Մի զարմացեք, Փաշինյանի արած «5-րդ շարասյուն» արտահայտությունն Ալիևի ամենասիրած արտահայտությունն է. Արտյոմ Տոնոյան
«Պրեսսինգում» Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրանագետ Արտյոմ Տոնոյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Իրանի կողմից զորաշարժերը, որպես կանոն, կրում են նախազգուշական ուղերձներ, այդ թվում նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի համար: Սրան սովորաբար հետևում է Իրանի դիրքորոշման հիշեցումը: Իրանը միշտ է ասում, որ հարևան պետությունների սահմաններն իր համար կարմիր գիծ են, ու սա առաջին հերթին վերաբերում է Հայաստանին:
- Իրանական աղբյուրները հետպատերազմական շրջանում հաճախ են խոսում այն մասին, որ Իսրայելն Արցախի օկուպացված տարածքներում զինուժ ու սմարթ-ավաններ է տեղակայում:
- 44-օրյա պատերազմից առաջ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից մեր տարածաշրջան բերված ահաբեկչական խմբերը դուրս չեն եկել, շարունակում են մնալ Արցախի Հանրապետությունից բռնազավթված տարածքներում: Սրա մասին նույնպես հաճախ է խոսվում իրանական մամուլում:
- Իրանի արտաքին քաղաքականության համատեքստում առանցքային է իր սահմանների անվտանգության խնդիրը: Այս պրագմատիկ իրողությունից է բխում Սաուդյան Արաբիայի և Չինաստանի հետ նրա հարաբերությունների զարգացումը:
- Իրանը հակված է Չինաստանի մասնակցայնության մակարդակը մեր տարածաշրջանում բարձրացնելուն:
- Իրանաադրբեջանական հարաբերությունները լարված են ավելի, քան երբևէ վերջին 20 տարիների ընթացքում. Ադրբեջանում խորանում է իրանաֆոբիան, կամ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր են դա խորացնում: Ամեն դեպքում Ադրբեջանում Իրանից վախ կա:
- Ես ընդհանրապես քիչ եմ համարում Իրանի դեմ պատերազմի վտանգը: Եղել են շատ ավելի լարված իրավիճակներ, բայց պատերազմ տեղի չի ունեցել, օրինակ, երբ գերլարված էին Իրան-Իսրայել և Իրան-ԱՄՆ հարաբերությունները: Այն երկրներում, որոնք կարող են հավանական պլացդարմ դառնալ Իրանի դեմ պատերազմ սկսելու համար, բարենպաստ վիճակ չէ հիմա դա անելու համար: Միայն Ադրբեջանը որպես պլացդարմ դիտարկելը քիչ է Իրանի դեմ պատերազմ սկսելու համար:
- Որպես ՀՀ քաղաքացի՝ անհանգստացնում է այն իրավիճակը, որ ստեղծվել է մեր պետության ներսում և Հայաստանի սահմաններից դուրս: Դաշնակիցների հետ հարաբերություններում պարտադիր է ճիշտ կողմնորոշվելը: Շատ կարևոր է թույլ չտալ, որ աղետը տեղի ունենա, քան թե աղետից հետո մեղավորներ փնտրելը:
- Գուցե մի օր էլ այս իշխանությունները բաց հայտարարությամբ պահանջեն Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, բայց հարցն այն է, թե նման քայլի գնալու դեպքում ինչպիսի՞ անվտանգային երաշխիքներ կամ դաշնակցային այլընտրանքներ են առաջարկվում:
- Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ որոշակի խնդիրներ կան, բայց դա չի նշանակում, որ եթե դաշնակիցդ իր պարտավորությունները չի կատարել, հարցի լավագույն լուծումը Դաշինքից դուրս գալն է: Սա մոտավորապես շանտաժի է նման: Եթե դու ունես իրական երաշխիքներ, միգուցե կարելի է այդ սցենարը քննարկել, բայց մենք մեր պատմության ընթացքում տեսել ենք, որ արևմտյան ուժերը չեն արել այն, ինչ պետք է անեին:
- ՔՊ-ն 2021թ. ընտրություններից առաջ ակտիվորեն վարում էր խաղաղության դարաշրջան բացելու քարոզ, և երբ մասնագետներն ասում էին, որ դա իլյուզիա է, մարդիկ չհավատացին ու արտահերթ խորհրդարանական ընտրություններում կրկին ընտրեցին նրանց: Հետո Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ու մինչ այժմ դուրս չեն եկել:
- Պետք է տեսնել, թե ինչ իրավիճակ է ստեղծվել հետխորհրդային այն հանրապետություններում, որոնք դուրս են եկել պայմանական ռուսական ազդեցության գոտուց:
- Մեր հարևան Վրաստանում չկա ռուսական բազա, ՌԴ-ի հետ չունի դաշնակցային հարաբերություններ, ՀԱՊԿ անդամ չէ, սակայն նա ՆԱՏՕ-ի անդամ էլ չէ: Նույն իրավիճակն է Ուկրաինայի պարագայում: Այնպես չէ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը սեղանին դրված տետրը վերցնելու պես հեշտ բան է:
- Զուտ քաղաքակրթական առումով մենք ավելի մոտ ենք Իրանին, և որպես իրանագետ՝ կարծում եմ, որ լավ կլիներ, եթե ՀՀ-ն պատերազմից հետո նոր անվտանգային համակարգ կառուցելիս դրա մեջ ներառեր նաև Իրանին: Դա նաև մեր շահերից է բխում:
- Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած «5-րդ շարասյուն» արտահայտությունն Իլհամ Ալիևի և Ադրբեջանի պրոիշխանական գործիչների ամենասիրած արտահայտությունն է։ Դա նրանք օգտագործում են՝ ըստ նպատակահարմարության։
- Եթե «խաղաղության պայմանագիրը» դեռ չի ստորագրվում, ուրեմն կամ նոր կետեր են ավելանում, կամ կա մի կետ, որը, այնուամենայնիվ, ընդունելի չէ հայկական կողմի համար։
- Երբ մի օր Ադրբեջանի հետ խաղաղության քարոզ ես անում, մյուս օրն ասում ես, որ նույն Ադրբեջանը քեզ ուզում է ցեղասպանել, դա չի ընկալվում ոչ արտաքին աշխարհի, ոչ ներսի՝ մեր հասարակության կողմից։ Նման պարագայում հայաստանյան հասարակությունն ինչպե՞ս պիտի կողմնորոշվի։
- Իրանի համար Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը վստահելի չէ։
- Ադրբեջանն ուզում է Բերձորի միջանցքում ունենալ հսկիչ-անցագրային կետ, և հիմա բոլոր գործողությունները միջանցքում ուղղված են դրան։ Սա էլ պետք է դիտարկել Ադրբեջանի պահանջած ինտեգրացիայի՝ նրանց պահանջների համատեքստում։
Մարտի 3-ին Արևմտյան Ադրբեջան կոչվող համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին «Հաղթահարելով լեռները. խաղաղ և իրավական վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» լսումների ժամանակ հայտարարել է.
«Մենք՝ որպես Արևմտյան Ադրբեջանի համայնք, նամակով դիմել ենք Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ներկայումս Հայաստանում գործող Եվրոպական միության առաքելությանը։ Ներկայումս գրանցված է 237 գյուղ, որոնք պատկանում են Արևմտյան Ադրբեջանին, շուրջ 20 հազար ընտանիքի փաստաթղթեր են հավաքվել»։
Այսինքն՝ Ադրբեջանը հետևողական և կոնկրետ քայլեր է կատարում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ:
Այս կապակցությամբ Արտյոմ Տոնոյանը նշել է.
«Այն, ինչ անում է ադրբեջանական կողմը, տրամաբանական է։ Երբ դու հրաժարվում ես Արցախից, համարում ես, որ ոչ թե ինքնորոշման հարցն է կարևոր, այլ արցախահայերի իրավունքները, նման հայտարարությունները շատանալու են, որովհետև դու թույլ ես տալիս, որ թշնամին համարի, որ խնդիրը վերջացած է, և տարածքն իրենցն է։ Եթե տարածքն իրենցն է, նշանակում է՝ իրենց տարածքում ունեն 120 000 հայ բնակչություն։ Եվ բնական է, որ ուզում են բալանսի բերել ու Հայաստանում ևս ադրբեջանցիներ տեղակայել ու ստեղծել Հայաստանում ադրբեջանական համայնք։ Հիմա արվում են դա ստեղծելու առաջին քայլերը»։