Նիկոլը Վաշինգտոն կամ Մոսկվա գնալով՝ Հայաստանի խնդիրը չի լուծում. Նպատակը սեփական կաշին և աթոռը փրկելն է. Արտակ Զաքարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
• Ադրբեջանն ուզում է Հայաստանի ապագայի և ներկայի բոլոր հնարավորություններն ու ռեսուրսներն իր տիրապետության տակ վերցնել: Հայաստանին նսեմացնելու գնով օգտագործում է իր բոլոր հնարավորությունները բանակցող կողմին ջախջախելու համար: Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից առաջ տեղի ունեցան Տեղ գյուղի դեպքերը, հիմա էլ՝ բյուսելյան հանդիպումից առաջ Սոթքում մեր դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցները… Սոթքի հանքերն Ադրբեջանի համար թիրախ են դարձել, վաղն էլ կարող է Ամուլսարը թիրախ դառնալ:
• Ադրբեջանը չափից շատ սխալներ է արել այս վերջին երեք տարիներին՝ հետպատերազմյան շրջանում, և Ադրբեջանի բախտը բերում է միայն նրանով, որ Հայաստանում տգետ ու դավաճան իշխանություն է, Ադրբեջանը շարունակում է օգտվել դրանից։ Ալիևը չափից դուրս շատ սխալներ է իրականացրել, որից Հայաստանի քիչ թե շատ խելացի իշխանությունները կօգտվեին և կարող էին նույնիսկ արմատապես փոխել իրավիճակը։ Չեն անում, դրա համար էլ մենք մեզ իրավունք են վերապահում փաստեր ու հիմքեր ունենալով, ամուր, հիմնավոր ենթադրություններ ունենալով, ասել, որ սրանք իրականացնում են թուրքերի քաղաքականությունը, սրանք ծառայում են թուրք-ադրբեջանական տանդեմին, թշնամական քաղաքականության և շահերի կրողներն են և ոչ միայն կրողները, այլև իրացնողները։
• Ադրբեջանն օգտվում է նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից, Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններից:Իսկ բանակցություններին մասնակցող միջնորդ երկրներից յուրաքանչյուրը տարածաշրջանում իր շահերն ունի և յուրաքանչյուրը խաղում է պղտոր ջրում ձուկ որսալու իր խաղը:
• ԱՄՆ-ին ընդհանրապես չի հետաքրքրում՝Հայաստանի վրա կհարձակվե՞ն, թե՞ ոչ: Նույնը ԵՄ-ին, Մեծ Բրիտանիային, և այս ամենը կատարվում է տարածաշրջանի ռուսական վերահսկողության գոտում, և նպատակը մեկն է՝ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից: Ստեղծված իրավիճակի պատճառը Նիկոլ Փաշինյանն է:
• Մենք ունենում ենք մարդկային զոհեր, կորցնում ենք տարածքներ: Մեղավորը մենք ենք, որովհետև մինչև հիմա իշխանության ենք պահում քաղաքական տգետների, որոնց վարած քաղաքականության հետևանքով բանակից զոհեր ենք տալիս, ու հետո նույն այդիշխանությունները ոգևորված հայտարարում են, թե թշնամու բոլոր քայլերը նախապես հաշվարկված են, այնինչ մինչ օրս ոչ մի դիրքորոշում չեն կարողանում ձևավորել և նույնիսկ չեն կարողանում հասկանալ թշնամու հաշվարկները:
• Մայիսի 14-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Բրյուսել բանակցությունների է գնում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:Սա ողբերգություն է: Նա համարվում է Ադրբեջանի հետ Հայաստանի ստվերային բանակցողը:
• Ըստ որոշ տեղեկությունների՝ Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետԲրյուսելում հանդիպումից առաջ նախապատրաստական աշխատանքներ է կատարելու խաղաղության համաձայնագրի ուղղությամբ:
• ԱԺ ունե՞նք, թե՞ չունենք՝ Աստված գիտի, հասկանալի չէ, թե ինչի համար է խորհրդարանում այդ հավաքը պահում, կառավարության նիստերը ծաղրուծանակի են վերածվել՝ ասֆալտ, մանկապարտեզ…
• Մենք չենք կարողանում ճիշտ գտնել մեր վերականգնողական ռեսուրսները, իսկ ռեսուրսներ,իհարկե,ունենք։ Սա այլևս չի կարելի հանդուրժել:
• Անցյալ տարի սեպտեմբերին հրապարակվեց Վաշինգտոնում Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ մշակված փաստաթուղթ, որի համաձայն՝ Հայաստանը հրաժարվում է Արցախից, արցախահայությունը մնում է որպես էթնիկ խումբ Ադրբեջանի վերահսկողության ներքո,Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորում և Ռուսաստանից հրաժարում:
• Արևմուտքի շահը մեկնէ՝ Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, իսկՀայաստանը ունի՞ հաշվարկ, թե այս զարգացումներից հետո արդյո՞ք կարող է պահպանվել մեր պետությունը: Չունի, որովհետև այս դեպքում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է:
• Հակասություններ, ճնշումներ… այս լարված իրավիճակում ի՞նչ պետք է բանակցեն Հայաստանի գոյություն չունեցող կառավարության հետ, որի ղեկավարի նպատակը սեփական կաշին և աթոռը փրկելն ու ստորաքարշ գոյությունը երկարաձգելն է:
• Հստակ չէ նաև, թե ի՞նչ է ուզում Ռուսաստանը։
• Եթե Արևմուտքի շահը հստակ երևում է, միակ նպատակը երկրորդ ճակատ բացելն է տարածաշրջանում, ապա Ռուսաստանը, բնական է, դա չի ցանկանում:
• Անկախ նրանից՝ ով՝ ինչ է շահելու, տուժելու ենք մենք: Ցանկացած պատերազմ լինելու է Հայաստանի տարածքների վրա:Պետք է հասկանալ՝ ով՝ ինչ է առաջարկում, Ռուսաստանը մեր միակ անվտանգային երաշխիքն է, լավն է, թե վատն է՝ այլ երաշխիք չունենք։Բացի սիրուն խոսքերից, եվրոպական ժպիտներից ու շողոքորթություններից, ուրիշ բան չունենք
• Եթե հարաբերությունները Ռուսաստանի հետ վատ է, ապա դրանց կեսի չափով մեղավորն ու պատասխանատուն Հայաստանն է՝ ի դեմս իշխանությունների:
• Ռուսաստանի հետ այս իշխանությունների վարած քաղաքականությունը ևս հասկանալի չէ: Նիկոլը Ռուսաստան գնում է միայն այն դեպում, երբ իրեն պետք է իշխանություն պահել։ Նիկոլը ոչ Վաշինգտոնի հետ բանակցելիս
և ոչ էլ Ռուսաստան գնալով՝ Հայաստանի խնդիր չի լուծում, նա միայն իր անձնական խնդիրներն է լուծում:
• Որպես քաղաքականության մեջ գտնվող քաղաքական ուժեր և ներկայացուցիչներ, մենք անընդհատ հետևում ենք պրոցեսներին, լուծումներ ենք տեսնում, լուծումներ ենք առաջարկում, բայց մենք ընդամենը 5 տոկոս ներկայություն ունենք ԱԺ-ում, դրանով ոչինչ անել չենք կարող այս պահի դրությամբ։ Դրա համար ասում ենք՝ հարգելի քաղաքացիներ, տվեք հնարավորությունը քաղաքական այն ուժերին, Հանրապետական կուսակցության մասին չէ խոսքը, այն քաղաքական միավորներին, ովքեր ի զորու են տալ լուծումներ և լինել պատասխանատու այս իրավիճակի