Ինչո՞ւ որպես վկա՝ չի կայացել Սեյրան Օհանյանի հարցաքննությունը հրթիռների գործով
Մարտի 28-ին Հակակոռուպցիոն դատարանում կայացել է հրթիռների գործով հերթական դատական նիստը, հաջորդը նշանակված է ապրիլի 4-ին: Արդեն ավարտվել է լուսանկարների ուսումնասիրությունը կամ հետազոտությունը, և արդեն վկաներին լսելու փուլն է սկսվել:
168.am-ը դեռ հունվարին էր գրել, որ գործով վկաների թիվը հասնում է 15-ի, և, որ նրանց թվում են, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մակար Ղամբարյանը, վերջինի հետ է կայացել Դավիթ Տոնոյանի միակ առերեսումը:
Ի դեպ, արդեն դատարան էին հրավիրվել վկաներ, որոնցից մեկը հենց Սեյրան Օհանյանն էր, սակայն նա չի հարցաքննվել: Նշենք, որ նա և՛ գործով վկա է, և՛ անջատված մասով նրա նկատմամբ մեղադրանք կա:
Հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանն այս առնչությամբ 168.am-ին որոշակի նրբություններ է ներկայացրել:
«Դատարանում հենց այդ հարցը քննարկվեց, հենց այդ պատճառով Սեյրան Օհանյանի հարցաքննությունը հետաձգվեց, որովհետև ինքը որպես վկա դատակոչված է այս գործով, բայց այս գործից անջատված մասով ունի մեղադրյալի կարգավիճակ: Եվ ենթադրելի է, որ անձը կարող է մտածել, որ ողջամտորեն իր տված ցուցմունքները կարող են իր դեմ օգտագործվել հետագայում: Կարծում եմ՝ եթե անգամ չունենա մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ, իր վերաբերյալ ցուցմունք տալու պարտավորություն անձը չունի, եթե կարող է ենթադրել, որ իր տված ցուցմունքները կարող են իր դեմ օգտագործվել: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ նման խնդիր առկա է, բայց դատարանը ինչպես որոշի, այնպես էլ կշարունակվի հարցաքննությունը: Եվ հետագայում դրան գնահատականներ կտրվեն, եթե իրավական առումով խախտումներ գտնվեն»,- նշեց փաստաբանը:
Այս համատեքստում հավելենք, որ 168.am-ը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հարցազրույցում հիշեցրել է, որ երբ հրթիռների գործը հարուցվեց, լրատվամիջոցներին նա ասել էր, որ ժամանակին ռազմամթերքի խմբաքանակի մոտ 30 տոկոսն է միայն ընդունվել, և, որ ««2011 թվականին մնացած 70 տոկոսը նպատակահարմար չենք գտել ընդունելու, որովհետև պիտանելիության, անսարք լինելու հետ խնդիրներ են եղել»:
Իսկ թե ինչ է հիմա փորձելու ապացուցել նա, Սեյրան Օհանյանը մեզ պատասխանել է.
«Երբ որ դա ասել եմ, ես ասել եմ՝ հավանաբար, այսինքն, հավանաբար բառն եմ օգտագործել: Եվ նախևառաջ իմ տված հարցազրույցը դոգմա չի, քանի որ այն ժամանակ ինձ վրա քրեական գործ չկար հարուցված:
Ես ասել եմ՝ հավանաբար, և իմ տված հարցազրույցի համար հիմք են հանդիսացել 1-2 փաստաթուղթ և քննիչի կողմից հարցադրումների ձևը: Այսինքն, ես պատասխանել եմ՝ ելնելով քննիչի կողմից ինչ-որ փաստաթղթեր ցույց տալուց և նրա հարցադրումների բնույթից: Հիմա ես էլ եմ ասում՝ առաջինը թող դիմեն փորձաքննության, և երկրորդը, քանի որ ինձ վրա էլ է քրեական գործ հարուցված, գաղտնիությունից ելնելով՝ ես չեմ պատասխանի: Ես կարող եմ ասել, որ Զինված ուժերի գնումներն իրականացվել են ընթացակարգերի համաձայն: Որքան ես գիտեմ՝ այդ հրթիռների որակի հետ կապված խնդիրներ չկան: Առայժմ այդքանը կարող եմ ասել: Նորից եմ ասում, որ ես էլ եմ համաձայն՝ թող տանեն փորձաքննության»:
Սեյրան Օհանյանի առաջին տեղակալը եղած, իսկ այնուհետ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց.
«Սեյրան Օհանյանը Ձեզ տված հարցազրույցի ընթացքում պարզաբանում է իր ավելի վաղ արված հայտարարության էությունը: Ինքն ասում է, որ իր պատասխանները տվել է՝ օգտագործելով հավանաբար բառը, քանի որ հարցաքննության ժամանակ ներկայացվել են փաստաթղթեր, և քննիչի իրեն տրված հարցադրումներից ելնելով՝ եկել է կոնկրետ եզրահանգման: Ես ծանոթ եմ իր հարցաքննությունների արձանագրության հետ, և լիովին կիսում եմ իր այդ կարծիքը: Դա հարցաքննության ժամանակ քննիչի մարտավարություն կարող է լինել, և լրիվ հասկանալի է, որ Սեյրան Օհանյանը նման հայտարարություն է արել, և հետո, ըստ էության, հերքել նախորդ հայտարարությունը»:
Իսկ թե ի՞նչ եզրակացություն է արվել լուսանկարների հետազոտման արդյունքում, արդյո՞ք հրթիռների պահման պայմանները համապատասխանել են չափանիշներին, կարո՞ղ էին դրանց խախտման դեպքում որակի հետ կապված խնդիրներ առաջանալ, եթե դա կարելի է պարզել լուսանկարներից, Սերգեյ Հովհաննիսյանն ասաց.
«Այս լուսանկարները զուտ զննության արձանագրությանը կից լուսանկարչական հավելված են: Իսկ զննությամբ հնարավոր չէ պարզել լուրջ բաներ, ընդամենը պարզել են հրթիռների չափերը, քաշը, արտաքին վիճակը՝ ժանգոտվածություն և այլն: Միջազգային իրավական ակտերի համաձայն՝ եթե անգամ ժանգոտվածություն առկա լինի բոլորի վրա, պետք է 40 տոկոս և ավելի ծածկված լինի ժանգով, որ այդ հրթիռը չունենա պիտանելիություն, բայց մեր դեպքում չկա որևէ հրթիռ, որի վրա անգամ 10 տոկոս ժանգ լինի: Գուցե մի որոշ մասի վրա 0.1 տոկոս ժանգոտվածություն լինի, որը չի կարող ազդել որակի վրա հրթիռի: Բայց եթե անգամ ենթադրենք, որ կարող է ազդել հրթիռների պիտանիության վրա, ապա դա միայն կարող է հաստատվել նշանակված փորձաքննության արդյունքում, որ հրթիռի վրա այսքան ժանգ կա, որը կարող է ազդել պիտանիության վրա, անպիտան հրթիռներ են ձեռք բերվել: Սա հարցի մի կողմն է:
Մյուս առավել հետաքրքիր կողմն այն է, որ այդ հրթիռները զննվել են 2021-ին, որը 3 տարի հետո է դրանց ձեռքբերումից: Այսինքն, եթե անգամ առկա լինի որևէ փոփոխություն, պետք է հստակեցվի՝ ե՞րբ է դա առաջացել: Չկան գործով նման հանգամանքներ: Իմ համոզմամբ, այդ հրթիռները պիտանի են, անպիտան լինելը վարույթ իրականացնող մարմինը պիտի ապացուցի: Լուսանկարները շատ քիչ են հավաստելու համար, որ այդ հրթիռները խնդիր ունեն: Այսինքն, պետք է իրականացվի փորձաքննություն:
Հիմա ինչքան էլ իրենք ասեն՝ ժամկետներն անցած էին, բայց անցած չեն, կամ խնդիր ունեն, ժանգ կա, մինչև մասնագետները, իրավասու անձինք չտան եզրակացություն, որևէ անձ ամբիոնից ինչ էլ ասի, չի կարող դա իրավական հիմք ունենա: Սա պատասխանում է այն հարցին՝ ինչո՞ւ մինչև հիմա փորձաքննություն չի անցկացվում: Ի դեպ, այս լուսանկարների զննությամբ էլ մեղադրանքի որևէ տարր չհաստատվեց»:
Նշենք, որ փետրվարի 28-ին Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել և պնդել. ««Անպիտան» գործով որևէ ցուցմունք իմ կողմից չի տրվել և չի էլ տրվելու և իմ ազատազրկումը ապօրինի է»: