Բացի Սեյրան Օհանյանից, ՊՆ նախկին բարձրաստիճան ո՞ր պաշտոնյաներն են հրթիռների գործով որպես վկա անցնում
Հակակոռուպցիոն դատարանում այսօր հրթիռների գործով հերթական դատական նիստն է կայացել:
Այս գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշակի մանրամասներ է հայտնել՝ շեշտելով, որ դատաքննությունը դոփում է տեղում:
«Այսօրվա դատական նիստի ավարտին Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց այն հիմնավորմամբ, որ ինքը երկար ժամանակ է՝ արդեն 1 տարի 4 ամիս, գտնվում է անազատության մեջ, մինչդեռ դատավոր Վահե Դոլմազյանը չի դրսևորում հատուկ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը, որը և՛ քրեադատավարական օրենսդրությամբ, և՛ Վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված պահանջ է: Առավելապես սուբյեկտիվ պատճառներով դատական նիստերը ձգձգվում են, նշանակված դատական նիստերը սպասվածից շատ ավելի կարճատև են լինում՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ: Իսկ դատավորի կողմնակալության մասին միջնորդությամբ նշվել է, որ դատական նիստերի ձգձգումները դատավորի կողմից դիտավորյալ են իրականացվում, որպեսզի կալանավորման միակ հիմքը՝ վկաների վրա ազդեցություն ունենալը, դեռևս անհնար լինի չեզոքացնել»,- նշել է Հովհաննիսյանը:
Դավիթ Տոնոյանի փաստաբանը հայտնեց, որ այս պահին շարունակվում է ապացույցների հետազոտման փուլը, որը շատ դանդաղ է ընթանում, որպեսզի որքան հնարավոր է ուշ լսեն վկաներին, օրինակ, այսօրվա դատական նիստի ընթացքում կատարվել է հրթիռների լուսանկարների զննություն:
Ինչ վերաբերում է վկաներին, Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ նրանց թիվը հասնում է 15-ի:
«Նրանց թվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, կան նաև նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մակար Ղամբարյանը և այլն»,- մանրամասնեց Տոնոյանի փաստաբանը:
Հավելենք, որ հունվարի 11-ին Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր, դատաքննական գործընթացի դիտավորյալ ձգձգումը գնահատում է իրեն հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն և այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ: