Լուիս Բոնոյի առաքելությունը. «կհյուրընկալի՞» արդյոք Վաշինգտոնը հայ-ադրբեջանական հերթական բանակցությունները
Տեղ համայնքում Ադրբեջանի ռազմական սադրանքի հետևանքով հայ և ադրբեջանցի զինվորականների միջև գրանցված արյունալի բախումների ֆոնին մեկնարկել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի այցը տարածաշրջան: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդել էր, որ ամերիկացի դիվանագետը ռեգիոնում կլինի ապրիլի 13-22-ը, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին օգնելու նպատակով նա նախատեսում է հանդիպումներ ունենալ «հիմնական շահագրգիռ կողմերի հետ»։
«Պետքարտուղար Բլինքենի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 18-ին կայացած հանդիպումից, մարտին պետքարտուղարի ու երկու երկրի ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցություններից և անցյալ ամիս պրն Բոնոյի տարածաշրջան կատարած այցից հետո սա խոսակցությունը շարունակելու հնարավորություն կլինի պրն Բոնոյի համար»,-ասված է հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ խաղաղության գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի արդյունավետ ներգրավվածության վերջին ջանքերը հուսադրող են ԱՄՆ-ի համար, և պ-ն Բոնոն հուսով է, որ այդ պահն օգտագործելով հնարավոր կլինի կառուցել հետագա քայլերը։ «Պ-ն Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հանձնառու է խթանել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագային միտված ջանքերը Հարավային Կովկասում»,- հաղորդում է ԱՄՆ դեսպանատունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն արդեն Երևանում է և դեռ հանդիպել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանին: ՀՀ ԱԽՔ-ի փոխանցմամբ, այսօր ընդունելով Լուիս Բոնոյին, Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացված սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: «Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար: ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները»,-ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ չնայած ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ բրյուսելյան ձևաչափը վերականգնելու շահագրգռվածությանը, ինչպես նաև պայմանավորվածությանը՝ Մոսկվայում կազմակերպել Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում, բրյուսելյան ձևաչափը կարծես անդառնալիորեն տապալված է և հերթը Վաշինգտոնինն է: Ավելի վաղ՝ դեռ մարտի 29-ին, 168.am-ը գրել էր, որ առաջիկայում բանակցային գործընթացում և հանդիպումներում ավելի ակտիվ կլինի Վաշինգտոնի դերակատարությունն ու մասնակցությունը՝ որպես հանդիպումներ կազմակերպող կողմ, ուստի բարձրաստիճան հաջորդ հանդիպումը կլինի ոչ թե Բրյուսելում՝ Շառլ Միշելի, այլ Վաշինգտոնում՝Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ:
Բարձրաստիճան վերջին հանդիպումը ամիսների դադարից հետո տեղի ունեցավ փետրվարի 18-ին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ, որից հետո ամերիկյան կողմն ակնկալում էր, որ բանակցությունները կշարունակվեն Բրյուսելում, սակայն Արևմուտքի՝ Բրյուսելում հանդիպումներ կազմակերպելու բոլոր ջանքերը տապալվեցին: Այստեղ հարկ է նաև հիշեցնել Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 23-ին ունեցած աղմկահարույց ելույթը. Բլինքենն ասել էր, թե կա հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել Խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, նա նաև բացահայտել էր, որ իրեն միջնորդության համար դիմել է հայկական կողմը, ինչպես նաև խոսել էր Իրանից Ադրբեջանին պաշտպանելու, զինելու անհրաժեշտության, ինչպես նաև «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հայամետ կետը վերացնելու մասին: Մեր տեղեկությունների համաձայն, Բոնոյի այցը տարածաշրջան՝ կրում է նաև հայ-ադրբեջանական բարձրաստիճան շփումներին նոր թափ հաղորդելու նպատակ:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը նշեց՝ չի բացառվում, որ Մյունխենի համաժողովի օրինակով հանդիպում կազմակերպվի Վաշինգտոնում: Սակայն, ըստ նրա, այս հակամարտությանը հարկավոր է ռեգիոնում անմիջականորեն ակտիվ աշխատող միջնորդ, քանի որ Երևան-Բաքու ուղիղ շփումները, դատելով վերջին իրադարձություններից, չեն ստացվում և գործընթացը մտցնում են փակուղի:
«Դա էլ իր հերթին՝ մեծացնում է լարումների վտանգը, քանի որ Ադրբեջանը շտապում է ամեն կերպ և օր առաջ հասնել Խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա շրջանակում պատրաստ չլինելով որևէ զիջման, այլ ընդհակառակը: Չափազանց անհասկանալի է, թե ինչ փուլում են Խաղաղության համաձայնագրի բանակցությունները, որքանով են դրանք հաջող, որքանով՝ ոչ, սրա վերաբերյալ ՀՀ-ից այլ հայտարարություններ են հնչում, իսկ Ադրբեջանից՝ այլ: Չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվել, և Արևմուտքը, որը փորձում է իբրև թե խաղաղություն հաստատել, փաստորեն, չի կարողանում դա անել, դա չի հաջողվում նույնիսկ եվրոպացի դիտորդների ներկայության պայմաններում՝ այն դեպքում, երբ դիտորդները բերվեցին ի հակադրություն ԼՂ-ում ռուս խաղաղապահների՝ ցույց տալու համար, թե որքան կայունացնող է լինելու նրանց ներկայությունը: Բայց սա աշխարհաքաղաքական առումով է՛լ ավելի խճճեց ռեգիոնալ իրավիճակը, խորացրեց առճակատումն ու հակասությունները»,-ասաց Լուկիանովը, կանխատեսելով, որ քիչ հավանական է, որ Վաշինգտոնում արագ լուծումներ կլինեն:
Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը շտապում է՝ մայիսի 14-ին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններով պայմանավորված, որոնց հետևանքով Էրդողանը գուցե չվերընտրվի նախագահի պաշտոնում, Լուկիանովն ասաց, որ Էրդողանի անձը թուրքական ներկայիս քաղաքականությունում առանցքային գործոն է, որի վրա կառուցվել են Թուրքիայի և այլ երկրների հարաբերությունները, ինչպես, օրինակ՝ ռուս-թուրքական հարաբերությունները: Բայց, ըստ նրա, անձի փոփոխությունը բովանդակային փոփոխությունների չի հանգեցնի, օրինակ, թուրք-ադրբեջանական հարաբերություններում.«Ուստի շտապելու գործոնը գուցե առկա է, բայց ոչ այնքան հրատապ: Արևմուտքի, Ադրբեջանի շտապողականությունն ավելի շատ կապ ունեն ուկրաինական հակամարտության հետ»,-ասաց նա:
Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն իր հերթին ասաց, որ Արևմուտքը տևական ժամանակ ցանկանում է նախորդ տարի Բրյուսելում ընթացող բանակցային սերիաների շարքը վերականգնել: Ըստ նրա, խնդիրը, սակայն, ոչ միայն կողմերն են, նրանց դիրքորոշումները, այլև Արևմուտքի ոչ այնքան հետևողականությունը: Նրա խոսքով, Արևմուտքի ներգրավվածությունը վերջին ամիսների ընթացքում էականորեն աճել է, բայց, փաստորեն, բավարար չէ:
«Ե՛վ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար առաջին գոտին այսօր Ուկրաինան է, մնացյալ ռեգիոնները դիտարկվում են՝ որպես ածանցյալ: Հենց այդ պատճառով ձեռք են բերվում պայմանավորվածություններ, և դրանք չեն իրագործվում, իսկ մի որոշ ժամանակ անց այդ միջնորդն ընդհանրապես հեղինակազրկվում է:
Վաշինգտոնի դեպքում դա տեղի չի ունեցել, սակայն կա դանդաղկոտություն, ինչը նաև բնական է նման տերության դեպքում, սակայն վտանգներով լի՝ հակամարտության համար, քանի որ տեսնում ենք միջադեպեր սահմանին: Մյուս կողմից, միջնորդը չի կարող պարտադրել կարգավորում: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի սառեցման հետևանքն էլ այն է, որ աշխարհաքաղաքական անկայունության փուլում չի հաջողվում կողմերի համար կայուն բանակցային հարթակ ձևավորել՝ զերծ աշխարհաքաղաքական ցնցումներից: Ուստի դժվարանում եմ կանխատեսումներ անել, քանի որ չի բացառվում, որ կազմակերպվի հանդիպում Վաշինգտոնում, ապա մեկ այլ մակարդակով՝ Մոսկվայում, քննարկվեն տարբեր հարցեր, տարբեր շեշտադրումներով: Որքանո՞վ դա կօգնի կողմերին, դժվար է ասել, քանի որ անկայուն է իրավիճակը թե՛ ռեգիոնում, թե՛ դրանից դուրս»,-ասաց վերլուծաբանը: