Բաժիններ՝

«Դրսում 6 բալանոց փոթորիկ է, իսկ նավի ղեկին շիմպանզե է նստած». Էդգար Բաղդասարյան

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը հայ-ռուսական համատեղ արտադրության հայկական ֆիլմ է: Ֆիլմը 30 տարվա ընթացքում միակ հայկական ֆիլմն է, որ ֆինանսավորվել է նաև ՌԴ մշակույթի նախարարության կողմից:

«Ֆիլմը կոչվում է «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը». վերնագրից արդեն պարզ է, որ չի կարող քաղաքականությունից զերծ լինել, բայց քաղաքականության մասին չէ, այլ տարիքով մի հայ մարդու մասին է, որը էսկապիզմով է տառապում, 1976թ. եղել է 25-րդ համագումարի պատգամավոր Հայաստանից ու մնացել է այդ թվերի մեջ. այն պատմական չէ, մեր օրերի մասին է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց կինոռեժիսորը:

Էդգար Բաղդասարյանին շատ են հետաքրքրել այն մարդիկ, որոնք Սովետական Միության ժամանակ իրենց ամբողջ կյանքը նվիրել են այդ կայսրությանը և փլուզումից հետո ինչ կերպ են դա տարել. «Ինձ հետաքրքրում էին նաև այսօրվա քաղաքական ուժերի կողմից այդ մեղադրանքները, թե՝ երբ եք սատկելու, վերանալու, հերիք եղավ: Ինձ այս ամենը հետաքրքրեց երկու տեսանկյունից. Առաջին, որ մենք կարեկցանքի ընդունակ չենք, դա հասկացանք թե՛ պատերազմից հետո, թե՛ այսօր: Կարեկցանքի իմիտացիայի ընդունակ ենք, բայց ռեալ կարեկցանքի՝ հասկանալու, ընկալելու ուրիշի ցավը, դա ընկալել՝ որպես ընդհանուր խնդիր և ցավ, ընդունակ չենք: Դրա համար հասկացա, որ դա միայն այդ տարիքով մարդկանց խնդիրը չէ, որոնք Սովետի փլուզումից հետո չեն կարողացել հաղթահարել, էսկապիզմն այսօրվա երիտասարդների տառապանքն է, որոնք փախել են թվային աշխարհ, որտեղ իրենք գեղեցկության մրցույթներում են հաղթում, ամենագեղեցիկն ու ամենախելացին են: Այնպես որ, ֆիլմը գլոբալ էսկապիզմի մասին է, և կարծում եմ, որ ֆիլմն այդ բոլոր շերտերը պետք է վեր բարձրացնի»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչո՞ւ կարեկցանքի ունակ չենք, մի՞շտ ենք այդպես եղել, և ո՞րն է դրա պատճառը, նա պատասխանեց. «Էգոիզմն է պատճառը: Մենք փոքր սոցիումներ ենք ձևակերպում, առաջինն ընտանիքն է, որը համարում են սրբություն և որը որևէ գիտակից մարդ չի մերժի: Հետո գալիս է ընկերությունը, հետո՝ զեմլյակությունը, այսինքն՝ որտեղացի՞ ես, ու դրանով էլ ավարտվում է: Դա պետք է հասնի ժողովուրդ-ազգ-ի, բայց արի ու տես՝ չի հասնում: Ստացվում է, որ մեր հայրենիքը սկսվում է մեր տան դռնից: Հայերի 97 տոկոսը պլան բ ունի՝ ինչպես իրենք են ասում՝ ռուսաստաններ, մոսկվաներ, գլենդելներ, փարիզներ և այլն: Այսինքն՝ ինքը ցանկացած պահի կարող է հավաքել ճամպրուկն ու հեռանալ: Դա ամենավտանգավոր և վատ բանն է, ու մենք դա արդարացնում ենք սոցիումի առաջին բջիջով՝ ընտանիքով. ասում են՝ ընտանիք եմ պահում, տուն եմ պահում, բայց մեկը չկա, որ իրեն ասի, որ անգամ կենդանիներն են ընտանիք պահում»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ այդ մեկը ո՞վ պետք է լինի, որ դա ասի:

«Այդ մեկը պետք է լինի կրթությունը: Մենք կրթությունն ու մշակույթն ենք տապալել՝ դպրոցից սկսած տապալել ենք: Դա պետք է փոխվի, այդ էգոիզմը պետք է հանվի մարդկանց միջից: Ոչ թե ծծկեր երեխային զինվորական համազգեստ հագցնես ու ասես՝ տեսեք՝ ինչ հայրենասեր ենք, այլ դա պետք է լինի մշակութային հարթությունում, երեխան ինքը պետք է գա այդ մտքին, ոչ թե այդ նարատիվները դնես գլխի մեջ, հետո ասես՝ դե, ես իմ պարտքը կատարեցի, պտիչկան դրեցի: Բայց որ դրա արդյունքը զրո է, դրա մասին ոչ ոք չի մտածում: Մեզ սարքեցին տակտիկական հարցեր լուծող ժողովուրդ կամ ազգաբնակչություն. Իսկ եթե դու ստրատեգիա չունես, ՄՉՍ ես, էլի, վառվեց՝ եկեք՝ հանգցնենք»,- ի պատասխան՝ ասաց նա:

Խնդրեցինք պարզաբանել, թե կրթություն ասելով՝ ինչ նկատի ունի, որովհետև մեր շրջապատում շատ են նաև խորը մոլորությունների մեջ գտնվող, կարծրատիպերով մտածող կրթված անձինք:

«Դա իմ ամենասիրած թեման է, որովհետև հիմա հաճախ եմ ասում, որ ամենակարևոր բանը կրթությունն է և ամենավտանգավոր բանը կրթությունն է: Սարսափելի է, եթե դու ավարտել ես Հարվարդ, Քեմբրիջ, Օքսֆորդ, բայց բարոյական օրենք չկա քո ներսում:

Դրանք ամենասարսափելի մարդիկ են, ավելի լավ է՝ կրթված չլինեն: 20-րդ դարի ցանկացած դիկտատոր, օրինակ՝ կես ազգաբնակչությանը ոչնչացրած Կամբոջայի Պոլ Պոտն ու Լենգ Սարին, որոնք 3-3.5 մլն մարդ կոտորեցին՝ 7 միլիոնից, նրանցից մեկը Սորբոնն էր ավարտել, մյուսը՝ Օքսֆորդը: Պետք է հասկանանք, որ բարոյական, չգրված օրենքն ավելի կարևոր է, քան գրված օրենքը: Գրված օրենքին պետությունը պետք է ստիպի ենթարկվել և բոլորին հավասարեցնի դրա առջև, բայց մարդուն մարդ են սարքում չգրված օրենքները»,- պարզաբանեց նա:

Հարցին՝ էլիտաների անելիքը ո՞րն է այս իրավիճակում, Էդգար Բաղդասարյանը պատասխանեց. «Նախ՝ պետք է հասկանանք՝ մենք ունե՞նք էլիտա, թե՞ մենք մուրճով ջարդեցինք այդ էլիտան՝ 2021թ. ընտրությունների ժամանակ, մուրճասպան արեցինք էլիտան: Չեմ հիշում՝ ով էր, որ ասաց՝ ընտրություններից հետո ինտելեկտուալ էլիտայի գլուխը ջարդեցինք: Նման արտահայտությունը նույնն է, որ ասես՝ գլխացավի ամենալավ դեղը գիլիոտինն է՝ կտրում ես ու խնդիրներից ազատվում: Դրա համար պետք է հասկանան՝ էլիտա ունե՞նք, թե՞ ոչ, ունա՞կ ենք էլիտա ձևավորել, թե՞ ոչ: Եթե մենք այս աստիճան էգոիստ ենք, առաջինը դա պետք է վերացնենք դպրոցական մակարդակում: Եթե ընտանիքը երեխային բարձիթողի է արել, չի զբաղվում նրանով, ապա մանկամսուրից պետք է հանրային շահի, հասարակական շահի մասին սովորեցնել, երեխային բացատրել, թե որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում նրա ազատությունը: Կարևոր է ճիշտ աճեցնես, որ հետո գա՝ մտնի պառլամենտ կամ դառնա հանդիսատես, իրեն դիմես, ու ինքը հասկանա՝ ինչ ես ասում: Հիմա ինքը չի հասկանում, ասում է՝ ինձ այսպես է պետք, ու դրանով ամեն ինչ ավարտվում է: Մենք այդպես մեքենա ենք վարում: Մտեք շքամուտքեր, ասում է՝ ինձ պետք է շքամուտքը փակել ու չուլան սարքել. եթե ես լինեի երկրի ղեկավար, երկու տարի կդատեի դրա համար: Մեզ մոտ բոլորը վարչապետ են, բժիշկ են, սրտաբան են, էկոլոգ են, ամեն ինչ են: Նման հասարակությունը չի կարող էլիտա ձևավորել, որովհետև իրենք բոլորը էլիտա են: Ավելին, եթե իրական արժեք է դուրս գալիս իրենց միջից, առաջինը իրենք գլուխը կկտրեն, որովհետև չեն կարողանում բարձրանալ այդտեղ, ուրեմն՝ այդ գլուխը պետք է իջնի: Նույնն էլ քաղաքական դաշտում է կատարվել. 30 տարի չեն թողել՝ մի գլուխ աճի, դրա համար հիմա ման են գալիս՝ ո՞ւմ, ո՞ւմ բերենք, Նիկոլը գնաց, բա ո՞ւմ բերենք: Չեն գտնում, որովհետև բոլոր խոստումնալից մարդկանց կտրում էին, ժողովրդական լեզվով ասած՝ փչացնում էին տարբեր ձևերով»:

Կինոռեժիսորը մի պատմություն պատմեց՝ այն պրոյեկտելով մեր օրերի հետ. «1999թ. սուրբ ծեսերի նկարահանման ժամանակ լաստանավով Հունաստանից գնում էինք Իտալիա, երեկոյան կոկտեյլ խմեցինք, մեր ասիստենտներից մեկն ինձ առավոտյան արթնացրեց ու ասաց, որ ծովն ալեկոծվում է, դուք հանգիստ քնել եք, իսկ նավը կապիկ է քշում: Ես ասացի՝ այսի՞նքն՝ կապիկ, տգեղ մա՞րդ է: Նա պատասխանեց՝ ո՛չ, իսկական կապիկ: Բարձրանում ենք վերև, տեսնում ենք՝ իսկապես դրսում 6 բալանոց փոթորիկ է, իսկ նավի ղեկին շիմպանզե է նստած: Սառը քրտինքը պատեց մեզ: Հետո հույն կապիտանը դուրս եկավ, ասաց՝ ձեզ ո՞վ է այստեղ թողել, ասացինք՝ կապիկ է քշում: Նա ծիծաղեց և ասաց՝ ավտոմատ կառավարման վրա է դրված նավը, սա իմ կապիկն է, ես ինչ անում եմ, նա կրկնում է: Այդ նավը ձեզ Հայաստանը չի հիշեցնո՞ւմ»:

Էդգար Բաղդասարյանի խոսով՝ անելանելի վիճակներ չկան, և հնարավոր է այս համատարած թմբիրից դուրս գալ. «Դրա համար մի բան է պետք՝ էգոիզմը հաղթահարել: Մենք հիմա խայտառակ վիճակում ենք, որը թշնամին օգտագործում է ու հասկացել է, որ այս ազգին սարքել են տակտիկական խնդիր լուծող, ստրատեգիան մշուշի մեջ է: Հայաստանում իշխանությունը մի խնդիր է լուծում՝ վերարտադրվելու, առավել ևս՝ այս իշխանությունները, որ վտանգի վրա են, հասկանում են՝ իրենց կյանքին ինչ վտանգ է սպառնալու, եթե հանկարծ իշխանությունը կորցնեն: Ցանկացած նորմալ երկրում, եթե երկրի պառլամենտի ղեկավարը թքում է քաղաքացու երեսին անգամ հայհոյանքի համար… Բայց ասեմ՝ վատն այն չէ, որ թքել է, վատն այն է, որ ձեռքերը բռնել է տվել, դա է խոսում իր մասին, թե ինքն ով է: Նման մարդկանց երկրի ղեկ պետք է չտաս, անգամ ԺԵԿ պետք է չտաս, որովհետև դա վախկոտ մարդ է, իսկ վախկոտ մարդը՝ երկրի ղեկին, բերում է դեմորալիզացիայի՝ բանակից սկսած ամեն ինչը: Հայ զինվորը մտածում է, որ կրակի՝ իրեն կդատեն իր երկրում, նա ձգանը չի սեղմի, վախենում է, չգիտի՝ ինչ անել: Ա՜յ, ինչ վիճակի ենք հասել: Աշխարհի ամենալավ վարչապետն ես դու, բայց պարտված մարդը չի՛ կարող շարունակել երկիրը ղեկավարել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս