Բաժիններ՝

«29.000 մարդ դարձել է շահառու, բայց 500.000 թոշակառու ավելի վատ է ապրում». Հրանտ Բագրատյան

«Միջին քաղաքացու ներդրման հնարավորությունները Փաշինյանի կառավարության 5 տարիներին՝ 2018-2022թթ., նվազել են: Հանրապետություն շատ փող է եկել, բանկեր շատ փող է մտնում, ինչը թույլ է տալիս ընդլայնել հիպոթեքային վարկավորումը: ՔՊ-ականները, դժբախտաբար, բացի կոմերցիոն շինարարությունից, այլ շինարարություն չեն անում՝ որպիսին է հանգույցների կառուցումը, մետրոյի շինարարությունը (ընդամենը խոսում են մետրոն նախագծելու մասին, որի նախագիծը վաղուց կար): Ամբողջ բնակչության տնտեսական վիճակը վատացել է»,- 168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն այս ամփոփ արձանագրումներով է հակադարձում տնտեսության մասին իշխանական ամբիոններից հնչող լավատեսական վստահեցումներին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշել էր, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ Հայաստանի Հանրապետությունում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու և այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն կա: Որպես ասվածի ապացույց՝ նա ներկայացրել էր բնակարանաշինության ծավալները՝ նկատելով, որ այսօր բնակարան են ձեռք բերում ոչ միայն ավանդաբար հարուստները, այլև՝ միջին խավը.

«Ընդ որում, 2022 թվականի արդյունքներով բնակարանի ձեռքբերման դեպքում ֆիզիկական անձանց հիպոթեքային վարկի տոկոսների եկամտային հարկից վերադարձի ծրագրի շահառուների թիվը կազմել է 29.197 մարդ, այսինքն՝ 2022 թվականի արդյունքներով ահա այս թիվն ունենք, որը 2021 թվականի ցուցանիշը գերազանցել է 8277 անձով կամ 39,5 տոկոսով, իսկ 2018 թվականի ցուցանիշը` 25.176 անձով կամ 626 տոկոսով»:

Շուրջ 29.000 եկամտահարկի վերադարձի շահառուների ցուցանիշին անդրադառնալով՝ Հրանտ Բագրատյանը նկատեց. «29.000 մարդ դարձել է շահառու, բայց 500.000 թոշակառու ավելի վատ է ապրում, և 500.000 թոշակառու, եթե առաջ միջինում ապրում էր 76 տարի, այսօր ապրում է 72 տարի:

Կարդացեք նաև

Եվ հետո՝ այդ ի՞նչ թիվ է 29.000 շահառուն, կամ 55.000 բնակարանը. անկախության տարիներին եղել են առանձին տարիներ, երբ կառուցվել են դրանից ավելի շատ քանակի բնակարաններ:

2022թ. կատարվել է 573 միլիարդ դրամի շինարարություն, ինչը, օրինակ, 2 անգամ ավելի պակաս է, քան 2007-2008-2009թթ. շինարարության ծավալները՝ հաշվի առնելով գների ինդեքսը: Ավելորդ չէ նշել, որ այն ժամանակ Երևանում կառուցվում էին նաև ոչ շահութաբեր ենթակառուցվածքային օբյեկտներ, օրինակ, ճանապարհային հանգույցներ, հիմա արվում է միայն կոմերցիոն շինարարություն, որով ՔՊ-ականները փող են աշխատում:

Հիշեցնեմ նաև՝ 1995-96թթ. հանձնվել է 1 մետրոյի կայարան, այժմ՝ այդ մասին միայն խոսում են, անկախության տարիներին ավարտվել է 2 թունելի և 4 խոշոր կամուրջի շինարարություն, այժմ այդպիսի բաներ գրեթե չեն կառուցվում»:

Քանի որ օրեր շարունակ Վահան Քերոբյանն ու Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր առիթներն օգտագործում էին խոսելու Արժույթի Միջազգային Հիմնադրամի սանդղակարգում Հայաստանի զբաղեցրած դիրքի մասին՝ Հայաստանն իր տնտեսական աճով չորրորդն է, ՀՀ նախկին վարչապետից հետաքրքրվեցինք նաև այս «տնտեսական հրաշքի» ու դրա տնտեսական ազդեցության մասին:

«2022 թվականի տնտեսական բարձր աճը փուչիկ աճ է, ոչ հիմնարար աճ է: Այդ աճը հիմնականում ստացվել ՌԴ սանկցիաների պատճառով՝ ՀՀ-ից դեպի ՌԴ ապրանքների վերարտահանման շնորհիվ: Երկրորդը՝ այդ աճը ստացվել է ֆինանսական ոլորտում, քանի որ ռուսաստանցիները բանկեր շատ փող են փոխանցել:

Դա այն աճը չէ, որը թույլ է տալիս բարելավելու մարդկանց կյանքը: Այդ է պատճառը, որ չնայած 2022 թվականի աճի՝ թոշակառուները, օրինակ, կամ աշխատողներն ապրել են ավելի վատ՝ քան 2021 թվականին: Դա ցույց է տալիս, որ նման աճերն ընդամենն իրենցից ներկայացնում են ռեսուրսների վատնում»,- պարզաբանեց նա:

Տեսանյութեր

Լրահոս