համար։ Եթե դուք հոգնել եք, հիասթափվել եք կամ ապատիայի մեջ եք, դա չի նշանակում, որ պետք է վտանգի տակ դնեք նաև ձեր ֆիզիկական գոյությունը։ Լավ, չե՞ք հետաքրքրվում քաղաքականությամբ, գոնե հասկացեք, որ սրանք մեր պետության համար քաղաքական թշնամիներ են։ Մենք այսօր մեկ օրակարգ ունենք՝ իշխանափոխություն Հայաստանում, որովհետև վտանգը մեր մեջ է, մինչև մեր միջի վտանգը չվերացնենք, արտաքին վտանգը չենք վերացնի, որը շատ լավ տեսնում, հասկանում ենք, նույնիսկ գիտենք դրանից խուսափելու եղանակները, բայց այն մեխանիզմները, որով պետք է խուսափենք, շահենք, առաջ գնանք, ապահովենք մեր պետության, մեր քաղաքացիների անվտանգությունը, մեր բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմագրավենք, այդ մեխանիզմները վտանգի տակ են, այսինքն՝ կառավարությունը, իշխանությունը գտնվում է հենց այդ վտանգավոր միավորի տակ։ Մեր հնարավորությունները, որպես ընդդիմություն, սահմանափակ են,խոսում ենք, բարձրաձայնում ենք վտանգների մասին, նույնիսկ այնքան շատ ենք արել, որ մարդիկ ասում են՝ դե լավ, միայն խոսում եք, բա ի՞նչ անենք: Բայց այդպես ասողները պետք է հասկանան, որ ընդդիմությանը տվել են միայն խոսելու հնարավորությունը։ Իսկ այս իրավիճակում ո՞վ պետք է հարցերը լուծի, եթե այս վարչախմբին տվել եք բոլոր հնարավորությունները, բայց նրանք հարցերը լուծում են՝ ի վնաս հայ ժողովրդի, հայ զինվորի, Հայաստանի բանակի։Մենք ունենք մեկ օրակարգ՝ իշխանափոխություն Հայաստանում: Առաջին հերթին պետք է ազատվել ներքին վտանգից:
• Քաղաքական համակարգում ռևանշ պետք է լինի պետության շահերի տեսանկյունից, այո՛, Ադրբեջանը ճիշտ է անում, որ վախենում է հայկական ռևանշից։ Իսկ Ադրբեջանը ռևանշո՞վ չի եկել-հասել Շուշի, ռևանշով է, չէ՞, հասել։ Եթե Ադրբեջանում ռևանշիստական տրամադրություններ չլինեին, վաղուց Ադրբեջանը հանձնված կլիներ, հայկական զորքն էլ մինչև Քուռ-Արաքսի ափեր հասած կլինեին։ Ռևանշն է այդ հնարավորությունը տվել Ադրբեջանին նորից ոտքի կանգնելու, եթե այդ հնարավորությունը չլիներ, ապա 1993 թվականին արդեն Ադրբեջանը վարի գնացած կլիներ՝ ներսից քանդված վիճակում։ Քաղաքական ռևանշն ամենակարևոր բանն է, դրանից հրաժարվելը նույնն է, որ մարդուն ասեն՝ դե լավ, կյանքի համա՞ր ես պայքարում, չե՞ս ուզում մեռնես։ Այսինքն՝ մենք հիմա այն վիճակում ենք, որ մեզ հենց ռևանշ է պետք, որ ապրենք, զարգանանք, իսկ այս հիմարներն Ալիևի ջրերն ընկած կրկնում են՝ ռևանշիստներ։ Այո, ռևանշիստներ, բայց ազգային ծրագրերի, ազգային պետություն ունենալու, ոչ թե բոսյակի և ստորացվածի նման այս տարածաշրջանում հաց ու ջուր ուտել և դրանով ավարտես, այսպես ասած, կենսաբանական գոյությունդ. չի լինելու նման բան, մենք ունենալու ենք լավ պետություն։
• Սերժ Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ինչպես որ մատնանշել է՝ խոշոր ուժերի հետ քաղաքական մրցապայքարն է բերել իրավիճակին, որտեղ հնարավոր են դարձել 2018 թվականի զարգացումները։
