Մինչև այս իշխանությունից չպրծնենք, որևէ բան չենք կարողանալու անել. Բոլորի հետ Հայաստանի հարաբերությունները խզել են, մնացել են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Դավիթ Ամալյան

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորները և մի խումբ արցախահայեր հավաք անցկացրեցին ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան առջև, այնուհետև նամակ հանձնեցին դեսպանությանը։

Ինչպես նախապես հայտարարել էր Արցախի ԱԺ-ն, հավաքի ընթացքում արցախահայերը շնորհակալություն հայտնեցին Շվեյցարիայի Ստորին պալատին՝ արցախահայերի հավաքական վերադարձին նվիրված համաժողով անցկացնելու մասին բանաձև ընդունելու համար, և կոչ արեցին Վերին պալատին ևս ընդունել այդ բանաձևը։ Նաև Շվեյցարիայի կառավարությանը կոչ արեցին՝ օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում։

Այս ամենին զուգահեռ, երեկ երեկոյան Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով բանաձևը, որն ընդունվեց այսօր։

Գրեթե ամեն օր Երևանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, կոչեր են ուղղվում ՀՀ իշխանություններին, միջազգային հանրությանը, որպեսզի քայլեր ձեռնարկեն Բաքվում պահվող գերիներին, պատանդներին հայրենիք վերադարձնելու համար։

Կարդացեք նաև

Երգիչ, երգահան, 44-օրյա պատերազմում նահատակված Վարդան Ամալյանի հոր՝ Դավիթ Ամալյանի խոսքով՝ ընթացող բողոքի ակցիաներին մարդկանց քիչ մասնակցությունը վկայում է անտարբերության մասին, ինչը շատ վատ բան է։

«Իսկապես հիմա վտանգավոր անտարբերության, թմբիրի մեջ են մարդիկ, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում այս ժողովրդի հետ։

Ասել եմ, ու հիմա էլ եմ ասում՝ 2018 թվականին, երբ սա սկսեց քայլել, այսինքն՝ այս ոչ մի բանը, և երբ նրա կողքին քայլողները սկսեցին շատանալ, ես հասկացա, որ մենք դարձել ենք այն հասարակությունը, որը մեր ազգի հետ հեչ կապ չունի։ Մենք դեռ այս ամենի հետևանքներն ենք քաղում, մինչև մենք այս իշխանությունից չպրծնենք, որևէ բան չենք կարողանալու անել։

Ինքս մտածում եմ, որ մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական մեծ դիտարկումների կիզակետում, և եթե աշխարհին Հայաստանը պետք է, այդ իշխանությունը կփոխվի։ Իսկ եթե ոչ՝ ապա մեր ազգը դատապարտված է մինչև վերջ պայքարելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ամալյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները բացարձակ չեն թաքցնում իրենց թուրքամետ ու ադրբեջանամետ մոտեցումները, այսինքն՝ տանուլ են տվել  աշխարհաքաղաքական բոլոր լուրջ հարաբերություններում, հետևաբար՝ նրանց օրոք գերիների, պատանդների վերադարձն իրատեսական չէ։

«Մենք մեր հարաբերությունները խզել ենք բոլոր պետությունների հետ, մեր հարաբերությունները մնացել են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Չգիտեմ՝ ինչու, իշխանությունը մտածում է՝ այդ խաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանն ու Թուրքիան խաղաղ կմնան, ու ամեն ինչ լավ կլինի։

Ինքս անձամբ շատ եմ ուզում խաղաղություն, որ վերջ տրվի թշնամանքին, բայց Ադրբեջանը դա չի ցանկանում, նրանց մոտ, հակառակը՝ թշնամանքն ավելի է խորացել։

Իսկ մենք հայտնվել ենք թմբիրի մեջ, հասարակությունը բողոքելու որևէ ցանկություն ու հավես չունի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Դավիթ Ամալյանը նաև խոսեց Ադրբեջանի հերթական պահանջի մասին՝ Բաքվին հանձնել Արցախի ու արցախահայերի ազատության համար պայքարած մարդկանց, ընդգծելով, որ եթե հայկական կողմից այդ ամենին հակադարձում չկա, ապա դրանից չի զարմանում։

«Մարդկային որակումներով տեսեք, թե հիմա ովքեր են իշխանության, հիմա չեմ ուզում բամբասել, բայց ոչինչ չասող մարդիկ եկան իշխանության զուտ նրա համար, որովհետև մեծամասնությունն այդպես ուզեց։ Այնպես չէր, որ անարդարությունները բոլորիս սրտով էին, բայց գիտակցում էինք, որ պետություն չի կարելի քանդել հանուն նրա, որ ինչ-որ մեկն աղքատ է, մյուսը՝ հարուստ։

Հուսանք՝ լավ է լինելու, երբեմն ինքս ինձ մեղադրում եմ այդ լավատեսության համար, ունենք դժվարություններ, բայց լույսը տեսնելու ենք»,- ընդգծեց Դավիթ Ամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս