«Ադրբեջանցիները Ջերմուկից քանի կմ-ի վրա են, բա դա խայտառակություն չէ՞». Սերժ Սարգսյան (2021թ.)
Ես նոր, որպեսզի իմ տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ, ասում եմ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են. 10 կմ հեռավորության վրա: Բա դա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել այդպիսի բան. 10 անգամ ավելի հեռու էին: Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում: Իսկ ո՞վ է ասել, որ այդ 10 կիլոմետրը չի դառնալու 2 կիլոմետր: Այս մասին դեռեւս 2021-ի հունիսի 6-ին Ջերմուկում իր հանդիպման ժամանակ ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Սա խնդիր է, որը դեռևս չի ավարտվել, և ինչքան այս ստախոսները, այս կապիտուլյանտները մնան իշխանության, միշտ էլ կարելի է ցանկացած անակնկալ սպասել: Ցանկացած»,- նշել էր նա:
Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն այսօր հիշեցրել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը՝ տեղադրելով այդ օրվա հանդիպումից մի հատված։
Նշենք, որ արդեն սեպտեմբերի 13-15-ին Ադրբեջանի վերջին հարձակումից հետո, թշնամու զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա.
«Այս ուղղությամբ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- սեպտեմբերի 16-ին հայտարարել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։