• Սերժ Սարգսյանն արդեն նորընտիր վարչապետի կարգավիճակում պաշտոնից հրաժարվել է, իմ կարծիքով՝ բացառապես երկու պատճառով։ Առաջինը, որ Հայաստանում քաղաքացիական բախումներ չլինեին և արյուն չթափվեր, և երկրորդ, գլխավոր պատճառը՝ Արցախի խնդիրն էր։ Հայ մարդը չէր էլ կարող երբևէ պատկերացնել, որ համաժողովրդական ալիքով իշխանության եկած մարդը կարող է Արցախի նկատմամբ նման ստոր և դավաճան վերաբերմունք ունենալ։ Հետևաբար, որպեսզի Հայաստանի հաջորդ իշխանության դիրքերը չթուլանան Արցախի, անվտանգության հարցերով հետագա բանակցություններում, որպեսզի հաջորդ իշխանության դիրքերն ամուր լինի, կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը կայացրեց ճիշտ որոշում և հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Կրկնում եմ՝ առանց ուժ կիրառելու, թեկուզև ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ուներ, և այլն։ Սա ժողովրդի կամքն էր և մեր երկրում ժողովրդավարությունը բերել-հասցրել էր այդ կետին, որ հնարավոր եղավ ժողովրդավարական եղանակով, հանրային պահանջով կատարել իշխանափոխություն։
• Հիմա որոշ շրջանակներ մեզ մեղադրում են, թե Նիկոլին դուք եք բերել։ Պատկերացրեք, 2018 թվականն է, հունիս կամ հուլիս ամիսը, ձեր տաղավարում հարցազրույցի ժամանակ ես հայտարարում եմ, որ Նիկոլին մենք ենք բերել, ի՞նչ կկատարվի ինձ հետ… Բոլորը կսկսեին ինձ մեղադրել, թե դուք ո՞վ եք, որ Նիկոլին բերեք, ժողովուրդն է բերել, կասեին՝ այս ի՞նչ հիմարություններ ես խոսում, 2018 թվականին եթե նման հայտարարություն անեի՝ առնվազն ինձ կքառատեին։ Անցել է 5 տարի, այսքան ողբերգություններից հետո բոլորն արդեն ուզում են հրաժարվեն Նիկոլից, Նիկոլը դարձել է սև խոռոչ, չարիք, և այդ չարիքի հետ ոչ մեկը չի ուզում գործ ունենա, ասում են՝ հեռու ինձանից, ո՞վ է բերել, Հանրապետականը բերած կլինի, գցեք Սերժ Սարգսյանի, Հանրապետականի գրպանը… Եղբայր, այն, որ Նիկոլը չարիք է, դա բոլորս գիտենք, հիմա ժամանակը չէ՝ քննարկել, թե ով է բերել, ով չի բերել, դրա համար կա իշխանափոխություն, դրան հաջորդող գործընթացներ, փաստեր, արխիվներ, մարդիկ, վկաներ, կադրեր։ Ում հետաքրքիր է, թե այս չարիքն ինչպես է պատահել հայ ժողովրդին, հանգիստ կարող է տրամաբանական կարճ վերլուծությամբ դա հասկանալ։ Հիմա մենք այս չարիքից, փորձանքից պետք է դուրս գանք, եթե այս փորձանքի մեջ սկսենք քննարկել երկրորդական, երրորդական հարցեր, ապա մենք ընդդիմության համախմբման մասին անգամ չենք կարող երազել։
• Ընդդիմությունը պետք է համախմբվի, շատ լավ է, որ բոլորը հասկացել են՝ Նիկոլը չարիք է և ուզում են սրա-նրա գրպանը գցել, հասկացել են նաև նրանք, որոնք գնացել էին Նիկոլի միտինգին «դըմփ-դըմփ-հու» էին անում ու ուրախացել էին, որ Հանրապետականը գնում է իշխանությունից։ Հանրապետականը Նիկոլին չի բերել, չէր կարող բերել և նույնիսկ նման երևակայական ծրագիր երբևէ չէր էլ կարող ունենալ։ Մենք Նիկոլի գալուց հետո, հաջորդ օրն արդեն աղաղակում էինք, որ չարիքը եկել է, որ այդ հեղափոխությունն իրականում Արցախի մասին էր, արժեքային համակարգի մասին էր, անվտանգության, արտաքին քաղաքականության մասին էր…
• Ո՞վ էր պայքարում Նիկոլի դեմ 2018 թվականից, արյունահեղությունը կանխելու համար քաղաքական ֆրակցիան առաջին անգամ ԱԺ-ում նրան մերժեց, երկրորդ անգամ ասեց՝ լավ, եթե շատ են ուզում, գլուխները քարը, թող գնան, իրենց ուզածով լինի, միայն թե արյուն չթափվի… Մի քանի հոգի մեր ֆրակցիայից գտանք, խնդրելով, համոզելով, որ սրանց ձայն տան, որպեսզի ժողովուրդը տուն գնա և արյունահեղության չվերածվի, քանի որ տեղեկություն կար, որ իրենց բերած դրսի ուժերը՝ Արևմուտքի հետ կապված սորոսամերձ ուժերը և այլն, պատրաստ էին նաև արյունահեղության։ Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը արյունահեղության միջոցով կամ բախումների միջոցով պահեր իշխանությունը, ապա այդ իշխանության լեգիտիմությունն այնքան թուլացած էր լինելու, որ նա ոչ Արցախի, ոչ Հայաստանի շահերը պատշաճ չէր կարողանալու պաշտպանել։ Հետևաբար, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որևէ մեկը որևէ հարցում իրավունք չունի մեղադրելու, որովհետև նա անձնական հաշվարկներով չի առաջնորդվել, նրա ցանկացած հաշվարկի հիմքում եղել է պետության շահը՝ Արցախի, Հայաստանի շահը, Հայաստանի դիրքերի, միջազգային հեղինակության, սփյուռքի շահերը։ Այս շահերի վրայով միայն Նիկոլը կարող է անցնել՝ հանուն իր մորթու կամ կաշվի։
• Նիկոլը մինչև գործարքի գնալը, կարծում եմ՝ գործարքի գինը գիտեր, իր բնավորության համաձայն՝ մտածել է, որ կարող է այդ գործարքը շեղի, ինչպես ասում են՝ իրեն գժի տեղ դնի, բայց աշխարհն էլ ասաց՝ մենք քեզ տեսարաններ սարքեցինք, բերեցինք իշխանության, հիմա դու ասում ես՝ այսպես չէ, այնպես է, դե գնա պատերազմով, և գնաց այդպես։
• Պատմության մեջ հայ ժողովուրդը միշտ տուժել է քաղաքական միամտության և անհեռատեսության պատճառով։
• Ժիրայր Լիպարիտյանի միակ նպատակը Նիկոլի դավաճանությունը մաքրելն էր։ Չի՛ կարելի Նիկոլի կաշին փրկելու համար էս ժողովրդի սրբությունը գցել ոտքի տակ։
• Ելքը իշխանափոխությունն է, դրանից հետո առաջին հերթին հասարակությանը միավորելու երկարաժամկետ պրոցես պետք է սկսել, համերաշխությամբ լուծել բոլոր խնդիրները:
• Հանդուրժողականության միջավայրը մեզ շատ է պետք, երկրում հավատի, վստահության վերականգնման խնդիր ունենք։
• Հանրային համերաշխություն, կոնսոլիդացիա, ազգային ռազմավարական նոր ծրագիր՝ մեր ազգային շահերին համահունչ մոդելով։ Արցախի հիմնախնդրի առումով պետք է պահել եղածը՝ ինչքան հնարավոր է, ամեն ինչ անել, որ Ռուսաստանը դուրս չգա Արցախից։
• Նոր աշխարհում պետք է կարողանանք այնպես անել, որ մեր տեղն ունենանք ու մեզ կոմֆորտ զգանք,Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում:
• Ընդդիմության խնդիրն ընդդիմության ներսում է, «ոչ նախկին, ոչ ներկա» թեզը կեղծ է: Մերխնդիրն ընդդիմության իրական բազան հանրությանը ներկայացնելն է։
• Վախեցած ապրելով չեն զարգանում, մենք պետք է վերականգնենք մեր ուժերի հանդեպ վստահությունը՝ հանուն վաղվա օրվա։