«Չպետք է այդքան կենցաղային մակարդակի վրա բերել Պահքի հոգևոր խորհուրդն ու դարձնել ուտել-չուտելու պայքար». Տեր Եզնիկ

168.am զրուցակիցն է Մասյացոտն թեմի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր սպասավոր ՏԵՐ ԵԶՆԻԿ քահանա ՄԱՐԴԻՐՅԱՆԸ։

– Տեր հայր, Մեծ պահքի շրջանում ենք գտնվում, ի՞նչ է պահքը, և ո՞րն է դրա խորհուրդը։ 

– Շնորհակալ եմ հրավերի համար, հատկապես Մեծ պահոց այս շրջանում, երբ հանրային տիրույթում հոգևոր խոսքի տարածումն էլ ավելի կարևոր է, քան երբևէ։ Մեծ պահքը՝ այս 40 և ավելի օրերը, ինքնամաքրման, ինքնաքննման, սեփական մեղքերից կամ վատ սովորություններից հրաժարման շրջան է։ Բայց չգիտես ինչու, Մեծ պահքը մեր հասարակության մեջ ավելի շատ դարձել է ուտել կամ չուտելու պայքար,  ուտել կամ չուտելու արդյունքում հոգևոր նոր բովանդակություն իրենց  հավատքի կյանքին հաղորդելու համար։

Այսինքն՝ որքան էլ պահքը ուտեստների սահմանափակման հստակ հրահանգ է պարունակում, միևնույն ժամանակ ուտելիքների սահմանափակմամբ, ինչպես եկեղեցու հայրերն են, մենք կարողանում ենք մի շարք մարդկային կրքերից ու ցանկություններից հեռու մնալ և հիմնովին ազատվել տվյալ մեղքից, որը շարունակաբար ուղեկցում է մեզ մեր կյանքի ընթացքում։ Ուստի, որպես եկեղեցու սպասավոր՝ վերստին պետք է նշեմ այն հանգամանքը, որ մեծ պահքը չպետք է պայմանավորենք ուտել կամ չուտելով, այսինքն՝ ասենք, մնացած օրերն ուտելու օրերն են, Մեծ պահքը՝ չուտելու՝ ոչ։ Մեծ պահքը հիմնականում անձի ինքն իր հետ մենակ մնալու ինքնաքննությամբ և ինքնագնահատական տալու այս կարևորագույն շրջանն է, որը, թերևս, պետք է օգնի մեզ նորովի շարունակել մեր հավատի կյանքը, որի ընթացքում խարխլվել է մեր գործած մեղքերի ու սխալների պատճառով։

Կարդացեք նաև

– Արդյո՞ք պարտադիր է, որ բոլորը պահք պահեն։

– Եկեղեցին երբևէ, որևէ կանոն ու կարգ չի պարտադրում հավատացյալին, եթե մարդը չունի որևէ առողջական խնդիր, եթե դեղեր չի օգտագործում, որին ի հետևանք՝ պարտադիր է սնվելը, ապա ազատ է իր ընտրության մեջ, բայց լավ է, երբ հնարավորություն կա պահք պահելու։ Շատերն այսօր քահանաներին հարցնում են՝ կարելի՞ է առաջին կամ վերջին շաբաթվա ընթացքին պահք պահել։ Եթե դու կարող ես, ի վիճակի ես առաջին ու վերջին շաբաթը պահել կամ որոշակի օրերի տևողություն պահել, ապա պահիր ամբողջությամբ, որովհետև պահքն ամբողջական է իր խորհրդի մեջ։ Եվ եկեղեցու հայրերը, սրբերը, երբ ժամանակին հաստատել են այս մեծ պահքի ընթացքը, վստահաբար տեղյակ են եղել մարդու օրգանիզմի կառուցվածքին, պահանջմունքներին, և եթե լինեին որևէ զեղջումներ, վստահաբար կդնեին քիչ օրերի քանակության մեջ։ Մեծ պահքը, բացի հոգևոր բովանդակությունից, նաև իրենից կենսաբանական նշանակություն է հաղորդում, հատկապես մեծ պահքը, երբ համընկնում է ձմեռ-գարուն անցման շրջանին, շատ են սրվում սիրտ-անոթային հիվանդությունները, և կերակուրների սահմանափակումը, հատկապես բուսական կերակուրներին անցնելը օգնում են մարդուն բավականաչափ խուսափելու որոշակի խնդիրներից, որը կարող է իրենց օրգանիզմից ներս հանդիպել կամ գլուխ բարձրացնել։

– Կան մարդիկ, որոնք Պահքը պահում են միայն վերջին ավագ շաբաթը՝ 7-8 օր, Առաքելական եկեղեցին ինչպե՞ս է սրան վերաբերվում։

– Մեծ պահքը բովանդակային առումով պիտի ծայրից ծայր ամբողջությամբ պահել, ինչպես ասացի։ Ավագ շաբաթն առավել չէ, քան պահքի մնացյալ օրերը, չնայած որ Ավագ շաբաթը ծիսապես ավելի հագեցված է, և յուրաքանչյուր օրը Հիսուս Քրիստոսի տնօրինական կյանքի վերջին դեպքերն են՝ մուտքը Երուսաղեմ ծաղկազարդով, այնուհետև մատնելիություն, խաչելություն, գերեզման, թաղում և վերջնակետը՝ Սուրբ Հարություն։

Եկեղեցական կյանքում պահքը չի սկսվում և ավարտվում միմիայն Մեծ պահքի ընթացքում, այլ տարվա ընթացքում 365 օր տևականորեն՝ օր-օր, կամ շաբաթ-շաբաթ եկեղեցում պահքի շրջաններ են, և խրախուսելի է Պահք պահելը։ Երբ մենք նվազեցնում ենք առատ կերակուրների ճաշակումը մեր կյանքից ներս, կարողանում ենք նախևառաջ ֆիզիկական թարմություն զգալ, որին զուգահեռ՝ աշխուժանում ու ակտիվանում է մեր հոգին։ Որքան կարողանում ես սանձել քո մարմինը, քո ձեռքը վերցնել, այդչափ ավելի պայծառանում ու զվարթանում ես։ Առհասարակ պահեցողությունը շատ կարևոր է մեր կյանքից ներս։ Առհասարակ ուտել-չուտելով մենք չենք զարմացնելու Աստծուն, այսինքն՝ տեր Աստված, տես՝ ես միս չեմ ուտում, բայց ուտում եմ բուսական կերակուր, բայց միևնույն ժամանակ՝ մեղքերի մեջ եմ, հայհոյում եմ կամ գողանում եմ։ Այստեղ ինքնանպատակը ուտել-չուտելը չէ, ուտել-չուտելով Աստծուն խաբելը չէ, այլ դրա արդյունքում՝ նվազագույնի հասցնել մեր օրգանիզմի, մեր իսկ դիմադրողականությունը, որով և պիտի պսակվենք հոգևոր օրհնություններով։

– Ի վերջո, երբ մարդիկ պահք են պահում, դա երբեմն վերածում են դիետայի, պահք և դիետա, որո՞նք են սրանց տարբերությունները։

– Ցավոք, հասարակության մեջ պահքի և դիետայի զանազանությունը հաճախ չենք կարողանում տարբերակել։ Մեր քահանայական փորձառությունից պիտի ասեմ, որ երբ մոտենում է պահքի շրջանը՝ մնում է մեկ շաբաթ կամ մի քանի օր, սկսում են թե՛ սոցիալական հարթակներում, թե՛ առերես մոտենալ ու հարցադրումներ անել՝ Տեր հայր, ինչպե՞ս պետք է պահք պահեմ, ի՞նչ պետք է անել, կամ ի՞նչ չպետք է անել։ Եվ այդ հարցադրումների շեշտադրումը հիմնականում դրվում է ուտելիքի վրա։ Չպետք է այդքան կենցաղային մակարդակի վրա բերել Պահքի հոգևոր խորհուրդը։ Եվ առհասարակ, եթե դու տարվա ընթացքում եկեղեցու կյանքի մեջ չես, սուրբ պատարագներից բացակայում ես, համայնական կյանքի, քահանայահայրերի օրհնության մեջ չես, ապա ո՞ւմ պիտի զարմացնես պահք պահելով՝ Աստծո՞ւն, թե՞ ինքդ քեզ։ Դրա համար հստակ է, եթե որոշել ես դիետա պահել, ապա պահիր տարվա մեջ յուրաքանչյուր օր։

– Տեր հայր, այսօր ո՞րն է հոգևորականի առաքելությունը մեր հասարակության մեջ։

– Հասարակության մեջ այսպես խեթ կարծիք կա ձևավորված, որ հոգևորականը  միայն ծիսակատար անձնավորություն չէ։ Շատերն այսօր հոգևորական ասելով՝ պատկերացնում են միայն մկրտության, սուրբ պսակի կամ հոգեհանգստյան արարողությանը մասնակից, ղեկավարող կամ համակարգող որևէ սևազգեստ անձ։ Սակայն իրականում հոգևորականի դերն ու առաքելությունն ավելին է, որը երբևէ մարդիկ կարող են պատկերացնել։ Հոգևորականը, քահանան առաքելական հաջորդականություն և առաքելական շնորհի վավերականություն ունեցող անձ է, որին տրվում է եկեղեցու բարձրագույն իշխանության կողմից։

– Տեր հայր, տարիներ շարունակ Մայր Աթոռի տաճարը վերանորոգվում է, տեղյա՞կ եք, ե՞րբ է բացվելու։

– Արդեն 10 տարիներ և ավելի՝ Մայր տաճարը գտնվում է վերանորոգման և վերականգնման փուլում, կարելի է ասել, որ տարիներ առաջ անգամ տաճարի փլուզման վտանգը կար։ Վեհափառի ջանքերով, դրսից հրավիրված մասնագետ-ճարտարապետների ստուգման արդյունքում վերջնականապես որոշվեց, որ Մայր տաճարը պետք է վերանորոգվի։ Այս վիճակը, որը մենք մոտ ապագային պիտի տեսնենք վերակառուցված Մայր տաճար, կարող է 5 հարյուր տարի և ավելի առանց վերակառուցման ու շինարարական միջամտության կանգուն մնալ։

Վերջերս Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ժամանակ որոշվեց, որ այս տարի աշնանը մյուռոնօրհնությամբ, որը 7 տարին մեկ է կատարվում, կատարեն տաճարի բացումը և վերաօծումը։ Վստահ եմ, որ Վեհափառի ջանքերով Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը պիտի վերածվի համազգային մեծ տոնախմբության, հատկապես վերջին տարիներին հայրենի մեր կյանքում տեղ գտած այս չարաբաստիկ իրողություններից հետո, պատերազմները, զոհերը, երբ ունեցանք համատարած տրամադրության անկում։ Մայր տաճարի վերաօծմամբ՝ թե մեր հոգիները պիտի ցնծան, թե՛ մեր մտքերը պիտի պայծառանան և իրապես Աստծո օրհնությունն առատապես պիտի հեղվի մեր ազգի վրա, և նորից Մայր տաճարը վերստին պիտի դառնա Աստծո հետ ուխտ հաստատելու վայրը։ Եվ երկար տարիների բացակայությունից հետո նորից դռները կբացի մեր առջև, և առիթ կունենա այս անկյալ, ընկած վիճակում գնալ ու խոնարհվել իջման սուրբ սեղանին, խնդրել Աստծուց, որպեսզի մեր ժողովրդի հոգին, ոգին և միտքն առույգ ու սթափ պահի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս