Հիշեցումը չի խանգարի, թե չէ ջարդված քարերի հետ սելֆի անելու առիթ ենք ստեղծում. Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Արամ Մանուկյանի հուշարձանի տարածքում քանդված քարերի հարցին և կատարված աշխատանքին:
«Ասում են՝ աշխատանքը, որը արել եք, բավարար որակով չեք արել.այդպե՞ս է, թե՞ ոչ»,- խոսքն ուղղելով Շինբարեկարգման վարչության ժ/պ Խորեն Գրիգորյանին՝ հետաքրքրվեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Շինբարեկարգման վարչության ժ/պ-ն արձագանքեց. «Դեռևս անցած տարի գործակարգավարականների ժամանակ քննարկվել և փաստվել է, որ ծավալաթերթում որոշակի հատված ներառված չի եղել, և դրա համար առանձին մրցույթ ենք հայտարարել: Շահող կազմակերպություն կա՝ 12 միլիոնով, որն այս պահին իրականացնում է Արամ Մանուկյանի արձանի շուրջ գտնվող հատվածի վերանորոգման աշխատանքները: Կարծում եմ, մանիպուլյացիա է, որ իբր մեր կատարած աշխատանքները որակով չեն եղել, որովհետև այդ հատվածում երբեք ոչ ծավալներով, ոչ նախագծերով ոչ մի շինարարական աշխատանք չի ձեռնարկվել: Ունենք նմանատիպ խնդիր Հաղթանակ կամրջի հետ կապված: Այնտեղ էլ իբր ծավալին չհամապատասխանող կատարողական ենք տվել: Տեղեկացնեմ, որ սա ևս սուտ է, որովհետև Հաղթանակ կամրջի շինարարության համար դեռևս կատարողական չի տրվել»:
Տիգրան Ավինյանն ասաց. «Երբ ինչ-որ մի տեղ շինբարեկարգման աշխատանքներ ենք անում, տեղեր չթողնենք, որոնք ներառված չեն նախագծում: Եթե անում ենք, ամբողջական պետք է անենք, որ հետո չստացվի՝ գործի մի հատված արեցինք, ինչ-որ հատված բաց մնաց: Ես գիտեմ, որ հիմա այդպես ենք անում, նախկինից մնացած նախագիծ է, բայց կարծում եմ՝ հիշեցումը չի խանգարի, թե չէ ամեն տեղում առիթ ենք ստեղծում մարդկանց՝ գնալու և սելֆիներ անելու ջարդված քարերի հետ, որոնք նախագծում ներառված չեն եղել»: