Թուրքիայի նախագահի բոլոր թեկնածուներն ու ֆավորիտներն աչքի են ընկնում հակահայկականությամբ

Թուրքիայում մայիսի 14-ին նախանշված նախագահական ընտրություններին մասնակցելու են չորս թեկնածուներ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Թուրքիայի Գերագույն ընտրական վարչության ղեկավար Ահմեդ Յեները։

Չորս թեկնածուներն են՝ իշխող «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ընդդիմադիր «Ազգային դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և ծայրահեղ աջ «ATA» դաշինքի թեկնածու Սինան Օղանը։

Թուրքիայի գերագույն ընտրական խորհուրդը մարտի 21-ին նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ էր ստացել 11 թեկնածուներից, սակայն վերջնական առաջադրման իրավունք ձեռք չէին բերել: Ինջեն և Օղանը ստիպված են եղել իրենց կողմնակիցներից հավաքել առնվազն 100,000 ստորագրություն, քանի որ նրանք չեն առաջադրվել քաղաքական կուսակցության կողմից, որը վերջին ընտրություններում հավաքել է համազգային ձայների առնվազն 5 տոկոսը։ Միայն Ինջեն և Օղանն են կարողացել 100,000-ական ստորագրություն հավաքել, իսկ մյուս հավանական թեկնածուները, ինչպիսիք են «Հայրենիք» կուսակցությունից Դողու Փերինչեքը և հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի որդին՝ Ահմեդ Օզալը, ձախողվել են։ Ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ Հավելենք, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը խորհրդարանում մեծությամբ երրորդ խմբակցությունն ունի, հրաժարվել է թեկնածու առաջադրել և, հավանաբար, կաջակցի Քեմալ Քըլըչդարօղլուին։

Ըստ մի շարք կանխատեսումների՝ Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսյան ընտրություններում կդառնա թուրքական ընդդիմության միասնական թեկնածուն: Վերջինս Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդն է 2010 թվականից, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր 2002 թվականից, իսկ նրա ընտանիքը պատկանում է ալեվիական քուրեյշան ցեղին, նա համարվում է Թուրքիայի քեմալիստական շարժման առաջնորդ:

Կարդացեք նաև

Հայաստանի և հայ ժողովրդի համար ուշագրավն այն է, որ Քըլըչդարօղլուն իր հակահայկականությամբ չի տարբերվում իր հակառակորդ Էրդողանից և ըստ էության հայկական հարցի ու հատկապես հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացի տեսանկյունից էական չէ՝ կհաղթի Էրդողա՞նը, թե՞ Քըլըչդարօղլուն: Համենայն դեպս, այդպես են պնդում վերլուծաբանները՝ մատնանշելով ընդդիմության միասնական թեկնածուի բազմաթիվ հակահայկական և ադրբեջանամետ ելույթներ:

Ռուս արևելագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ողբերգական հետևանքներով երկրաշարժը Թուրքիայի համար ներքին ու արտաքին միջավայր է ձևավորել՝ անկանխատեսելի դարձնելով ընտրությունների արդյունքները՝ այն դեպքում, երբ գործող նախագահ Էրդողանը երկիրը կառավարել է 9 տարի՝ կարողանալով վերահսկել իր իշխանությանը սպառնացող վտանգները:

«Այս երկրաշարժն էականորեն սասանեց Էրդողանի դիրքերը, հավելյալ հնարավորություններ ստեղծելով և ամրապնդելով ընդդիմությանը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Նման հետևանքներով երկրաշարժից հետո իշխանության համար բավականին բարդ է լինելու հաղթել, և դա են ցույց տալիս բոլոր սոցիոլոգիական հարցումները: Էրդողանի գլխավոր հակառակորդի դիրքերը վատ չեն, հաշվի առնելով թե երկրաշարժի հետևանքները, թե նաև այն լայն աջակցությունը, որը նա ստանում է, և աջակցություն է ստանալու նաև քրդական կուսակցության կողմից: Շատ կարևոր է վերլուծել և հասկանալ արտաքին տրամադրվածությունները՝ Ռուսաստանին ամենուր հարկավոր է ստատուս-քվո հատկապես Թուրքիայում, որի հետ կա նորմալ համագործակցություն: Այդ հարաբերությունների կարիքը հիմա Ռուսաստանը շատ ունի, և փոփոխությունները, բնականաբար, Ռուսաստանին ձեռնտու չեն, իսկ Արևմուտքի համար Էրդողանը վերջին տարիներին լուրջ խնդիրներ է ստեղծում, և Արևմուտքը դեմ չէ փոփոխությանը, եթե ոչ ավելին»,- ասաց փորձագետը:

Նա գտնում է, որ Թուրքիայում նախագահի փոփոխությունն այս թեկնածուների պարագայում Հայաստանի հետ հարաբերություններում որևէ փոփոխության չի հանգեցնելու, քանի որ Թուրքիայի ընդդիմության և իշխանության դիրքորոշումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում համընկնում են.

«Ուստի ես չեմ կարծում, թե Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ չի փոխվելու նախագահի փոփոխության արդյունքում: Սրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ թուրքական քաղաքականության շրջանակում մեծ կարևորություն ունի Ադրբեջանն իր դիրքորոշումներով»,- ասաց Նադեին-Ռաևսկին:

Նա նաև գտնում է, որ մինչ ընտրությունները, որոնք կարող են 2 փուլով տեղի ունենալ, այսինքն՝ ընտրական փուլը կարող է երկարաձգվել, հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ չեն լինի:

Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ փետրվարի 6-ից, ըստ էության, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պասիվացել է, գրեթե չկան այցեր, լուրջ հայտարարություններ և, ամենակարևորը՝ քաղաքական գործընթաց.

«Այս երկրաշարժն իսկապես մեծ հարված դարձավ Էրդողանի վարչակազմի համար, որն ընկղմվել է սոցիալ-տնտեսական, թե ներքաղաքական խնդիրների մեջ, և վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ երկրում ստեղծված իրավիճակը լուրջ սպառնալիք է իշխանության համար: Հետաքրքիր փաստ է նաև այն, որ իշխանությանը չհաջողվեց հետաձգել ընտրությունները և մի փոքր մեղմել երկրաշարժի ազդեցությունը մինչ ընտրությունները»,- ասաց նա:

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը ևս գտնում է, որ իշխանության համար բարդ խնդիրներ են ի հայտ եկել: Սակայն, նրա կարծիքով, միևնույն ժամանակ հայկական հարցերի տեսանկյունից Էրդողանի փոփոխությունն էական չէ, քանի որ բոլոր թեկնածուներն են հայտնի իրենց հակահայկական կեցվածքով ու հայտարարություններով, այսինքն՝ Հայաստանի հարցում թուրքական ընդդիմության և իշխանության տեսակետները համընկնում են, նույնիսկ ծրագրերից դատելով՝ կարելի է նկատել, որ մեծ կարևորություն չի տրվում հայ-թուրքական կարգավորման օրակարգին:

«Այսինքն՝ այս հարցն ընդհանրապես բացակայում է: Բայց սա զարմանալի չէ, ես այս մասին բազմիցս խոսել եմ, Հայաստանի հետ հարաբերություններն այլ կերպ է ընկալում միայն քրդամետ կուսակցությունը: Ուստի, եթե Էրդողանը պարտվի, դա ոչ լավ, ոչ վատ նորություն է Հայաստանի համար, քանի որ այս հարցում բոլորի դիրքորոշումը նույնն է, սա սկզբունքային է Թուրքիայի դեպքում»,- նկատեց նա:

Բագրատ Էստուկյանը չի կարծում նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեմպն էապես կփոխվի ընտրական փուլի հետևանքով, քանի որ գործընթացն առանց այն էլ դանդաղ է ու առավելապես՝ փակ: Սակայն, ամենայն հավանականությամբ, նրա խոսքով, Թուրքիայում բնակվող հայերը կքվեարկեն ընդդիմության օգտին, հաշվի առնելով երկրի ներսում առկա խնդիրները և հատկապես բռնապետական կարգերը: «Սոցիալական հարցումները ևս խոսում են այն մասին, որ ընդդիմության թեկնածուն ունի բավականին մեծ հնարավորություններ, և նրա հաղթանակը բացառել չի կարելի, բայց նաև չի կարելի բացառել Էրդողանի հաղթանակը: Որևէ սցենար ներկայումս բացառելի չէ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս