Աննա Վարդապետյանը թեման գցեց Քննչական կոմիտեի գրպանը. Գլխավոր դատախազի ուշագրավ հայտարարության հետքերով
Երեկ Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվություն տալու միջնորդությունը բերած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց, թե արդյո՞ք գլխավոր դատախազը Մհեր Սահակյանի հարցով խորհուրդ կամ օգնություն խնդրել է Նիկոլ Փաշինյանի օգնականներից, որովհետև հայտնի է, որ տիկին դատախազը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի քրեական գործին միջամտելու խայտառակ դեպքով է հայտնի, երբ ինքն էր Նիկոլ Փաշինյանի օգնականը: Ավելին, Աննա Վարդապետյանն անձամբ էր գրել կամ խմբագրել Ռաֆիկ Հայրապետյանի մեղադրանքը:
Երեկ ակնհայտորեն նյարդային վիճակում գտնվող Աննա Վարդապետյանը նախ ասաց, որ այդ մասով կա վերջնական ուժի մեջ մտած դատական ակտ, հետևաբար՝ հարցի վերաբերյալ բոլոր քննարկումներն ինքը դիտարկում է որպես շահարկում:
«Եվ երկրորդ. ոչ թե ես եմ նախաձեռնողը եղել, այլ խնդրանքը ուղղված է եղել ինձ՝ որակման հետ կապված մասնագիտական տիրույթում հարցը քննարկելու»,- ասաց Աննա Վարդապետյանը:
Կրկին հիշեցնենք՝ 2021թ. մարտի 10-ին 168.am-ը սկանդալային հրապարակում կատարեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։
Փաստեր էինք հրապարակել, մասնավորապես, այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանն էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։
Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին էր փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:
Այդ հրապարակումից գրեթե մեկ ամիս անց նոր տեղեկություն տարածվեց: Հրապարակվեց ձայնագրություն, որում Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի՝ այդ ժամանակվա պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը ձայնային հաղորդագրությամբ նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։
«Բարի լույս բոլորին. մի րոպե ուշադրություն։
Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ, ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,- ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։
Երեկ Ազգային ժողովում ի լուր ամենքի Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ քննիչներն իրենք են խնդրել իրենց խորհուրդ տալ քրեական գործի որակման հետ կապված:
Այն նույն Աննա Վարդապետյանը, ով կոնկրետ օր ու ժամ էր նշանակում, փաստորեն, կոնկրետ քրեական գործերով կոնկրետ հանձնարարականներ տալու համար, գնում էր ԲԴԽ, հանդիպում ԲԴԽ նախագահի հետ, հիմա ասում է՝ իրեն քննիչներն են խնդրել:
Մինչդեռ 168.am-ը դեռևս 2021թ. ապրիլի 5-ին էր գրել, որ Աննա Վարդապետյանի ջանասիրությունը «խորհուրդներ տալու» հարցում ակնհայտորեն նյարդայնացնում է իրավապահ համակարգին, և «սլիվները», որոնք արվում էին, հենց դրա վկայությունն էին:
Ի դեպ, ամիսներ առաջ մենք նաև գրել էինք, թե որն է Աննա Վարդապետյանի ու Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև առկա սուր կոնֆլիկտի պատճառը, ինչը, ի դեպ, ըստ տեղեկությունների, շարունակվում է մինչ օրս:
Հիշեցնենք՝ Աննա Վարդապետյանն անգամ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների հետ կապված սկանդալից հետո, փաստորեն, չէր դադարել առանձին քրեական գործերով տեղեկանքներ պահանջել, և մի գեղեցիկ օր ՔԿ նախագահի տեղակալներից մեկն արգելել էր առհասարակ որևէ գործով որևէ տեղեկանք տրամադրել Նիկոլ Փաշինյանի երբեմնի օգնականին:
Աննա Վարդապետյանի կսմիթները ՔԿ-ի հասցեին այսօր էլ չեն դադարում, և դրանք հաճախ նկատելի են անգամ դատախազության պաշտոնական հաղորդագրությունների մեջ:
Թերևս, հենց այդ համատեքստում Աննա Վարդապետյանն առիթը բաց չթողեց՝ ՔԿ-ին հերթական անգամ «կծելու» համար: