«Բրավո՜, Նիկոլ Փաշինյան. եթե դու տղամարդ ես, պարտավոր ես իրականացնել սա». Նաիրա Զոհրաբյան
«Ոչ միայն երեկ, այսօր և 108 տարի Թուրքիան է ժխտում Հայոց ցեղասպանությունը, այլ ես տպավորություն ունեմ, որ Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացին միացել է նաև Հայաստանի երիտհայերի այս կառավարությունը: Երբ Փաշինյանն ասում է, որ դեպի Ցեղասպանության հուշահամալիր բարձրացող մեր հայրենակիցները երկու մտորում ունեին, ես կարող եմ ասել, որ նրանց 99 տոկոսը մեկ մտորում ուներ՝ երբ է ազատվելու այս ազգակործան իշխանությունից, որովհետև այս իշխանության օրոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ուղղակիորեն ոչնչացվեց»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշել էր, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացողները մտորում են երկու հարցի շուրջ՝ ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ, և ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար:
Փաշինյանի ուղերձից Նաիրա Զոհրաբյանի մոտ տպավորություն է, ասես հոլանդական կակաչների համաշխարհային կոնֆերանսի կամ IT կոնֆերանսի տեքստ է, քանի որ ունի ամորֆ բովանդակություն. «Բառակույտ, որտեղ հիմնական մեսիջները, որ տարիներ շարունակ հղել են և պարտավոր են հղել երկրի ղեկավարները, չկար: Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն և միակ գործիքը ցեղասպանությունների միջազգային ճանաչումն է: Խոսե՞ց այսօր Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, իհարկե ոչ: Եթե հիմա իրենց սատելիտները կասեն՝ բա ԱՄՆ-ը իրենց պաշտոնավարման օրոք է ճանաչել, ուրեմն՝ Հայ դատի գրասենյակի տասնյակ տարիների աշխատանքի շնորհիվ է դա եղել, այդ ոլորտում այս իշխանությունը ոչինչ չի արել: 2018թ. Հայաստանում իշխանությունը զավթել է Ադրբեջանի և Թուրքիայի 6-րդ շարասյունը, որը ցանկացած գնով, իսկ այդ գինը Արցախն է և Հայաստանն է, ստանձնել է պարտավորություն, դրա համար օրեր առաջ իր ասուլիսում Ալիևը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին»:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ անմար կրակի առջև խոնարհված ծաղիկները հատուկ սարքերով ստուգվում էին: Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ ումի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է գլադիոլուսներից, մեխակներից և կակաչներից: Դա իսկապես շատ ողորմելի տեսարան էր: Այն մարդիկ, ովքեր ասում են՝ Փաշինյանը հիմար է կամ չի գիտակցում՝ ինչ է արել ինքը, չի գիտակցում, որ իր քաղաքականությունն ու պայմանավորվածություններն են բերել աղետաբեր 44-օրյա պատերազմը, իրենք խորապես սխալվում են. Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ շատ լավ գիտի, շատ լավ գիտակցում է: Նրա վախերը, ֆոբիաները, որ հանկարծ կակաչի կամ գլադիոլուսի տակ որևէ ական կամ ռումբ դրված չլինի, դրանք բոլորը իր վախերի և ֆոբիաների արտացոլանքն են: Ես չեմ սիրում իջնել ասեկոսեների մակարդակի, բայց կան մարդիկ, ովքեր պարբերաբար շփում ունեն կառավարական ամառանոցի հետ, որտեղ մնում է այսօրվա քաղաքական էլիտան, և նույնիսկ նրա թիմակիցներն են այլևս հրապարակային խոսում Փաշինյանի ֆոբիաներից և վախերից: Ի՞նչ արժե այն իշխանությունը, որ դու պետք է վախենաս հասարակ կակաչից կամ գլադիոլուսից»,- ի պատասխան՝ ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը մեջբերում արեց 2009թ. Նիկոլ Փաշինյանի գրած հոդվածից, որտեղ նա գրում էր, որ Վրաստանի պարտությունից հետո Սահակաշվիլին պետք է հեռանա, այլապես վրացիներն ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս՝ հիշելու են պատերազմի մղձավանջը, ազգային ստորացումը. «Բրավո, Նիկոլ Փաշինյան, այն, ինչ դու գրել ես Սահակաշվիլու մասին, եթե դու երկրի ղեկավար ես, եթե տղամարդ ես, պարտավոր ես իրականացնել սա, որովհետև այո, ես համաձայն եմ քեզ հետ և այսօր քեզ սատարող Էդմոն Մարուքյանի այն հայտարարության հետ, որ պարտված ղեկավարը չի կարող շարունակել արժանապատիվ բանակցություններ և երկիրը հանել պարտության փոսից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում