Փաշինյանը դարձյալ մեղադրել է Օնիկ Գասպարյանին. «ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի»
168.am-ը մանրամասն անդրադարձել է, թե ինչ խմբագրումներ են կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ՝ կապված Լաչինի միջանցքի, ապաշրջափակման և Տավուշի հետ:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Հետքը» Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որոշ կետերի փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացրե՞լ է ռուսական կամ ադրբեջանական կողմին, և եթե հայկական կողմը խմբագրումներ արել է, ապա ո՞վ է աշխատել տեքստի վրա: Լրագրողը նաև նշելով, որ նախքան հայտարարության ստորագրումը քննարկում է տեղի ունեցել Փաշինյանի մոտ, ապա հարցրել է, թե ովքեր են ներկաներից դեմ եղել հայտարարության վերջնական տեքստին:
Այս հարցադրումներին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախքան 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը, Երևանի պնդմամբ՝ տեքստից հանվել է երկու դրույթ:
«Կետերից մեկը վերաբերել է անկլավներին, երկրորդը՝ ՀՀ տարածքով միջանցքին: Ավելին ասեմ՝ եղել են գործընկերներ, որոնք իմ այդ դիրքորոշումը չեն կիսել և ասել են՝ անկլավներով էլ ստորագրի: Այդ մարդկանց մի մասը, իհարկե, հետագայում մեզ դավաճանության մեջ է մեղադրել և հրաժարականը պահանջել: Բայց դա փաստ է: Մեր քաղաքական թիմի անդամներն ասում էին, որ պետք է ինստիտուցիոնալ որոշում լինի, որ երկրի ղեկավարի կաբինետում տեղի ունեցած բոլոր խոսակցությունները պետք է ձայնագրվեն, նաև հեռախոսային բոլոր խոսակցությունները: Ինչի՞ չի դա արվել, և այլն, և այլն: Դե, ինստիտուցիոնալ էնքան բան չի արվել: Ես ցավում եմ, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, արձանագրվել, այլապես շատ մարդիկ շատ բաներ խոսալու ոչ մի տարբերակ չէին ունենա»,- հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ հարցը քվեարկության չի դրել, որ պատասխանատվությունը, օրինակ, իր թիմի վրա չդրվի:
«Ես ասել եմ՝ այս բոլոր վեճերի, քննարկումների արդյունքում ես որոշում եմ կայացնում ստորագրել այդ թուղթը»,- ընդգծել է Փաշինյանը:
Հակադարձմանը՝ անկլավների և միջանցքի մասին կետերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հանելն իր միանձնյա որոշո՞ւմն է եղել, թե՞ քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանության նախարարության ԳՇ ներկայացուցիչների հետ, Փաշինյանն արձագանքել է՝ նման քննարկումներ եղել են:
«Քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ, ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի: Ես ասել եմ՝ չեմ ստորագրի»,- շեշտել է Փաշինյանը:
Ճշտող հարցին՝ ԳՇ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք, ԳՇ պետի՞ն, նա՞ է ասել, Փաշինյանը հիշեցրել է, որ այդ հարցին 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձել է:
«Աչաջուրում իմ ունեցած ելութը լսել եք, այնտեղ ես շատ մանրամասն դրա մասին խոսել եմ»,- եզրափակել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 11-ին նախընտրական մի հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Տավուշին վերաբերող կետով պայմանավորված՝ ինքը չի համաձայնել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ պատասխանելով ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը:
«Իրականությունը լրիվ հակառակն է: 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետև համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետև այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկը իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ինքն էր, որովհետև ինքն է այստեղ այն տարիներին պատերազմին մասնակցել ու ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել իրեն՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»,- հայտարարել էր Փաշինյանը 2021-ի նախընտրական հանդիպման ընթացքում:
Նշենք, որ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին նույն ժամանակահատվածում հիշեցրել էր.
«Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն, որպես դիվանագիտական հնարք՝ միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով»՝ այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:
Ավելի ուշ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն էր արձագանքել Օնիկ Գասպարյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այս մեղադրանքին:
«Հայտարարություն արեց, թե ինքը համաձայն չի եղել այդ անկլավների համար․․․ Ինքը համաձայնագրի տարբերակը, որ ուղարկել է, ես ուշ եմ իմացել, վերջում եմ տեսել, նախարարի հետ եմ այդ հարցը քննարկել։ Ասում եմ՝ անկլավները հրադադարի հետ ի՞նչ կապ ունեն, դա էլ մենք ենք ասել, որ գոնե դա հանի միջից»,- yerevan.today-ի հետ զրույցում մանրամասնել էր Տիրան Խաչատրյանը:
Հավելենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։ Եվ մեր այդ հրապարակումը, բնավ, անհիմն չէր:
Իրականում եռակողմ հայտարարության նախնական տարբերակի երկրորդ կետում նշված է.
«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»: Կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել էր եռակողմ հայտարարությունից, բայց ինչպես տեսնում ենք այսօր, դրան վերադարձ կարող է արվել մեկ այլ փաստաթղթով:
168.am-ը գրել էր «կարված» գործով Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը նաև Տավուշի գյուղերի հանձնման հետ է կապված:
Չմոռանանք, որ «Հրապարակ» թերթն էլ հրապարակել էր ինչ-որ սպայի գրություն, որտեղ նա հայտնել էր, որ Գրիգորի Խաչատուրովից ժամանակին ստացել են հրաման՝ «անհրաժեշտության դեպքում, հակառակ վերադաս հրամանատարության հրամաններին, չհանձնել ոչ մի բնակավայր, ամբողջական պահել տավուշյան սահմանագիծը»։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում ընդգծված տեղեկացրել է, որ անկլավների հարցի և ԳՇ-ի հետ իր քննարկումների մասին խոսելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում: Նախքան այդ կլինի՞ Օնիկ Գասպարյանի արձագանքը, սպասենք իրադարձությունների զարգացմանը: