Փաշինյանի կողմից կա հստակ դավաճանություն. ժողովուրդն իրավունք ունի թե՛ ապստամբության, թե՛ հեղափոխության. Վարդան Պողոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Իսկապես կանխատեսելի էր այն ամենը, ինչ տեղի է ունենում․ մենք հասել ենք այն կետին, որ Փաշինյանն արդեն ի հակադրություն իր նախկին հայտարարության՝ ասում է՝ Արցախը Ադրբեջան է, և վերջ։ Այստեղ և՛ անգրագիտություն կա, և՛ դավաճանություն։
  • 2020թ․ պատերազմից հետո հնարավորություն կար, որ Հայաստանի կառավարությունը հասկանար՝ ինչ լավ ժառանգություն է ստացել նախկին իշխանությունների բանակցային գործընթացից, կարող էր կանգնեցնել իր ավանտյուրան և վերադառնալ այդ ժառանգությանը, որին, ի դեպ, կողմ էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Բայց Փաշինյանը Հայաստանը տարավ կապիտուլյացիայի ճանապարհով։
  • Երբ Փաշինյանը գնաց Բրյուսելյան ճանապարհով, արդեն պարզ էր՝ Արցախի ինքնորոշման հարցը փակված է։
  • Միջազգային հարաբերությունները հիմնված են ոչ թե միջազգային իրավունքի, այլ ուժերի հարաբերակցության վրա։
  • Ակնհայտ է, որ Ալիևը երբևէ չի ասելու Հայաստանի 29.800 քկմ-ն ճանաչելու մասին։ Հայաստանն Ալիևին հակադրում է պարտվողականություն ու դատարկ խոսքեր։
  • Մենք եկել ենք մի կետի, որտեղ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը կատարելապես ձախողվել է։
  • Արևմտյան պետությունները հաստատակամ Հայաստանին առաջնորդում են դեպի վերջնական կապիտուլյացիա։ Այդ որոշմանը նրանք հանգեցին այն ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցով նշաձողի իջեցման մասին։
  • Ո՞վ էր մինչև 2018թ. իշխանափոխությունը հավատում, որ ադրբեջանական զորքերը կարող են մտնել Գեղարքունիքի մարզ, կամ Սյունիքի անվտանգության հարց է առաջանալու… Շատերը չէին մտածում, որովհետև ադրբեջանական զորքերը հարյուրավոր կիլոմետրերով հեռու էին Հայաստանի սահմաններից։ Եվ դա Արցախյան հիմնախնդրի շնորհիվ էր։

  • Հայաստանի և Արցախի շուրջ եղած անվտանգային համակարգը դադարել է գործել, ու դա տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի դիտավորյալ կատարած քայլերից հետո։
  • 2020թ.-ի պատերազմից հետո մենք հնարավորություն ունեինք այնպես անել, որ Հայաստանը մնար՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, բայց Փաշինյանը 2022թ․  ապրիլից հայտարարեց նշաձողի իջեցման մասին, և Հայաստանը դադարեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց։ Ավելին, Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ-ն պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ռուսաստանը և ոչ՝ Պապուա Նոր Գվինեան…
  • Հիմա Հայաստանը դարձել է խաղաղություն մուրացող, բայց այդ խաղաղությունն էլ չի լինելու։
  • Նիկոլ Փաշինյանի քայլերում տրամաբանություն փնտրելն անիմաստ է։ Մանիպուլացնելով ողջ բանակցային պրոցեսը՝ նա փորձ է անում ոչ թե ցույց տալ՝ ինչ խնդիրներ կային այդ գործընթացում, այլ պարզապես ուզում է պատասխանատվությունն իր վրայից գցել նախկինների վրա։
  • Թող բարի լինեն, ասեն՝ ովքեր են այն սուբյեկտները, ովքեր Հայաստանից պահանջում էին Արցախի հարցով նշաձողն իջեցնել։
  • Ինձ համար ակնհայտ է, որ նշաձողն իջեցնելու հարցում կա դավաճանություն Փաշինյանի կողմից։ Եթե դու դավաճանում ես քո պետության շահերը, ու դա անում ես դիտավորյալ, պետք է ունենաս նկատառումներ՝ ինչու ես գնում այդ քայլին։ Դա կարող է լինել իր անձի, անվտանգության իր աթոռը պահելու հետ կապված։
  • 2007թ․ սկսած, երբ ի հայտ եկավ Մադրիդյան փաստաթուղթը, համանախագահող երկրները հասկանում էին, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Բայց որպեսզի հակամարտությունը լուծվեր, հայտարարեցին, որ Արցախն ինքնորոշման իրավունք ունի, Հայաստանն ու Արցախը պետք է քայլեր ձեռնարկեն, որ գրավյալ տարածքների մի մասը հանձնվի Ադրբեջանին, որ բալանսը պահպանվի, իսկ վերջնական կարգավորման տարբերակը նախատեսում էր, որ Ադրբեջանը պետք է համաձայնի միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում ու 1989թ․դրությամբ բնակչության համամասնությամբ հանրաքվեի անցկացմանը։ Ինչ որոշեին Արցախի հանրաքվեի արդյունքները, այնպես էլ լինելու էր։ Հանրաքվեի արդյունքները պետք է ճանաչվեին Մինսկի խմբի համանախագահ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների կողմից։
  • Ընդհուպ 2019թ․ բանակցային բոլոր փաստաթղթերում ամրագրված էր, որ Արցախն ու Հայաստանը պետք է ունենան հուսալի կապ։ Այդ բանակցային ժառանգությամբ Լաչինի միջանցքն Արցախի տարածքում էր։
  • 2018թ., երբ Փաշինյանը եկել է իշխանության, բանակցային ողջ փաթեթը նրան ներկայացվել է։ Այլ հարց է, որ նա խորամուխ չի եղել դրանց բովանդակության մեջ ու խորհրդակցություններ չի անցկացրել, հատկապես որ, միջազգային իրավունքից ունի զրո գիտելիքներ։
  • Փաշինյանը մտածեց, որ ինքը շատ ավելի խելոք է, քան նախորդները, և եթե այդ 5 շրջանները հանձնի, կարող է դիտվել՝ որպես դավաճան, ու գնաց գիժ ձևանալու ճանապարհով։
  • 2018թ․ նա ինքն է հայտարարել, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները բանակցային փաստաթղթերը մեկնաբանում են հօգուտ Հայաստանի։ Բայց հետո Ֆեյսբուքում հայտարարեց Մյունխենյան ինչ-որ սկզբունքների մասին։ Միգուցե 2018թ. հայտարարություններն իմիտացիա՞ էին նրա հետագա դավաճանությունը քողարկելու համար։

Կարդացեք նաև

  • 1994թ․ հրադադարից հետո հայր Ալիևը խնդրում էր՝ «մատներդ դրեք աշխարհի ամենաբարձր ինքնավարության վրա, ես դա տրամադրեմ Ղարաբաղին», հիմա դա չկա, իսկ Փաշինյանը խաղաղություն է մուրում:
  • Ալիևն անում է ամենացինիկ հայտարարությունը, ասում է՝ «Պառլամենտ, լուծարվի՛ր, նախագա՛հ, հանձնվի՛ր, հետո կորոշեմ՝ մյուսներին համաներե՞լ, թե՞ ոչ», ու դրանից հետո ԱՄՆ-ը ողջունում է Ալիևի այդ հայտարարությունը… Արևմուտքը թշնամի չէ․Արևմուտքը անում է այն, ինչ բխում է իր շահերից, ու ելնում է ռեալ քաղաքական իրավիճակից։
  • Պետք է մարդկանց հետ խոսել, բացատրել, որովհետև շատերը սխալմամբ մտածել են, որ կլինի խաղաղություն ու կայուն պայմաններ, ու իրենց ձայնը տվել են Փաշինյանին անգամ 2021թ.։ Իրենք խաբել են ժողովրդին, ասել են՝ խաղաղություն է լինելու, այդ խոստման դիմաց ստացել են իրենց 680.000 ձայները։ Մինչդեռ իրենց նախընտրական ծրագրում խոսք կար Արցախի ինքնորոշման մասին, և որևէ խոսք չկար նվաստացուցիչ պայմաններով «խաղաղության պայմանագրի» մասին։ Սա արդեն իսկ նշանակում է, որ ՀՀ վարչապետը, կառավարությունն ու Խորհրդարանը լեգիտիմ չեն։ Խորհրդարանը նույնպես լցված է դավաճաններով։
  • Նույնիսկ, եթե Հայաստանն Ալմա Աթայի հռչակագրով ճանաչեր Արցախի տարածքային ամբողջականությունը, դա չի նշանակում, որ Արցախը ներառվելու էր այդ տրամաբանության մեջ։ Չնայած դա էլ է մանիպուլյացիա Փաշինյանի կողմից, ու Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանը չի՛ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
  • Փաշինյանը չունի որևէ խոչընդոտ՝ դիմելու մանիպուլյացիաների, միայն թե հասնի իր նպատակներին, որոնց մեջ հայկական շահը տեղ չունի։
  • Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությունը կոպիտ ձևով խախտվում է։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանից (ՍԴ) որևէ ակնկալիք չկա, որովհետև այն վաղուց գրպանային ՍԴ է դարձել։
  • Այդ «անկլավներն» այսօր անկլավներ չեն․ դրանք ՀՀ տարածքներ են, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, իսկ ՀՀ տարածքի փոփոխությունը տեղի է ունենալու հանրաքվեով։ Չգիտեմ՝ ՍԴ-ն ինչ կմոգոնի, բայց կանի այնպես, որ որոշումը հաճո լինի Փաշինյանի կառավարությանը։
  • Այն քաղաքացիները, ովքեր գիտակցում են՝ մենք պետականություն ենք կորցնում, պետք է մասնակցեն ստորագրահավաքին, որով պահանջվելու է օրինագիծ ընդունել «Ադրբեջանի կազմում ճանաչելը» քրեականացնելու մասին։ Սա սահմանադրական մեխանիզմ է։ Մարդիկ հանրային, հասարակական ճնշմամբ պետք է փորձեն հասնել այս իշխանությունների հեռացմանը։
  • Պետք է լինի համախմբում, որպեսզի ժողովուրդը կարողանա դուրս գալ այս թմբիրից։ Շատերը տեսնում են՝ մենք կորցնում ենք պետականություն, բայց չենք տեսնում քաղաքական ուժերի կողմից գործողություններ։
  • Պետք է լինի քաղաքական առաջնորդություն, բայց դա առանց նպատակների ֆիքսման հնարավոր չէ իրականացնել։
  • Կա դրույթ, որ միջազգային պայմանագիրն առոչինչ է, եթե միջազգային պայմանագիրը կնքվել է ներպետական օրենսդրության կոպտագույն խախտումներով, բայց դրա վրա հույս դնել չի կարելիավելի շուտ գործելու է ռեալ պոլիտիկը։

  • Պետք է հիվանդությունը բուժել, ոչ թե փորձել հետ բերել այն, ինչն արդեն որպես փաստ՝ կատարվել է։
  • Պետք է օգտագործել թե Ազգային ժողովի, և թե փողոցային պայքարի հարթակները։ Ակնհայտ է, որ ընդդիմության կողմից կոպտագույն սխալ էր բոյկոտել ԱԺ նիստերը, հետո վերադառնալ։ Մանդատները վայր դնելուց որևէ օգուտ չկա․ դա մանկական խաղ է։ Ինչ-որ պահի մանդատները նույնիսկ կարող են օգնել։ Պետք է փողոցային պայքար լինի։
  • Խորհրդարանը պետք է մի կողմ դնել, մանդատներից չպետք է հրաժարվել, թող իրենք զրկեն։ Այսօր պայքարը փողոցում է։ Եթե մարդիկ դուրս չգան փողոց, չեմ կարծում, որ այս ընթացքը հնարավոր է կանգնեցնել։ Հայ ժողովուրդը պետք է ինքը գիտակցի, որ պետականությունը կորստի առջև է։
  • Ընտրություններ չկան և չեն էլ լինելու մոտ ժամանակներում։
  • Երբ Հայաստանը կստորագրի վերջնական կապիտուլյացիոն ակտը, այս Սահմանադրությունն իր բովանդակությունը կկորցնի, և որպես փաստաթուղթ՝ կլինի ոչինչ։ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո որևէ նշանակություն չի ունենալու՝ ինչ է գրված մեր Սահմանադրության մեջ։
  • Հիմա մենք 100 տարի առաջվա համեմատությամբ ավելի վատ վիճակում ենք այն առումով, որ մեր կողքին չկա այն արտաքին ուժը՝ Ռուսաստանը, որ կար։ Հայաստանը դավաճանել է Ռուսաստանին, և ակնկալել, որ ռուսը գալու է, մեզ պաշտպանի, միամտություն է։ Ռուսը չի պաշտպանելու ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը։ Նա այդ հնարավորությունը հիմա չունի էլ։
  • Պետք է թույլ չտալ ստորագրել այդ պայմանագիրը, որովհետև ստորագրումից հետո վավերացումը շատ արագ կկատարվի։
  • Սահմանադրությունը պետք է ծառայի ինչ-որ նպատակի, բայց եթե այդ նպատակը խեղաթյուրված է, ինքն ի զորու չէ իրեն պաշտպանել։ Եթե սահմանադրական բոլոր գործիքները սպառված են, ժողովուրդն իրավունք ունի թե ապստամբության, և թե հեղափոխության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս