Աննա Վարդապետյանը հրաժարվեց հայ գերիների վերաբերյալ խոսել. պահանջեց գրավոր հարցում
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօրվա նիստում, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց, որ նախկին դատախազ Արթուր Դավթյանն իր պաշտոնավարման ժամանակ հանդիպել էր ՌԴ գլխավոր դատախազի հետ, քննարկել Ադրբեջանի կողմից գերեվարված մեր հայրենակիցների հարցը: Պատգամավորը գործող դատախազից հետաքրքրվեց՝ արդյոք նա շարունակո՞ւմ է նախկին դատախազի սկսած աշխատանքը:
«Ես ուզում եմ հետաքրքրվել, թե այս մասով ի՞նչ նորություն կա, արդյոք դուք շարունակո՞ւմ եք նրա աշխատանքը, արդյո՞ք բանակցությունները շարունակվում են, որովհետև այսօր Աշոցքում նորից մեր հայրենակիցները՝ գերիների հարազատները, փակել էին ճանապարհը և պահանջում էին գործուն քայլեր ձեռնարկել գերիների վերադարձի համար:
Երկրորդ: Երբ 2020 թվականի արյունալի պատերազմից հետո Ադրբեջանը ևս մեկ անգամ ագրեսիա ցուցաբերեց և օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածքից 2 հատված Գեղարքունիքում ու Սյունիքում, նախկին Գլխավոր դատախազը քրեական գործ հարուցելու մասին հայտարարեց, ասաց, որ պետք է քննություն իրականացվի: Ես դրանից հետո հարցումներ ուղարկեցի, Գլխավոր դատախազից պահանջեցի պարզել, թե ի՞նչ է արվել, ի պատասխան՝ ասվեց, որ որևէ մեղադրյալ ներգրավված չէ գործում, բայց դրան հակընդդեմ Ադրբեջանի Հանրապետությունը հետախուզում հայտարարեց Արցախի նախագահի, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, Հայաստանի և Արցախի մի շարք պաշտոնյաների նկատմամբ:
Հիմա հարցս, այդ գործի շրջանակներում ադրբեջանցի ի՞նչ բարձրաստճան պաշտոնյայի նկատմամբ է հետախուզում հայտարարվել՝ պատերազմական հանցագործության համար, թե՞ դուք էլ եք սահմանափակվելու Գլխավոր նախկին դատախազի քայլով, որ միայն ֆուտբոլային մեկնաբանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում:
Եվ վերջին կարճ հարցս, ակնկալում եմ այո կամ ոչ պատասխան: Դուք աշխատել եք Վճռաբեկ դատարանում 2007 թվականից, և 2008, 2009 թվականից Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի մասով քրեական գործերի վճիռները կայացվել են մոտավոր այդ ժամանակահատվածում: Կխնդրեմ ասել՝ օրինակա՞ն էին այդ դատավճիռները, թե՞ ոչ, իբրև Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական և օգնական»:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, որ գրավոր դիմեն, և դատախազությունն առանց ժամկետները խախտելու՝ կպատասխանի այդ հարցերին.
«Կխնդրեմ՝ և՛ գերիների մասով, և՛ քրեական գործի հետ կապված ձեր հարցադրումներն ուղարկել, և մենք մեր կատարած աշխատանքի վերաբերյալ ձեզ բովանդակային պատասխան կներկայացնենք: Ինչ վերաբերում է փակ հարցերի շրջանակին, ես դատական ակտերը քննարկելու իրավունք չունեմ որպես իրավաբան: Ես իրավունք ունեմ դրանք քննարկելու որպես Գլխավոր դատախազ՝ այն դեպքում, երբ ունեմ նոր կամ նոր երևան եկած հանգամանք, բացառապես այդ դեպքերում: Ուստի կխնդրեմ այդ վերջին հարցը, եթե նոր կամ նոր երևան եկած հանգամանքի կոնտեքստում չեք մեզ ուղղելու, կխնդրեմ ուղղակի չուղղեք, որովհետև չենք կարողանա իրավաբանորեն ձեզ պատշաճ պատասխանել…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում