Մեր կադաստրի թուղթը Սահմանադրությունն է, որով մեր սերունդներն ապրում են պապական տանը և այն ժառանգելու են հետնորդներին․ Հրանտ Թոխատյան
Ցնորամտություն է ասելը, թե մենք այստեղ տնվոր ենք, մեր պապերն ու հայրերը մեր երկրում ու քաղաքում որպես տնվոր չեն ապրել, մեր որդիներն էլ իրենց տանն ու երկրում են ապրում, ունեն հզոր կադաստրի թուղթ, որը ժառանգաբար ստացել են պապերից։ Արարա՞տ, թե՞ Արագած, կադաստրի թուղթ, «Արցախն Ադրբեջան է» և նման այլ արտահայտությունները բերում են կոնկրետ հոգեվիճակի, մտային խախտման, երբ ավելի քիչ գիտելիք ունեցող մարդն իրապես կմտածի՝ մենք իրո՞ք վարձով ենք ապրել, հարևաններն էլ մեծահոգաբար կասեն՝ դեռ մնացեք։ Դա անհեթեթություն է, կադաստրի թուղթը մեր Սահմանադրությունն է՝ անկախ նրանից՝ լա՞վն է, թե՞ ոչ։ Մեր բնակարանների կադաստրի թղթերն էլ երբեմն կատարյալ չեն, բայց դա մի թուղթ է, որով սերունդներն ապրում են իրենց պապական տանը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:
«Վաղը կգտնվի մեկը, որը մեր տան համար ավելի մեծ գին կտա, և մեզ դուրս կհանեն՝ որպես տնվորի, այլ մեկին կբերեն։ Մեզ ասում են՝ այլոց ունեցվածքին եք աչք դրել, Արարատը մերը չէ։ Մենք չենք ընտրել վարձով ապրելը, իսկ Արարատին չենք նայում՝ որպես այլ պետության տարածքում գտնվող լեռան։ Սերունդներ են մեծացել Արարատի հայացքի ներքո։ Երբ մարդիկ տուն են փնտրում, հարցնում են՝ Արարատին նայող պատուհան կա՞, դա ձևականություն չէ, հոգու կանչ է։ Շատ հանճարներ, գրողներ, պոետներ, նկարիչներ, կոմպոզիտորներ հիմար բաներո՞վ են զբաղվել, որ գովաբանել են Արարատը, ո՞ւմ հետ են ոտք գցում։ Անգամ խորհրդային կարգերի ժամանակ ՀԽՍՀ զինանշանի վրա կար Արարատը, և մեծն Արամ Խաչատրյանն օրհներգ գրելիս նախ զինանշանն է ուսումնասիրել։ Իսկ Խաչատրյանն օտարամոլ չէր և ուրիշի լեռը չէր գովերգում։ Այլ հարց, որ մեր երեխաներին պիտի գիտելիքը մատուցենք այնպես, որ մեր հայրենիքի ամեն անկյունն էլ իմանան, և այդ շարքում նաև Արարատն է՝ մարդկության օրրանը»,- ասաց արվեստագետը:
«Նյութապաշտությունը կերել է մեր հոգին, ուղեղը, և այն մարդիկ, որոնք որդեկորույս մայրերին պետական աջակցությունը ներկայացնում են որպես լավություն, դատապարտելի են։ Երբ սգավոր մայրերը նստացույց էին անում Հանրապետության հրապարակում, մի քանի տասնյակ մետր այն կողմ էլ երգող շատրվանների շուրջ բազմահազարանոց ժողովուրդ էր։ Այդ խրախճանքի մեջ գտնվող մարդկանց պետք է հարցնել՝ ձեր խիղճն ինչպե՞ս է հանգիստ լսում Շառլ Ազնավուր, երբ ոչ հեռու՝ մայրերը նստած են ողբի մեջ, նրանցից մեկն էլ կալանքի տակ է։ Մոտեցեք նրանց, ցավակցեք, սփոփանքի խոսք ասեք, մի շիշ ջուր տվեք։ Այս անտարբերությունը որտեղի՞ց մեր մեջ։ Երգչախմբի առաջին ձայներն այսօր ասում են, թե մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, կամ էլ՝ 11 հազար դասալիք ունենք, երբ զոհերի, վիրավորների ու գերիների թիվ չեն ասել»,- նշեց Թոխատյանը:
ՀՀ ժողովրդական արտիստի պնդմամբ՝ պետք է հասկանալ, թե ո՞վ է հաշվել այդ դասալիքներին, Աննա Հակոբյանը նրանց մեկիկ-մեկին հաշվե՞լ է. «Այդ կինն իրեն թույլ է տալիս իմ կնոջ մասին ասել, թե նա երջանիկ չէ։ Դու ո՞վ ես, որ համարես, թե իմ կինը երջանիկ չէ։ Դու քո երկրի մասին ես այդպես խոսում, իսկ դա արդեն բարոյալքում է։ Դա երիտասարդներն են լսում, ուսուցիչները, որոնք հետո նույն խոսքերն են կրկնում։ Ուսուցիչներն այնպիսի անհեթեթություններ են խոսում, որ զարզանդում ես՝ հիշելով, որ նա վաղն առավոտյան պիտի դպրոց մտնի ու աշակերտների հետ զրուցի։ Անընդհատ ասում են՝ կանայք դժբախտ են, հներն այս երկիրը կերան։ Հների մեջ են նաև Քոչինյան, Զարոբյան, Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան ազգանունները։ Ամեն մեկը յուրովի ինչ-որ բան է արել երկրի համար։ Չի կարելի ժխտել ամեն ինչ, ընդգծի՛ր լավը, պախարակի՛ր վատը։ Հայկոն ի՞նչ խղճով է գիշերները քնում կամ բարձրանում բեմ, չէ՞ որ այդ սև-սպիտակը նա բերեց։ Երբ մի քիչ հասուն դառնա, խելք հավաքի, կհասկանա, թե ինչ արեց այդ արտահայտությամբ։ Երբ նման բանն ասում է հանրային ճանաչում ունեցող և սիրված մարդը, դա սկսում է ընկալվել և հաստատվել»:
«Երբ երկրի համար ինչ-որ մեծ հարցեր են արծարծվում, կողքից միշտ անհասկանալի ու քրեածին պատմություն է հայտնվում, հիմա էլ թմրանյութի պատմությունն է շրջանառվում։ Ի՞նչ եղավ այդ երեք տոննա կոկաինը, ո՞վ էր ստանում այն։ Բա հասարակությունը չիմանա՞ այդ հարցերի պատասխանները։ Իսկ սսկված մնալու արանքում մի ամբողջ երիտասարդ սերունդ կարող է կործանվել։ Պատկերացնո՞ւմ եք՝ այդ քանակի թմրանյութ է մտնում երկիր։ Իսկ այն սերունդը, որը կնստի թմրանյութի վրա, վերջնականապես կկործանի մեր երկիրը, քանի որ նրա համար ոչ թե երկիրն է կարևոր, այլ իր դեղաչափը»,- ամփոփեց Հրանտ Թոխատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։