Թուղթ ստորագրելով՝ խաղաղություն չի լինի մեր տարածաշրջանում, դա ինքնախաբեություն է. Ռուբեն Վարդանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ես հոգնում էի բոլորին բացատրել, որ մարդն ուղղակի կարող է հայրենասեր լինել: Գալ ու Արցախի ժողովրդի կողքին կանգնելը միակ ճիշտ քայլն է այն մարդկանց համար, ովքեր որոշել էին, որ հայրենիքն ամենակարևորն է:
  • Արդեն 6 ամիս ես այստեղ եմ՝ իմ երկրի, իմ հայրենիքի համար, որքան էլ որ որոշ մարդիկ չհավատան, ու որքան էլ որ դա պաթետիկ հնչի:
  • Ես եկել եմ որպես զինվոր ու կանգնած եմ իմ հայրենակիցների կողքը: Արցախն ունի ընտրված նախագահ, որը կատարում է գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Դա դո՞ւր է գալիս մարդկանց, թե՞ ոչ, այդ պարտականությունն ու պատասխանատվությունը նրա վրա է: Ես այդ մոդելով եմ նայում այս ամենին: Ինքը որոշել է, որ Արցախի համար ավելի ճիշտ կլինի, որ ես այդ պաշտոնը չզբաղեցնեմ, շատ բարի… Նույն կերպ ընդունեցի, երբ ինքը որոշեց, որ լավ կլինի՝ ես այդ պաշտոնը ստանձնեմ:
  • Ես չէի պատրաստվում դառնալ պետական պաշտոնյա, ես եկել էի աշխատելու և Արցախին օգնելու, բայց որոշումները կայացվում են, և եթե դու գտնում ես, որ սա պայքար է, ու դու պայքարելու ես, պետք է որոշում կայացնես: Ես ամեն ինչ անում եմ, որ Արցախը մնա անկախ, հայկական ու արժանապատիվ, և այն տեղը, որ այդ համատեքստում ես պետք է զբաղեցնեմ, կորոշվի ընդհանուր հրամանատարի կողմից:

  • Արայիկ Հարությունյանն իր ելույթում փակագծերը բացեց այնքան, որքան կարողացավ: Ինձ պաշտոնից ազատելը ես համարում էի սխալ որոշում, որովհետև վստահ էի, որ իմ պաշտոնանկությունից հետո անգամ Ադրբեջանը չի փոխի իր վերաբերմունքն Արցախի նկատմամբ: Ես համարել և համարում եմ, որ դրսից որևէ ճնշման ենթարկվել պետք չէ, որովհետև կանգնած ենք մի իրավիճակի առաջ, որ կամ պետք է կորցնենք մեր հայրենիքը, կամ մինչև վերջ պայքարենք:
  • Մենք տեսանք, որ ինձ պաշտոնից ազատելուց հետո էլ ոչինչ չփոխվեց, իրավիճակն ավելի սրվեց, մենք ունեցանք զոհեր, Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի ագրեսիվ դարձավ:
  • Այնպես չէ, որ Արցախի շրջափակումն անցյալ տարվա աշնանից է սկսվել: Մեկ տարի առաջ այս օրերին էլ էր Ադրբեջանը երկու շաբաթով Արցախում դադարեցրել գազամատակարարումը, երբ ահավոր ցուրտ էր:
  • Ադրբեջանի մոտեցումը Արցախյան հարցին միակն է՝ Արցախում հայեր չպետք է ապրեն:
  • Բոլորը տեսան, որ միայն Ռուբեն Վարդանյանը չէ, որ չի ընդունում Ադրբեջանի հռետորաբանությունը, այլ ամբողջ Արցախի ժողովուրդը: Իսկ այն մարդիկ, ովքեր այլ կարծիք ունեն, նրանք դավաճաններ են ու իրավունք չունեն Արցախում մնալու:
  • Մենք ավելի համախմբվեցինք, հասկացանք, որ միակ ճանապարհը պայքարն է, որ մենք ապրենք մեր հողի վրա՝ որպես ազատ, արժանապատիվ քաղաքացիներ, մեր օրենքներով և մեր ձևերով:
  • Վերջին մի քանի ամսվա ընթացքում ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ դա ոչ թե անձի հետ է կապված, այլ դիրքորոշման:
  • Ադրբեջանի օգտագործած ամենաուժեղ զենքը քաղաքական զենքն է, երբ մեզ փորձում են տարանջատել ու մեր միջև սեպ խրել: Երբեմն դա նրան հաջողվում է, բայց ընդհանուր առմամբ մարդիկ հասկանում են դրա վտանգը:
  • Մենք ունենք ղեկավար, ով ընտրված է Արցախի ժողովրդի կողմից և լեգիտիմ դեմք է Արցախում: Եվ եթե նա ոչ թե որպես ղեկավար, այլ առաջնորդ՝ պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվությունը՝ տանելով և՛ պարտության, և՛ իր մի քանի տարվա աշխատանքի ընթացքում կատարած սխալների բեռը, եթե ինքը պատրաստ է լինել առաջնորդ, որը պայքարելու է և ժողովրդին միավորելու է իր կողքը՝ այն գաղափարի շուրջ, որ մենք պայքարում ենք ոչ թե անձի, այլ անկախ, արժանապատիվ հայեր Արցախում ունենալու համար, բոլորը պետք է մի կողմ թողնեն իրենց և դժգոհությունը, և թերահավատությունը: Արցախի նախագահը պետք է ապացուցի, որ դրանք զուտ խոսքեր չեն, կենացներ չեն, այլ իսկապես քայլեր, որ ամեն օր նա պետք է անի: Եթե ինքը ապացուցի, որ դա այդպես է, մենք, այո, պետք է իր կողքը կանգնենք, եթե ոչ, դա արդեն ուրիշ տարբերակ է, որը բերելու է ցավալի իրավիճակի, որովհետև մենք ունենալու ենք իրավիճակ, երբ ունենք ղեկավար, որ պատրաստ չէ լինել առաջնորդ:
  • Մենք պետք է շարունակենք մեր պայքարն այնպես, ինչպես եղել է 1988թ., երբ, օրինակ, Հենրիխ Պողոսյանը, դառնալով շրջկոմի ղեկավար, ուզում էր Արցախը տանել փափուկ ինտեգրացիայի, ինչը չընդունվեց ժողովրդի կողմից:
  • Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում: Ընտրելու է Արցախի ժողովուրդը: Ղեկավարները պետք է հասկանան այդ պատասխանատվությունը:

Կարդացեք նաև

  • Կարմիր գծերի մասին հարցը ես տվել եմ Արայիկ Հարությունյանին: Ինքը պատասխանել է նույն իր ելույթում, երբ ինձ աշխատանքից ազատելու որոշում էր կայացնում, և նրա պատասխանի հռետորաբանությունը համընկնում է պայքարի գաղափարի հետ: Այլ բան է, որ բացի հայտարարելուց, դա պետք է ապացուցել ամենօրյա աշխատանքով: Ես գիտեմ, որ շատ բաներ Արայիկ Հարությունյանը փորձում է իրականացնել, ոչ բավարար, իհարկե, բայց ցանկություն կա: Ինչքանով կհաջողվի, ցույց կտա ժամանակը:
  • Ադրբեջանի կողմից նեգատիվ արձագանք եղավ, երբ և Արցախի նախագահը, և այլ պաշտոնյաներ հայտարարեցին, որ ինտեգրացիայի ճանապարհն արցախցիների կողմից ընդունելի չէ:
  • Մեր կարմիր գծերը կապված են արցախցիների անձնագրերի, արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհի, օրենքների, լեզվի, կրոնի, մշակույթի, Արցախի տնտեսությունն Ադրբեջանի տնտեսության մեջ ինտեգրելու անընդունելի լինելու, ենթակառուցվածքների անկախության հետ:
  • Մենք հասկանում ենք, որ որևէ կերպ չենք լինելու Ադրբեջանի կազմում, մեր 35-ամյա պայքարի վերջնական ճանապարհը Հայաստանի հետ միասնությունն է: Այդ առումով ոչինչ չի փոխվել:
  • Այն իլյուզիան, այն հեքիաթային սցենարը, որ ներկայացվում է, թե մենք հիմա թուղթ կստորագրենք, և այդ թղթով խաղաղություն կլինի մեր տարածաշրջանում՝ ինքնախաբեություն է: Այս իրավիճակում, որում մենք գտնվում ենք, չի կարող լինել երկարաժամկետ խաղաղության հիմք:
  • Ես վստահ եմ, որ, ցավոք սրտի, Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: Նա մեծ ամբիցիա ունի՝ գրավելու ոչ միայն Արցախը, այլև ավելի շատ տարածքներ Հայաստանից: Ոչ մի պայմանագիր նրան չի կանգնեցնելու, եթե մենք չկարողանանք այդ պայմանագրի հետևում ցույց տալ մեր ուժը:
  • Սա Հայրենական պատերազմ է, որը պահանջում է, որ և Արցախում, և ողջ Հայկական աշխարհում բոլորն ընդունեն՝ իրավիճակից պետք է դուրս գալ՝ որպես հաղթող, այլ ոչ թե՝ պարտված կողմ: Դրա համար պետք է ամեն ինչ անել:
  • Սա պայքար է մեր՝ հայրենիք ունենալու կամ չունենալու համար:
  • Խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի այն ժամանակ, երբ մենք ուժեղ կլինենք: Այս ճնշումը պետք է գործադրվի կառավարության վրա:
  • Եթե մենք պայքարենք 100%-ով, ցույց տանք, որ չենք լինելու ստրուկ, դա անմիջապես զգացվելու է, ու մենք ունենալու ենք դաշնակիցներ, ովքեր իսկապես կանգնելու են մեր կողքին:

  • Մենք պետք է հասկանանք, որ մենք էլ պետք է աշխարհին ինչ-որ բան տանք՝ ասելով, որ մենք այստեղ կանք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, որպես մարդիկ, ովքեր ապրում են այստեղ: Եվ դա իրավիճակ է փոխելու:
  • Մենք ունենք փայլուն դիվանագետներ և՛ Արցախում, և՛ Հայաստանում, ում փորձը չօգտագործելը, նրանցից խորհուրդ չհարցնելն անթույլատրելի է: Մենք Հայկական աշխարհի փորձը, ներուժը չենք օգտագործում, որ մեզ դարձնենք ազգ, որն ունի ֆանտաստիկ առավելություն, ինչը չունի Ադրբեջանը:
  • 1988թ. շարժման ժամանակ առաջնորդներ էին հանդես գալիս, ովքեր Արցախի անկախության ու ինքնորոշման գաղափարներով մարդկանց տանում էին իրենց հետևից: Մեր ղեկավարությունը մեր հասարակության հայելին է: Եթե հասարակության մեջ չի ստեղծվում այդ պահանջը, եթե մեր երիտասարդությունը ղեկավարությունից չի պահանջում չենթարկվել դրսի ճնշմանը, ապա դժվար է ինչ-որ բան փոխել:
  • Այս ճգնաժամը հնարավորություն է մեր մեջ բան փոխելու, հասկանալու, թե ինչը սխալ արեցինք 35 տարվա մեջ, ու դաս քաղենք այդ սխալներից: Եթե մենք մեր միջի «վիշապին» չսպանենք, վիշապին՝ ոչ թե որպես անձ, այլ՝ որպես մոտեցում, ոչ մի բան չի փոխվելու: Բայց ես վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել:
  • Ինձ զարմացնում է այն, որ թե Հայաստանում, թե Արցախում չկա զգաստության զգացողություն: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրների համար այդ զգաստությունը, դիսցիպլինան շատ կարևոր է:
  • Կապ չունի՝ ով է մեղավոր պատերազմում պարտության համար. եթե դու առաջնորդ ես, ուրեմն մեղավորը դու ես: Եթե մենք ունենք այնպիսի միջավայր, որում հնարավոր է դառնում դավաճանների կամ «5-րդ շարասյան» գոյությունը, որում սպան կարող է մի քանի հարյուր դոլարով գաղտնիք վաճառել թշամուն, ապա դա միայն սպայի պատասխանատվությունը չէ: Չի կարող դավաճանություն լինել առողջ միջավայրում, երբ դու ունես առաջնորդներ, ում մարդիկ վստահում են, ու կա համոզմունք, որ բոլորով պայքարում են մի գաղափարի համար:
  • Ռուս խաղաղապահներն Արցախում գտնվելով՝ Արցախի համար անվտանգություն են ապահովում: Մենք շատ լուրջ աշխատանք ունենք տանելու այն բանի համար, որ ռուս խաղաղապահներն այստեղ մնան երկարաժամկետ, ավելի մեծ քանակով ու ավելի հստակ մանդատով:
  • Վստահ եմ, որ կունենանք այլ դաշնակիցներ նույնպես, եթե Արցախն իր կտրուկ դիրքորոշումը հայտնի աշխարհին, ինչպես այսօր, և նրանք կաջակցեն Արցախին:
  • Լաչինի միջանցքում անցակետ չի տեղադրվելու. դա քննարկման թեմա չէ: Այդ մասին Արցախի նախագահն էլ է ասել: Դա ոչ մի դեպքում չի ընդունվելու Արցախի ժողովրդի կողմից: Արցախցիները պետք է անարգել իրավունք ունենան գնալ ու գալ Հայաստան:
  • Ինձ չի թվում, որ ճանապարհը բացվելուց հետո Արցախից մեծ արտահոսք է լինելու: Այդ առումով ես անհանգստություն չունեմ: Վստահ եմ, որ ավելի շատ մարդիկ կգան ու կլինեն արցախցիների կողքին:
  • Արցախում չի կարող ընդունվել ու քննարկման առարկա դառնալ Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հնարավորություն տեսնող մարդկանց իշխանության գալը: Դա ԱԱԽ նիստում ուղղակի անհաջող արտահայտություն էր Արայիկ Հարությունյանի կողմից: Ասել եմ ու ասելու եմ՝ եթե կան այդպիսի մարդիկ, նրանք պետք է դուրս գան Արցախից:
  • Ստեղծել ենք «Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը, որի շրջանակում կոնկրետ ծրագրեր ենք իրականացնում, որոնք կօգնեն Արցախին դարձնել ավելի ուժեղ:
  • Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեծ վնասներ է պատճառում Արցախի Հանրապետության տնտեսությանը: Ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար)։

«Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը  հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խմբի հետ «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույց» ենք պատրաստել, հաշվարկել Արցախի շրջափակման արդյունքում կրած ֆինանսատնտեսական կորուստները:

Տեսանյութեր

Լրահոս