«ՔՊ-ն պարտության սիմվոլ է. սրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. վախեցնում ու ահաբեկում են ժողովրդին». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը վերջին ՏԻՄ ընտրություններին Սիսիան խոշորացված համայնքում էր, որտեղ բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել:

«Սիսիանում ընտրությունները կատարվել են խախտումներով. Նիկոլ Փաշինյանի կեղծարար թիմը բոլոր ասպեկտներով է կեղծարար, այսինքն՝ նրանք և՛ բանակցություններն են կեղծում, և՛ պատերազմն են կեղծում, և, իրականում, զարմանալի չէ, որ կարող են կեղծել նաև ընտրություններ: Բայց ամենայն անկեղծությամբ կարող եմ նշել, որ ինչքան էլ մենք գիտեինք, որ նրանք կեղծարար են, զարմանքով էինք կողքից նայում, թե ինչ են անում: Իշխանական ողջ զինանոցն ու լծակներն օգտագործվում էր. անգամ ոստիկանական համակարգն էր պրոցեսում ներգրավված, որովհետև տեղամասերի մոտ եղել են ոստիկաններ, որոնք առանց որևէ տարբերանշանի էին կանգնած:

Կային կուտակված մարդիկ, որոնք հստակ ուղղորդում էին, որպեսզի մարդիկ ընտրեն ՔՊ-ին: Նաև վայբերյան «Սիսիան թիմ» կոչվող չատով, որտեղ կային 57 հոգի, փոխանցվում էին այն ինֆորմացիաները, որոնք նրանք իրավունք չունեին փոխանցելու:

Մենք չի կարելի-ների բոլոր հնարավոր տարբերակները տեսել ենք: Նրանց համար ոչ մի տեղ չկա կարմիր գիծ, այդ թվում՝ ընտրություններում»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

«Ժողովուրդը, իրականում, տեռորի է ենթարկվում, նրանց վախեցնում են, որ աշխատանքը կկորցնեն, կկալանավորվեն, կձերբակալվեն, ֆինանսական օժանդակությունից կզրկվեն, եթե սելիտրա են ստանում, էլ չեն ստանա, այսինքն՝ օգտագործում են բոլոր այն զինանոցը, որն ունի իշխանությունը: Իշխանություններն այդ բոլոր ռեսուրսներն օգտագործելով՝ մի կերպ են կարողանում հաղթել: Նրանց ռեյտինգը սրընթաց անկում է ապրում: Երբ մենք հրապարակում էինք այդ բոլոր խախտումները, իշխանական որոշ պատգամավորներ, որոնք, ըստ լուրերի, զբաղվում են ֆեյքաբուծությամբ, արագ-արագ սկսեցին լայվ մտնել ու հերքել: Բոլոր խախտումներն արձանագրվել են նաև հանձնաժողովների կողմից»,-նշեց նա:

Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ եթե ընտրություններն անցնեին հավասար պայմաններում և արդար, չօգտագործվեին ռեպրեսիաներ և իշխանական լծակներ, ՀՀԿ-ն կարող էր հաղթել ընտրություններում:
Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է, որ Սիսիանի և Անիի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ժողովուրդը շարունակում է չվստահել Սերժ Սարգսյանին և նրա քաղաքական թիմին:

Հենրիխ Դանիելյանը նկատեց՝ անգամ նախապես իմանալով, թե ինչ հարցեր են իրեն տրվելու, Անդրանիկ Քոչարյանն աբսուրդային պատասխաններ է տվել դրանց. «Նա ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ենթադրում էր, որ բանակում կա 5-րդ շարասյուն, բայց չունի դրա փաստերը: Նա ոչ մի կետով չկարողացավ հակադարձել Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետև նախագահը հստակ նշում էր, որ սխալ քաղաքականություն են վարել, կարող էին ճիշտ քայլեր իրականացնել, ժամանակին դադարեցնել պատերազմը, օգտագործել այն սպառազինությունը, որը թողել էինք Հայաստանին ու Արցախին, բայց իշխանությունները ոչ մի փաստով չեն կարողանում հակադարձել»:

Նա շեշտեց. «Հստակ է և փաստ է, որ սրանք պարտվող իշխանություն են, սրանք կռվի իշխանություն են, սրանք ձախողման սիմվոլ են:

Անդրանիկ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամբողջությամբ պարտության սիմվոլ է ժողովրդի համար: Նիկոլ Փաշինյանը գլուխը մտցրել է վագրի երախը և փորձում է բանակցություններ վարել՝ համոզված լինելով, որ վագրը կուշտ է և չի ուզում իրեն ուտել: Մենք տեսանք, թե Փաշինյանի զրոյական կետն ու ինչպես ուզում՝ այնպես էլ բանակցում ենք սկզբունքը ինչի բերեցին: Նիկոլ Փաշինյանն իր նեղ անձնական շահերի համար զոհաբերում է ՀՀ շահը, զոհաբերում է Արցախը, զոհաբերում է ՀՀ քաղաքացու շահը և այն տեսլականը, որոնք ունեին այն մարդիկ, ովքեր հավատալով Փաշինյանի խաբեությանը՝ 2018թ. դուրս եկան փողոց: Մեր ժողովուրդը տեսավ պատերազմ, մահեր, անվտանգության համակարգի անկում և ոչնչացման տանող ճանապարհ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս