«Դարձել ենք պարզապես գրական կսմիթների առարկա, իսկ գրական կսմիթներից հետո գալիս է կրկեսը». Նարինե Դիլբարյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի բնութագրմամբ՝ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մարտի 16-ին հնչեցրած գնահատականը՝ թե՛ գրական, թե՛ հասարակական ու քաղաքական տեսանկյունից, խիստ վիրավորական է։
«Միջազգային ասպարեզում շեշտադրումները, որոնք, անշուշտ, պայմանավորված են որոշակի քայլերով, Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների համար ձեռք են բերում բավականին վիրավորական, եթե չասեմ՝ խոր խոցող իմաստ։ Ուստի այդ ամենն էլ մեկնաբանելը դժվար է։ Կարծում եմ՝ Հայաստանում այժմ ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք դարձել ենք պարզապես ընդհանուր գրական կսմիթների առարկա, իսկ գրական կսմիթներից հետո առհասարակ գալիս է կրկեսը։ Ուզում եմ հիշել հին քաղաքական դասականին, որ ասում էր՝ մենք հայրենիք չունենք կրկեսի վերածելու, բայց ինչպես տեսնում ենք, մենք նաև այդպիսի գնահատականների ենք արժանանում, ինչպիսին հնչեցրել էր Մարիա Զախարովան, քանի որ «Շան սիրտը» ստեղծագործության մեջ Շարիկովի կերպարը հենց այս մասին է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարինե Դիլբարյանը։
Ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, թե ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, նույնությամբ ԱԺ-ում կրկնել է նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ինչը մեր զրուցակցի գնահատմամբ՝ ենթադրում էր, որ «Պապիկյանը ՀԱՊԿ ներկայացուցիչ ամենամեծ պետության ԱԳ խոսնակին թելադրում է, որ նման արտահայտություններ թույլ տա։ Իհարկե, այս ամենը թույլատրելի չէ, դիվանագիտության մեջ այս ամենը բացարձակ մերժելի է»։
Նարինե Դիլբարյանն ընդգծեց նաև, որ Մարիա Զախարովայի հայտարարությունը, ցավոք, վերաբերում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև ամբողջ պետությանը, ամեն դեպքում ստվերն ամբողջ պետության վրա է։
«Ավաղ, իրականությունն այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ոչ թե անձ կամ քաղաքացի է, այլ նա ներկայացնում է Հայաստանը, դե ֆակտո և դե յուրե վարչապետ է։ Ինչպես պատերազմի օրերին Ադրբեջանն էր մեզ ներկայացնում խեղկատակային, գրոտեսկային կերպարներով ու մեմերով, այսօր այդ շարքը համալրում է նաև Զախարովան»,- շեշտեց նա։
Ըստ Դիլբարյանի, հաշվի առնելով Շարիկովի ճակատագիրը, գուցե Զախարովայի ակնարկը հասկանալի է, սակայն պետք է ՀՀ-ում իշխանության խնդիրը լուծի հայ ժողովուրդը։
«Այո, ժողովուրդը կարող է և սխալվել, բայց և կարող է իր սխալներն ուղղել, դրա հնարավորությունները կան։ Ես հավատում եմ, որ մեր վառոդամաններում և վառոդ կա, և ուժ, և ոգի, մենք ենք լուծելու մեր իշխանության խնդիրը, դրա մասին պետք չէ, որ արտահայտվեն օտար պետությունները, հատկապես այն պետությունը, որը լուրջ դերակատարում ունի Հարավային Կովկասում։ Իսկապես Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ արած ձևակերպումը խիստ խնդրահարույց էր, բայց տիկին Զախարովան կարող էր ասել, որ չի մեկնաբանում։ Կարծում եմ՝ ազգային պետական արժանապատվությունը շատ ավելի բարձր է, քան անձերը, որովհետև անձերը ժամանակավոր են, իսկ Հայաստանը մեր իսկ ջանքերով պետք է լինի հավերժական»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։
Նշենք, որ Մարիա Զախարովան անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ոչ թե ՀՀ-ն է լքում ՀԱՊԿ-ը, այլ ՀԱՊԿ-ը՝ ՀՀ-ն, ասել էր.
««Հիշո՞ւմ եք Բուլգակով. «Кто на ком стоял?», և երկրորդը՝ Ստանիսլավսկի. «Надо любить искусство в себе, а не себя в искусстве»: Չգիտես՝ ինչու, ես միանգամից սա մտածեցի: Ես թողնում եմ հարցի այս հատվածը Ձեր հետագա մշակմանը, փորձեք հասկանալ, թե ինչի մասին էր խոսքը: Իսկապես՝ кто на ком стоял»»։
Նշենք, որ «Շան սիրտը» պատմվածքը Բուլգակովը գրել է 1925 թվականին: Գրողի հերոսն աշխարհահռչակ պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպիչ Պրեոբրաժենսկին է, ով փորձելով պարզել հավերժական երիտասարդության գաղտնիքը, պատահաբար հայտնաբերում է մի հայտնագործություն, որը թույլ է տալիս կենդանուն վիրաբուժական կերպով վերածել մարդու: Այնուամենայնիվ, մարդու հիպոֆիզի գեղձը շան փոխպատվաստելու փորձը տալիս է բոլորովին անսպասելի արդյունք։
Մի օր պրոֆեսորը փողոցում անտեր շուն է գտնում, բերում է տուն և կերակրում, շունը գոհ է լինում իր ճակատագրից։ Այնուհետև պրոֆեսորը հիպոֆիզը պատվաստում է Շարիկին, նա կերպարանափոխվում է մարդու: Որոշ ժամանակ անց սկսում է խոսել: Ֆիլիպ Ֆիլիպիչից պահանջում է գրանցում, անուն և անձնագիր: Անունն ինքն է ընտրում՝ Պոլիգրաֆ Պոլիգրաֆիչ Շարիկով:
Շարիկովը պահպանում է շան ատելությունը կատուների նկատմամբ: Մյուս կողմից, ունի հարբեցողության հակում և սիրում է նվագել բալալայկա։
Ստանալով անձնագիր, Ֆիլիպ Ֆիլիպիչից սենյակ է պահանջում, պարզվում է՝ հրաշալի շունը վերածվել է իսկական սրիկայի։ Այնուհետև Շարիկովը տեղավորվում է աշխատանքի քաղաքային սանիտարական վարչությունում: Շարիկովն այնքան հեռու է գնում, որ պրոֆեսորը ստիպված բացահայտում է շան ամբողջ անցյալը։