Լաչինի շուրջ Ալիև-Պուտին պայմանավորվածությունը, Փաշինյանի համաձայնությունը, նախկին իշխանությունների կարմիր գծերը, ԵԱՀԿ ՄԽ խմբի մոտեցումը
Մարտի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Լաչինի շրջանում (Քաշաթաղ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի հետ հանդիպմանը, հաստատել, կրկնել է այն, ինչ 168.am-ը գրել և զգուշացրել էր դեռ 2021 թվականի հուլիսին:
Ալիևը նշել է՝ քանի որ Հայաստանից Արցախ ճանապարհն անցնում է Բերձոր քաղաքի կենտրոնով, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստում և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հեռախոսազրույցների արդյունքում 1 օրվա ընթացքում հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանին Բերձոր (Լաչին) քաղաքի վերադարձման շուրջ:
«Դրա համար էլ, իմ պնդմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրվել է այլընտրանքային ճանապարհի կառուցումը և հստակ ժամկետ է նշվել: Միաժամանակ, անորոշ ձևակերպումներով ասվել է, որ այդ հարցի քննարկումը կարող է տեղի ունենալ 3 տարվա ընթացքում: Սակայն, երբ ավարտվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ես անհապաղ հանձնարարեցի հստակեցնել երթուղին և նոր ճանապարհի տեխնիկական չափորոշիչները»,- նշել է Ալիևը՝ հավելելով, որ Բերձորը (Լաչին) շրջանցող նոր ճանապարհը պատրաստ էր շահագործման նախորդ տարվա՝ 2022թ. օգոստոսի 2-ին:
«Մենք տեղեկացրեցինք ռուսական խաղաղապահ հրամանատարությանը, որ պետք է հանեն իրենց «պոստերը» հին երթուղուց և տեղակայվեն նոր ճանապարհին, և, որ օգոստոսի 5-ին մենք պետք է մտնենք Լաչին քաղաք, Սուս և Աղավնո գյուղեր: Բայց Ղարաբաղի հայերի ներկայացուցիչները խնդրեցին ժամանակ տալ, որ մինչև օգոստոսի 25-ն իրենք կլուծեն այնտեղ բնակվող հայերի հետ կապված հարցերը: Ես չեմ առարկել, և օգոստոսի 26-ին մենք վերադարձանք Լաչին քաղաք, Սուս և Աղավնո (Զաբուխ-ադրբեջանական տարբերակ) գյուղեր»,- հայտարարել է Ալիևը:
Հավելենք, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո՝ 2020թ., Ալիևը, բացի Բերձոր քաղաքի վերադարձի շուրջ պայմանանավորվածության մասին հայտնելը, այլ գաղտնազերծում էլ էր արել՝ ասելով, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նախնական տարբերակում առաջարկվել է, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 30 կմ, ինչին Ադրբեջանը կատեգորիկ դեմ է եղել: Սրանից հետո առաջարկվել է երկրորդ տարբերակը՝ 10 կմ լայնությամբ, որին Ալիևը ևս չի համաձայնել, արդյունքում՝ Լաչինի միջանցքի լայնություն է սահմանվել 5 կմ։
Իր հերթին, ավելի ուշ, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ եթե հայկական կողմը շարունակի Զանգեզուրի միջանցքի բացման անհնարինության մասին հայտարարությունները, ապա Ադրբեջանը և Ռուսաստանը գաղտնի ու բաց խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի՝ եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու թեմայով, որն առնչվում է Լաչինի միջանցքին:
«Չի բացառվում, որ մենք ևս կհրաժարվենք այդ փաստաթղթով սահմանված որոշ պարտականություններից: Օրինակ, «պոստեր» կտեղակայենք Լաչինի միջանցքում և այնտեղ կգործենք սեփական հայեցողությամբ: Այսինքն, եթե դու հրաժարվում ես համաձայնագրից, պատրաստ եղիր դրան համարժեք պատասխան քայլի»,- նշել էր Զուլֆուգարովը:
168.am-ն անդրադարձել էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արված խմբագրումներին:
Հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.
«Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է Հայաստանի հետ կապը և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը։
(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район, оставляя при этом за собой Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу.):
Արդեն խմբագրված տարբերակում այդ հատվածը այսպիսի տեսք է ստացել.
«Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район. Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.):
Մենք գրել էինք՝ թվում է, թե մեկ-երկու բառը մանրուք է, բայց, ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է, և չի բացառվում, որ վաղը-մյուս օրն Ադրբեջանը կարող է խաթարել Արցախ-Հայաստան այս կապը:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետում մի ուշագրավ պահի վրա էլ էինք ուշադրություն սևեռել, այն է՝ «…շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
Այսինքն, «Լաչինի միջանցքը» ձգվում է ոչ միայն մինչև Շուշի, այլ անցնում է Շուշիից այն կողմ, ինչը նշանակում է, որ Ստեփանակերտ-Շուշի հատվածի ճակատագիրն էլ է վտանգի տակ: Այս մասին հետո այլ փորձագետներ ևս խոսեցին:
Ի դեպ, Ալիևը վերոհիշատակված հանդիպմանը հիշել է, որ երկար տարիներ, այսինքն՝ մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, բանակցությունների ընթացքում միջնորդները՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները, հատուկ մոտեցում են միշտ ունեցել Լաչինի՝ Քաշաթաղի շրջանի նկատմամբ կամ վերաբերյալ, իսկ Հայաստանն անթույլատրելի է համարել դրա վերադարձն Ադրբեջանին:
«Միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ նախկին ՄԽ-ն, բանակցություններ վարելով, փաստացի փորձում էին ամրապնդել այս օկուպացիան»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը:
Հավելենք, որ ըստ 2011թ. Կազանի փաստաթղթի՝ վերադարձվելու էին Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:
«Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո»,- նշվում է aniarc.am-ի հրապարակած 2011թ. Կազանի փաստաթղթի աշխատանքային տարբերակում, այնուհետ Լաչինի միջանցքին վերաբերող հատվածում շարունակվում.
Aniarc.am-ի փոխանցմամբ, 2000-2001 թթ., երբ բանակցում էին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը (Քի Վեսթ), կրկին քննարկման նյութ է դարձել Լաչինի միջանցքի հարցը։
Երևանը պահանջում էր, որ Լաչինի միջանցքն ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Այդ ժամանակ Ալիևն առաջարկել էր միջանցք տրամադրել, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ և ունենա նույն կարգավիճակը, ինչ Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ալիևը պահանջում էր, որ Ադրբեջանը միջանցք ստանա դեպի Շուշի, որտեղ պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները:
Հիշեցնենք, որ 168.am-ի ձեռքում էր հայտնվել մի փաստաթուղթ՝ թվագրված՝ 1996 թվական, որտեղ անդրադարձ էր կատարվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթի և ԱՄՆ Ազգային Անվտանգության տեղակալի խորհրդատու Բերգերի հետ ունեցած հանդիպումներին, որոնց ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքին: Մասնավորապես, Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Ղարաբաղը պետք է կապ ունենա Հայաստանի հետ։
«Դա կարող է լինել միջանցք, բայց դա պետք է լինի ռազմական տեսանկյունից անվտանգ միջանցք։ Սա մենք դիտարկում ենք՝ որպես Ղարաբաղի համար լրացուցիչ անվտանգության երաշխիք»,– նշել էր նա: Այնուհետև փաստաթղթում շարունակվում է, որ Տեր-Պետրոսյանն ասել էր, թե «խնդիր չի լինի տարածքային ամբողջականությունը և Լաչինի հարցը հետագա հանդիպումներում քննարկելու հարցում, եթե ամերիկացիները կարողանան կոնֆիդենցիալությունը երաշխավորել»: