Պարեկ տեսնելիս պե՞տք է դիմել ոստիկանությանը. Լրագրողը` Վահե Ղազարյանին
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որից հետո արդեն ԱԺ միջանցքում լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել նրան։
Առաջին հարցը դեռ չհնչած՝ Վահե Ղազարյանն ասաց, որ շտապում է։
Այդուհանդերձ հարցը հնչեց, թե արդյո՞ք ասելիք չունի պարեկների կողմից մարդու վրա կրակելու և նրան սպանելու դեպքի առնչությամբ։
«Դուք լավ գիտեք, որ դրա վերաբերյալ կա քրեական վարույթ, դրա շրջանակներում կատարվում է նախաքննություն»,- շեշտեց Վահե Ղազարյանը։
Հաջորդ հարցին՝ ի՞նչ իրավախախտում էր արել նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, թե՞ նրա նկատմամբ քաղաքական ռեպրեսիա էր իրականացվում, Վահե Ղազարյանը պատասխանեց, որ ոստիկանությունը երբեք քաղաքականությանը չի խառնվել ու չի էլ խառնվելու։
Ինչ վերաբերում է հարցին, որ ինքը Նիկոլ Փաշինյանի դասարանցին է, որևէ կաշկանդվածություն չունի՞ նրանից, Վահե Ղազարյանը պատասխանեց, որ ինքը եղել է Նիկոլ Փաշինյանի զուգահեռ դասարանից։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ պարեկ տեսնելիս պետք է դիմել ոստիկանությանը, Վահե Ղազարյանը նախ ծիծաղեց և պատասխանի փոխարեն՝ հարցրեց՝ ինչո՞ւ, ինչի՞ համար։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում