Բաժիններ՝

Աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնությամբ շուրջ քսան տարուց ավելի Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները վեր են ածվում մեծ տոնահանդեսի։ Այս մասին տեղեկացրին փառատոնից՝ հավելելով, որ մայիսի 27-ին Հայաստանում առաջին անգամ հանես կգա աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը:

«Նա մեր օրերի ականավոր, վիրտուոզ երաժիշներից է, որի բացառիկ վիրտուոզությանը բնորոշ է անգերազանցելի երաժշտականությունը: Նա առաջատար փառատոնների ցանկալի հյուրն է, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Նրա համերգները տեղի են ունենում հանրահայտ համերգասրահներում: Նա ձայնագրվում է BIS, ECM և «Sony Classical» ընկերությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Լեոնիդաս Կավակոսը ծնվել է 1967 թ. Աթենքում, երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Հունաստանի ազգային կոնսերվատորիայում՝ Ստելիոս Կաֆանտարիսի մոտ, որին համարում է իր երեք ուսուցիչներից մեկը՝ Ջոզեֆ Գինգոլդի և Ֆերենց Ռադոսի հետ միասին։ 21 տարեկանում, դառնալով միջազգային երեք հեղինակավոր՝ Հելսինկիի Սիբելիուսի, Ջենովայի Պագանինիի և ԱՄՆ-ի Նաումբուրգի մրցույթների հաղթող, Կավակոսը ձեռք է բերել համաշխարհային համբավ, իսկ Սիբելիուսի Ջութակի կոնցերտի օրիգինալ տարբերակի ձայնագրության համար, որն առաջինն էր երաժշտության պատմության մեջ, արժանացել «Gramophone» մրցանակի: 2017 թ. Կավակոսին շնորհվել է դանիական «Leonie Sonning» երաժշտական մրցանակը, որը տրվել է այնպիսի ականավոր երաժիշտների, ինչպիսիսք են Լեոնարդ Բերնստայնը, Բենջամին Բրիտտենը, Արթուր Ռուբինշտեյնը, Յեհուդի Մենուհինը, Դմիտրի Շոստակովիչը, Դիտրիխ Ֆիշեր-Դիեսկաուն, Մստիսլավ Ռոստրոպովիչը և ուրիշներ։ 2009 թ. «Sony Classical» ստուդիայում Մենդելսոնի ջութակի կոնցերտի ձայնագրման համար, կոնցերտի լավագույն ձայնագրություն անվանակարգում, Կավակոսն արժանացել է «ECHO Klassik» մրցանակին, իսկ 2012 թ., «Decca Classics» ստուդիայում Բեթհովենի ջութակի բոլոր սոնատների (Էնրիկո Փեյսի հետ) ձայնագրման համար` «Տարվա գործիքավորող» կոչմանը և ECHO Klassik մրցանակին: 2014 թ. «Gramophone» ամսագիրը Կավակոսին շնորհել է «Տարվա արտիստ» տիտղոսը։ Նա ղեկավարել է Սանտա Սեսիլիայի ազգային ակադեմիայի, Վիեննայի սիմֆոնիկ, Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ և այլ նվագախմբեր, իսկ 2007 թ.-ից ղեկավարում է Զալցբուրգի կամերային նվագախումբը (Կամերատա Զալցբուրգ): Լեոնիդաս Կավակոսը եղել է 2015 թ. Չայկովսկու անվան XV միջազգային մրցույթի ջութակի մրցույթի ժյուրիի անդամ։

Նա ուսումնասիրում է հին և ժամանակակից ջութակների ու աղեղների պատրաստման սկզբունքները, ով ունի նաև ժամանակակից վարպետների ստեղծած ջութակների ու աղեղների բացառիկ հավաքածու։

Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1724 թ. պատրաստած ջութակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս