Խոսքեր պետք չեն քաղաքացուն. քաղաքացուն հայրենիք է պետք, երկիր է պետք, քաղաքացուն գործ է պետք. Լևոն Ջավախյան

Այսօր Հայաստանի «հպարտ» քաղաքացին, «երջանիկ անհատը» կնշի իր տոնը՝ «Քաղաքացու օրը»: 2019 թվականին «թավշյա» իշխանությունները որոշեցին քաղաքացուն անմասն չթողնել իրենց սիրուց, խոնարհումից ու նվիրեցին այս տոնը:

Ու մինչ Արցախում ապրող ՀՀ քաղաքացին պայքարում է ադրբեջանաթուրքական ցեղասպան քաղաքականության դեմ, մինչ սահմանամերձ գյուղերում քաղաքացիները շարունակում են արթնանալ ու քնել կրակոցների տակ, մինչ թշնամու բանակն անվրդով գրավում է մեր սուվերեն տարածքը, մինչ գերիները մաքառում են ադրբեջանական բանտերում, մինչ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պատերազմից 3 տարի անց պահանջում են իրենց զավակների մասունքները, մինչ… այսօր պալատական սազանդարները տոնը նշանավորելու են քաղաքացու իրենց պատկերացումն իրենց հետևորդներին հրամցնելով։

Արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանի համար այս տոնը հնարովի է ու անբովանդակ:168.amի հետ զրույցում նա մասնավորապես շեշտեց.

«Իրենց կուսակցության անունը «Քաղաքացիական պայմանագիր» է, և դրանով իսկ իրենք հնարել են այս տոնը, որը, իրականում, սուտասանության տոն է: Իրենց համար դա Ապրիլ 1-ի նման բան է, որ ասեն՝ ժող ջան, հարգված, հպարտ ժողովուրդ, ու խաբեն, խաբեն: Խոսքեր պետք չեն քաղաքացուն. քաղաքացուն հայրենիք է պետք, երկիր է պետք, քաղաքացուն գործ է պետք: Թող մեկը լալ լինի, բայց քաղաքացու համար գործ անի: Քաղաքացու օրը ամեն օրն է. ամեն օր պետք է ամեն մեկն իր տեղում քրտնաջան աշխատի, ամեն ինչ ասելով չի՝ ես սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ… Խոսքով կարող եմ հենց այս պահին թռչեմ Սիրիուս կամ Լուսին, գործ է պետք, գործ»:

Կարդացեք նաև

Հրապարակախոսն այս համատեքստում նկատեց նաև, որ վարչապետի պաշտոնը վայելք չէ, այլ պատասխանատվություն, և ամեն մարդ իր գործը պետք է անի:

«Այս իշխանությունն իրենց հագով չէ, այս կոստյումն իրենց հագով չէ. դրա համար էլ այս օրին ենք: Այս իշխանությունը նաև ցույց տվեց, որ Օքսֆորդում, Հարվարդում, Պոլսում ուսանելը դեռևս նշան չէ, որ նրանք պատրաստ են գործին:

Ու քիչ է՝ իշխանությունն իրենց հագով չէ, իրենք ծրագրավորված են եկել. ինչ-որ ծրագիր են իրականացնում, ընդ որում, հակահայկական ծրագիր, որը գլոբալիզացիայի անվան տակ է իրացվում. ժողովրդին արմատներից հեռու պահել, պատմությունը վերախմբագրել, հեռացնել ավանդույթներից, մի մսաղացի մեջ մտցնել, որտեղ հայի ինքնությունը կկորչի»,- պարզաբանեց նա:

Լևոն Ջավախյանը համոզված է՝ «Քաղաքացու օրն» այն կլինի, երբ Արցախն ինքնորոշվի, սահմաններն ապահով լինեն, աշխատավարձերն ու թոշակն ավելացվի, օրենքն ու արդարությունը պահպանվի, մարդու իրավունքները պաշտպանվեն:

Տեսանյութեր

Լրահոս