32 միլիոն դրամի ծախս, որպեսզի ՀՀ քաղաքացիները վերջապես իմանան իրենց նախագահի անուն-ազգանունը

Կառավարությունն այսօր որոշեց 32 միլիոն դրամ ծախսել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գրասենյակի համար լուսանկարահանման, տեսանկարահանման և մոնտաժման բավարար որակի տեխնիկա ապահովելու համար։

Ամենից զավեշտալին այն է, որ նախագծի մեջ գրված է, թե «շահագործվող որոշակի տեխնիկա, սարքեր և սարքավորումներ աշխատում են խափանումներով, չեն բավարարում ներկայիս տեխնիկական կամ ծրագրային պահանջներին, ինչի պատճառով Հանրապետության նախագահի աշխատակազմն իր գործառույթների իրականացման ընթացքում հանդիպում է խնդիրների»:

Իսկ թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ գործառույթ է իրականացնում ՀՀ ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Տեղյա՞կ է արդյոք ՀՀ նախագահը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի մեծ զանգված պարզապես չի հիշում անգամ, թե ինչ է ներկայիս նախագահի անունը։

Կարդում ենք ՀՀ նախագահի լիազորությունների ցանկը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածով.

Կարդացեք նաև

1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Եկե’ք լինենք անկեղծ։ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնավարումը սկսել է 2022թ. մարտ ամսից, սակայն իր պաշտոնավարման այս ժամանակահատվածում եղե՞լ է արդյոք գեթ մեկ օր, երբ ըստ ՀՀ Սահմանադրության  պետության գլուխ հանդիսացող նախագահը կատարի իր հիմնական գործառույթները։

Վահագն Խաչատուրյանը պարզապես ֆորմալ ֆիգուր է ՀՀ պետական դաշտում՝ զրկված պետական կառավարման համակարգում որևէ կարևոր գործառույթ իրականացնելուց։ Նրան միայն վերապահված է, կամ, կարելի է ասել, «թույլատրված է» իրականացնել ներկայացուցչական գործառույթ։ Սակայն այստեղ էլ Վահագն Խաչատուրյանը զերծ չի մնացել թերացումներից։ Թերևս ամենացցուն օրինակն այն է, որ կրկին, եթե հղում անենք ՀՀ Սահմանադրությանը, ըստ որի՝ ՀՀ նախագահը պետության գլուխն է, ապա վերջինիս կինը տրամաբանորեն և օրենքով պետք է հանդիսանա երկրի առաջին տիկինը։ Սակայն ի՞նչ ենք տեսնում մեր իրականության մեջ։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն որոշեց, որ պետության «գլուխն» ինքն է, իսկ «առաջին տիկնոջ տիտղոսը» իրեն է վերապահել Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ով հնարավոր բոլոր միջոցներով օգտվում է այդ տիտղոսից ու միջազգային հարթակներում ներկայանում հենց այդպես։

ՀՀ նախագահից ակնկալվում է, որ վերջինս պետք է հետևի ՀՀ Սահմանադրության պահպանմանը, սակայն Վահագն Խաչատուրյանն այստեղ էլ է ձախողել՝ նախընտրելով իներտ դիրքորոշում բռնել՝ չխոսել, չմեկնաբանել, աննկատ մնալ։ Քանի՞ անգամ են իր պաշտոնավարման ընթացքում եղել Սահմանադրության ոտնահարման դեպքեր, սակայն դրանցից ոչ մեկի ժամանակ հանրությունը չլսեց Վահագն Խաչատուրյանի դիրքորոշումը։ Իր Սահմանադրական գործառույթները վերջինս իրականացնում է՝ զուտ միայն Փաշինյանի ու կառավարության կողմից ներկայացված ու նախընտրելի նշանակումների ու ազատումների հրամանագրերի տակ ստորագրություններ դնելով։ Խոսվեց Վահագն Խաչատուրյանի ներկայացուցչական գործառույթների մասին։

Հնարավոր չէ մինչ օրս մոռանալ այն խայտառակ արարողակարգային սկանդալը, որի կիզակետում հայտնվեց նա Մեծ Բրիտանիայում, երբ Մեծ Բրիտանիայի առաջատար ու հեղինակավոր ԶԼՄ-ները ֆիքսել էին Խաչատուրյանին ՄԲ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվելիս՝ մի վայրում, որտեղ գործում է լուսանկարվելու խիստ արգելքի քաղաքականություն։

Բրիտանական լրատվամիջոցները, որոնց թվում են հեղինակավոր «Daily Mail»-ը և «The Sun»-ը, գրել էին նաև, որ ՀՀ նախագահը ոչ միայն լուսանկարվել է, այլև Վեսթմինսթերյան պալատում իր շրջապատի հետ ծիծաղել է, կատակել ու բարձր շատախոսել՝ առաջացնելով ներկաների զարմանքը։ Ընդ որում, Վահագն Խաչատուրյանին լուսանկարել է նրա օգնականը, երբ վերջինս կանգնած է եղել դագաղի մոտ։ Դրա՞ համար է հիմա նախագահի գրասենյակը 32 մլն դրամ գումար ծախսում, որ հերթական սկանդալը լուսանկարահանեն կամ տեսաձայնագրեն ոչ թե հեռախոսով, այլ պրոֆեսիոնալ տեխնիկայով։

Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնավարման օրվանից ի վեր զբաղվում է պետական մակարդակով զբոսաշրջությամբ, սակայն չկա գեթ մի օրինակ, որ վերջինիս կողմից իրականացված միջազգային այցերը Հայաստանի Հանրապետության համար որևէ օգուտ, որևէ դրական փոփոխություն բերած լինեն։

ՀՀ նախագահի գրասենյակը նաև դժգոհում է, թե «խնդիրներ են ծագել համակարգչային ցանցի և առնչվող սարքավորումների հետ, մասնավորապես՝ սերվերներից մեկը ծանրաբեռնվածության պատճառով խափանվել է։… Այն աշխատում է ծանրաբեռնված, ինչի պատճառով դրա աշխատանքում ամեն րոպե հնարավոր են նոր խափանումներ»:

Ի՞նչ ծանրաբեռնվածության մասին է խոսքը։ Մի քանի էլ. փոստերի ուղարկումը, մի քանի հրամանագրերի տպումը, նախագահի կայքում արտասահմանյան այցերից նկարների ներբեռնումը մի՞թե այդքան ծանրաբեռնում են համակարգչային սերվերները։

Ասել, թե «տեխնիկական հագեցվածության արդիականացման ու բարելավման շնորհիվ կբարձրանա Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից Հանրապետության նախագահի և աշխատակազմի գործունեության լուսաբանման, ինչպես նաև պետական մարմինների, քաղաքացիների և լրատվության միջոցների հետ համագործակցության որակն ու արդյունավետությունը», այս բոլոր փաստարկներից հետո ուղղակի զավեշտալի է։

Տեսանյութեր

Լրահոս