«Լավ գիտեմ, թե Ալիևի օգնականը, որը մեր առաջնորդն է, ինչու չի սիրում Գրիշա Խաչատուրովին». Դավիթ Ամալյան
2020 թվականի 44-օրյա պատերազմում հազարավոր երիտասարդների հետ մարտիրոսվեց նաև Դուշման Վարդանի անվանակիցը՝ Վարդան Ամալյանը՝ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի ավագ որդին։ Վարդանն այժմ Դուշմանի ու մյուս հերոսների կողքին է՝ «Եռաբլուրում»։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Ամալյանը խոսելով 44-օրյա պատերազմում կրած պարտության մասին, նշեց, որ կռվող տղաներն իսկապես հերոսներ են եղել, սակայն նրանք չեն ունեցել առաջնորդ։ Իսկ պատերազմից հետո, իրական առաջնորդներին համախմբելու ու երկիրը ոտքի հանելու փոխարեն, պարզապես չեզոքացնում են, ինչպես, օրինակ, վերջին շրջանում կալանավորեցին 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։
Եթե այս ինչ-որ բանին ինչ-որ մեկը կարող է առաջնորդ անվանել՝ այդ ինչ-որ մեկին կարող եմ համարել հոգեկան խանգարում ունեցող մարդ
«Մի անգամ մեկը շատ խելացի միտք ասաց՝ դարասկզբում էլ ունեինք հզոր տղերք, ֆիդայական շարժման ժամանակ, բայց չմիավորված լինելու պատճառով բոլորն անկախ Հայաստան երազելով գնացին։ Թեպետ Սովետական Հայաստանը գոնե պահպանվեց, որը հետագայում հիմք դարձավ 1988 թվականի ծնունդին։
Իսկ դարավերջում, եթե չունենայինք այն անհատը, որի անունը Վազգեն էր, որը կարողացավ համախմբել և՛ ինտելիգենտին և, կներեք գռեհիկ բառիս համար և՛ մի քիչ «քյառթուին», բոլոր տեսակներին կարողացավ համախմբել և ստեղծել բանակ։ Ես անհատապաշտ չեմ, երբեք ոչ մեկին, այդ թվում՝ տղայիս, երբեք պաշտամունք չեմ դարձրել և Վազգենն էլ ինձ համար պաշտամունք չէ, սակայն մարդ է, որը կարողացավ դառնալ հարյուր հազարից մեկը, որ կարողացավ կազմակերպել այդ ամեն ինչը և անհատավորեց։
Ինչքան էլ տղերքը բոլորն արժեքներ էին, բայց Վազգենի առաջնորդ լինելու գործոնը մեծ դեր էր խաղում։ Ես վստահ եմ, որ հետագայում, թե՛ քառօրյայի ժամանակ, թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտնչող տղերքը, ինձ կներեն իմ բոլոր մարտակից ընկերները, ավելի ուժեղ էին, քան մենք, թե՛ ոգով, թե՛ ֆիզիկապես, թե՛ ժամանակի ընթացքում ավելի թրծված ուղեղով։ Ինչը բերեց մեզ այս պարտության, որովհետև տղերքը միասնականության խնդիր ունեին, քանի որ առաջնորդ չունեին, բառի բուն իմաստով՝ առաջնորդ չունեին։ Եվ եթե այս ինչ-որ բանին ինչ-որ մեկը կարող է առաջնորդ անվանել, ես այդ ինչ-որ մեկին կարող եմ համարել, գոնե, հոգեկան խանգարում ունեցող մարդ։
Ծիծաղելի է, այսինքն՝ ունենալ Վազգեն առաջնորդ, որի կորստի, առավել ևս՝ դավաճանաբար կորստի վերքը սպիացած չէ, և ունենալ մեկը, որն ուղղակի ձայն է հանում։ Վարդանի ու Վարդանի ընկերների պատմությունն ինձ բավարար է ասելու, որ տղերքն առանց հրամանատարի են մնացել։ Մի հոգին, որ ի պաշտոնե պիտի ամեն ինչ ասի՝ բայց նա ձայն հանող բամբակ է։ Չարենցի նման հանճարեղը դեռ այն ժամանակվանից ասել է, որ հայերը միայն միասնաբար կարող են ինչ-որ բան հաղթահարել։ Հիմա զինվորը կար, առաջնորդը չկար, զինվորն ի՞նչ աներ»։
Նույնիսկ դավաճանը՝ դավաճանի դեմք ունի, իսկ ոչ մի բանը, որ դեմք չունի՝ ուղղակի ձայն է գալիս վրայից, ավելի վտանգավոր է, քան դավաճանը
«Գրիշա Խաչատուրովն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունեցավ 44-օրյա պատերազմում ակտիվ դեր ունենալ, և շատ տղերք մնացին անհրաման։
Չկայացած մարդիկ, ամենամեծ թշնամին, որ իրենց կյանքում ունեն՝ կայացած մարդիկ են։ Մի պատվածք ունեմ, դպրոցական մի աղջկա դասընկերը սիրահարված է լինում, թեպետ նա սիրային զգացողություն չի կարող ունենալ, վախկոտ լակոտ է, իր թույլ լինելու պատճառով աղջկան չի հասնում։ Այդ տղան սկսում է աղջկա մտերիմ ընկերների վրա «անանիմկա» գրել։ Այդ պատմվածքս որ գրել էի, դեռ էս չկար։ Հետո պարզվեց, որ նման մի մարդու մասին եմ գրել այդ պատմվածքը: Պատմվածքն ավարտելիս գրեցի, որ Աստված չանի՝ այդ մարդը դառնա ղեկավար։ Չկայացածները փորձում են ղեկավարելու միջոցով իրենց կայացած համարել։ Աշխարհի ամենավտանգավոր մարդը դատարկ մարդն է։ Գիտեք, «Դավաճանը» իմ ամենաչսիրած պատմվածքն է, մարդ ատել չեմ սիրում, բայց դավաճանին ստիպված եմ ատում, որովհետև այլ տարբերակ չունեմ։ Նույնիսկ դավաճանը՝ դավաճանի դեմք ունի, իսկ ոչ մի բանը, որ դեմք չունի՝ ուղղակի ձայն է գալիս վրայից, ավելի վտանգավոր է, քան դավաճանը։ Ես չէի պատկերացնում, որ այսօր իմ կենսագրության մեջ կհանդիպի մեկը, ում ոչ մի հայհոյանք չի սազի, որովհետև այդ հայհոյանքն ավելի վատը չէ, քան ինքը։
Հիմա կարող է տպավորություն ստեղծվի, որ ես ատելությամբ եմ լցված, բայց այդպես չէ։ Այսօր հանրային քննարկման էի մասնակցում, որտեղ ասում էին, որ դավաճաններին պետք է կախել, չէ, ես նման սադիստական առաջարկներ չունեմ անելու։ Նախ՝ իրենք մահվան արժանի չեն, մեռնում ենք նրանք, ովքեր ծնվել են, իսկ առաջացածները մի օր կվերանան, համոզված եմ, որովհետև ի վերջո մոլորակի բարի ուժերն էներգիա են վերցնում, որպեսզի չարերի դեմ պայքարեն։ Սա տղայիս պատմվածքների մեջ էլ կար, վստահ եմ, որ տղաս մի բան գիտեր, որ գրում էր՝ ինչ-որ բան լավ է լինելու։ Ուղղակի այս պահին Ալիևի օգնականը, որը մեր առաջնորդն է, չգիտեմ, չնայած շատ լավ գիտեմ, ինչու չի սիրում Գրիշա Խաչատուրովին և ինչու է ուզում ինչ-որ ծիծաղելի առիթներ փնտրի Գրիգորի Խաչատուրովին ձերբակալելու համար։
Ո՞րն է նպատակը, հիմա կռահումներ չեմ ուզում անել, բայց ի տարբերություն վատ կռահումների, միշտ լավատես եմ, բայց դեբիլ չեմ։ Ինչ-որ լավ բան լինելու է, և այդ ժամանակ, հուսով եմ, այս ինչ-որ բաները վերացած կլինեն։ Հիմա պատկերացրեք, որ իրենցից շատ ենք խոսում, իրենք արժևորվում են, սրանք միայն անտարբերության են արժանի։ Պատկերացնում ենք, այդպես բարձրանար, նման հիստերիկ ձայնով խոսեր և հարյուր հազար մարդու դիմաց կանգնելու փոխարեն՝ որևէ մեկը չլիներ։ Այդպիսի ժամանակ հիշում եմ, երբ խոսում էր, կողքին մարդ չկար, հետո թե ինչ եղավ, ով արեց ու ինչ ցանեցին, դա չեմ կարող ասել։ Բայց եթե մի տասը տարի այդպես շարունակվեր, ապա այդ անտարբերությունը նրանց կոչնչացներ։ Երբ ասում են՝ մեռնեն և այլն, ես ասում եմ՝ չէ, մահը մարդիկ վաստակում են»։
Մի պահ պատկերացրեցի, որ այդ երեխային Ղազանչեցոցում մկրտենք, ես Վարդանիս տուն կբերեմ
«Մի տղա կա, ով անվանակոչվել է Վարդան՝ իմ Վարդանի պատվին, զույգերից մեկին ծնողներն անվանակոչել են Մոնթե, մյուսին՝ Վարդան։ Երբ համերգով Եվրոպայում էի, երկու երեխաներն իրենց հայրիկի հետ եկել էին համերգի։ Վարդանը եկավ գիրկս ու չէր ուզում գնար, ես էլ առանձնապես երեխա այդպես չեմ գրկում, սիրում եմ, բայց չեմ գրկում։ Բայց այդ երեխան եկավ ինձ մոտ, սկսեց ժպտալ ու չէր գնում։ Ինքս ծիսական արարողակարգերում չկամ, բայց երեխայի հորն առաջարկեցի լինել Վարդանի կնքահայրը, չգիտեմ ինչու՝ այդ երեխայի կնքահայրը լինելու ցանկություն եղավ մոտս։ Երբ հորն առաջարկս արեցի, պատասխանեց, որ Վարդանը պետք է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մկրտվի, եթե մինչև իր կյանքից հեռանալը Շուշին ազատագրված չլինի, թող այս ամենն առանց քրիստոնյա դառնալու գան։ Ես մի պահ պատկերացրեցի, որ այդ երեխային Ղազանչեցոցում մկրտենք, կապ չունի՝ քանի տարի հետո, երևի 10 տարեկան չի լինի, ես Վարդանիս տուն կբերեմ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում