանի հիշողությունը:
«Հստակ է, որ նկատի ունի Հայ դատի հանձնախմբին, որը 60-70 տարի է և նախքան Զարեհ Սինանյանի ծնվելը՝ աշխարհի չորս կողմերում պայքարում է հայության շահերը պաշտպանելու համար:
Եվ երբ Զարեհ Սինանյանը Գլենդելում էր ապրում ու երբ թեկնածու էր առաջադրվում ինչ-որ պաշտոնի, դիմում էր Հայ դատի հանձնախմբին ու աղաչում, որ իրեն թիկունք կանգնի և իր թեկնածությունը պաշտպանի: Այժմ գնացել է Հայաստան, ու միայն չարախոսում է այն նույն հանձնախմբի հասցեին,- պատմեց սփյուռքահայ գործիչը՝ ապա շեշտեց, որ հանձնախումբը միայն Ցեղասպանության ճանաչման գործընթացով չի զբաղվել՝ ինչպես նշում է Սփյուռքի գործերով հանձնակատարը, ու բաց էլ ամենևին չկա, քանի որ հանձնախումն ամենօրյա նվիրումով շարունակում է աշխատանքը,- 30 տարուց ավելի է՝ հանձնախումբը զբաղվում է նաև Արցախի հայության շահերը պաշտպանելով, վերջին տարիներին՝ Արցախի ինքնորոշման իրավունքով և անկախությամբ: Այժմ էլ աշխատում են նախագահ Բայդենի հետ կապ հաստատելու, որպեսզի նախագահը թիկունք կանգնի արցախահայության իրավունքներին: Եթե նա չի իմանում, պետք է առնվազն բերանը փակի և իր տգիտությունը չբացահայտի աշխարհի առջև»:
«Ես իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ Ցեղասպանության ճանաչման հարցով»
Խոսելով Ցեղասպանության ճանաչման գործընթացի ավարտի մասին Զարեհ Սինանյանի «ծանուցումից»՝ Հարութ Սասունյանը նշեց. «Ես իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ Ցեղասպանության ճանաչման հարցով: Երբ Ցեղասպանությունը տեղի ունեցավ, հայ ժողովուրդը երկար տասնամյակներ ցիրուցան էր՝ առանց ամենատարրական ապրուստի, կենցաղային ապրանքների, շատ վատ վիճակում էր: Ժամանակի ընթացքում սկսեցին կայանալ ու զբաղվել հայության շահերի պաշտպանությամբ: Աշխատանքներ սկսվեցին նաև Ցեղասպանության փաստի ճանաչման ուղղությամբ. տասնյակ տարիներ առաջ քչերը գիտեին Հայոց Ցեղասպանության մասին՝ մինչև որ հայությունը ոտքի կանգնեց և սկսեց պայքարել ամեն տեղ՝ սփյուռքի համայնքներում, ՄԱԿ, ԵԽ և այլն: Ես էլ տասը տարի ներկայացրել եմ այս հարցը ՄԱԿ-ի առաջ: Այդ ճանաչումն ինքնըստինքյան չընկավ մեր գիրկը. դա արդյունք էր հայության ջանքերի, և հենց այս պայքարի արդյունքում սկսեցին տարբեր երկրներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այդ շրջանում Հայ դատի հանձնախումը զբաղվում էր նաև այլ հարցերով՝ օրինակ, երբ Հայաստանն անկախացավ, Հայաստանի օժանդակությունը՝ ԱՄՆ-ից ավելի մեծ գումարներ հատկացնելու հարցերով, նորանկախ պետությանը թիկունք կանգնելով:
Այսօր էլ Վաշինգոտնում այդ հանձնախումբն աշխատում է գիշեր-ցերեկ»:
«Ցեղասպանության ճանաչումը մեր վերջնական նպատակը չէ»
«Իսկ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն չի ավարտվել, այլև պետք է շարունակել. եթե մինչև այժմ մոտավորապես 30 երկիր է ճանաչել, պետք է պայքարը շարունակվի՝ ճանաչեն 100 և ավելի երկրներ: Ցեղասպանության ճանաչումը մեր վերջնական նպատակը չէ. ճանաչումը մի միջոց է, որ մեր հարցը մնա այժմեական, և օրակարգի վրա»,- շեշտեց սփյուռքահայ հրապարակախոսը:
«Ունենք մի պետություն, որ ամեն ինչ անում է, որպեսզի հաճոյանա Թուրքիային»
Ի դեպ, Հարութ Սասունյանը չբացառեց, որ «ճանաչման» օրակարգերը քողարկելով՝ իշխանությունները փորձում են առաջ տանել սեփական օրակարգերը, այդ թվում՝ «հայ-ադրբեջանական» և «հայ-թուրքական» գործընթացները:
«Դա հստակ է, որովհետև վարչապետն էլ հաճախ խոսում է, թե Արարատը մեր լեռը չէ՝ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը գիտի, որ հայության սուրբ լեռն է Արարատը:
Ունենք մի պետություն, որ ամեն ինչ անում է, որպեսզի հաճոյանա թուրքական կառավարությանը, և այս պետությունը չի անելու ոչ մի բան, որ ազգային շահերը հետապնդի և մեր պատմական իրավունքները պաշտպանի: Դա է պատճառը, որ անընդհատ խոսում են, թե Ցեղասպանությունը մոռանանք, դրա ճանաչումը, բացի բարոյականից, ոչ մի արժեք չունի և այլն:
Եթե մենք ունենայինք ազգայնական կառավարություն, և Սինանյանն ու Փաշինյանը լինեին ազգայնական հայեր, իրենք չէին ասելու՝ այսքան աշխատեցինք, բավարար է, այլ հակառակը. քանի որ պետություն են ներկայացնում, իսկ պետությունը ՄԱԿ-ի անդամ է, ու միայն պետություններն իրավունք ունեն Համաշխարհային դատարանում հայց ներկայացնելու, անմիջապես կդիմեին Համշախարհային միջագային դատարանին՝ պահանջելով վերականգնել մեր պատմական իրավունքները:
Բայց, դժբախտաբար, այս մարդիկ ոչ միայն չեն պահանջում, այլև ամեն ինչ զիջում են: Իսկ զիջումները նաև տարածքային են՝ թե՛ Արցախը, թե ՀՀ տարածքներից, թե՛ Արևմտյան Հայաստանի մեր իրավունքներն ու տարածքները:
Փաշինյանն ասում է՝ հողային պահանջներ չունենք. մեր տարածքը 29.800 քկմ է: Նա, եթե առնվազն մի քիչ խելք ունենար, ոտնակոխ չէր անի հայության շահերը:
Առնվազն պետք է լռել, եթե ուրիշ բան չես կարող անել»,- նկատեց Հարութ Սասունյանը:
«Այդ մարդիկ շատ լավ գիտեն իրենց շահը. ուզում են այդ շրջանում խաղաղություն լինի, Հայաստանը համակերպվի Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներին, որպեսզի կարողանան իրենց նավթը և գազը հեշտությամբ բերել Արևմուտք»
Այս համատեքստում անդրադառնալով առկա գործընթացներին զուգահեռ հնչող հայտարարություններին, և, մասնավորապես, ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությանը (նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ին արված հայտարարությունները)՝ ամերիկահայ գործիչը մանրամասնեց.
«Վերջին տարիներին ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանն են պայքարում Արցախը գրավելու համար, այլ նաև՝ բազմաթիվ մեծ ու փոքր երկրներ. բոլորը խոսքը մեկ արած՝ Փաշինյանին ողջունում են՝ ասելով, թե՝ ճիշտ ես անում, խաղաղության դաշնագիրը ստորագրիր, սահմանը բացիր, քանի որ դա բխում է նրանց շահերից:
Այդ մարդիկ շատ լավ գիտեն իրենց շահը. ուզում են այդ շրջանում խաղաղություն լինի, Հայաստանը համակերպվի Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներին, և իրենք կարողանան իրենց նավթը և գազը Ադրբեջանից և մյուս երկրներից Թուրքիայի վրայով ՀՀ «միջանցքով» հեշտությամբ բերել Եվրոպա, Արևմուտք:
Ու երբ Միլլերն ասում է՝ բրավո, Ալիևը շատ լավ բան է ասել, որ համաներում է շնորհելու, իսկության մեջ նշանակում է քաջալերել, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության դաշնագիր ստորագրեն՝ ի գին հայության բոլոր շահերի զիջումի:
Այս պատճառով են նման հայտարարություններ արվում՝ փոխարենն ասելու, որ 120.000 ժողովուրդ 6 ամիս է՝ զրկված է դեղորայքից ու սնունդից, կամ՝ ինչ անենք, որ օր առաջ Լաչինի միջանցքը բացվի, ու այդ մարդկանց կյանքը փրկենք: Նրանց հոգը չէ ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը. իրենք իրենց շահերն ունեն: Միակ երկիրն աշխարհում, որ չգիտի՝ իր շահն ինչ է, ՀՀ մեր կառավարությունն է»:
Հարութ Սասունյանն իրավիճակից ելքերը տեսնում է միայն Փաշինյանի և իր թիմի հեռացումից հետո: Իսկ հեռացումը, ըստ նրա, պետք է լինի ժողովրդական ճնշմամբ՝ «ինչպես, որ Փաշինյանն այդ աթոռին հասավ ժողովրդի մեծ թվով, նույն կերպ էլ պետք է իշխանությունից զրկել նրան»: