«Ջերմուկում կուտակումներ կա՞ն՝ հերքեք կամ հաստատեք». Աննա Գրիգորյանը՝ Սուրեն Պապիկյանին

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղեց Սուրեն Պապիկյանին, նախ՝  առաջնագծի կահավորման մասին։

«Զեկույցում ներկայացվեց, որ համապատասխան աշխատանքներ իրականացվում են, բայց նաև փաստ է, որ պատերազմից երկու տարի հետո մեր ամբողջ առաջնագիծն ամբողջությամբ կահավորված չէ, դրա դրսևորումները նաև հանրային դաշտում է  երևում։ Ավելին՝ Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք շատ բարդ իրավիճակում ենք գտնվում։ Նույնիսկ մինչև այսօր պատշաճ կերպով չի բացատրվել, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ 17-18 տղաներ ապրել են այդքան փոքր խցում։ Դրան զուգահեռ՝ ասվում է, որ Իտալիայից ինչ-որ բաներ է ներկրվում։ Ուզում եմ հասկանալ, որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կահավորումը հավուր պատշաճի իրականացվի և զինվորներն ապահով կարողանան իրենց զինվորական ծառայությունն իրականացնեն»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Նրա երկրորդ հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ռազմական էսկալացիայի վտանգը շատ մեծ է։

«Ուզում եմ հասկանալ, թե սա ի՞նչ է նշանակում։ Այսօր մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Ջերմուկում կուտակումներ կան, եթե կարող եք, ապա հաստատեք կամ հերքեք և այս համատեքստում ասեք, թե մեր ազգային ներուժի կարողություններն ինչպե՞ս կարող ենք օգտագործել հնարավոր հարձակումը կամ բախումը չեզոքացնելու համար։

Կարդացեք նաև

Նաև հարց ունեմ՝ Փաշինյանի ասած՝ 5-րդ շարասյան վերաբերյալ։ Երեկ պարզվեց, որ Հայաստանը 44-օրյա պատերազմում պարտվել է, որովհետև ոչ թե զենք չենք ունեցել կամ ռազմական ներուժ չենք ունեցել, այլ որովհետև բոլորը 5-րդ շարասյան ներկայացուցիչներ են եղել։ Երբ խոսում եք բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, չե՞ք կարծում, որ սա ամենաշատն է վնասում հենց բանակում կայուն մթնոլորտը պահպանելուն։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մի առանձին պայմանագիր է կնքվում ձեզ նախորդած Վաղարշակ Հարությունյանի կողմից, իհարկե, Նիկոլ Փաշինյանի հորդորով, որն այն մասին է, որ զորքերը հետ են քաշվում մինչև Սյունիքի սահմանները և այնտեղ Գորիս-Կապան կամ Կապան-Ճակատեն ճանապարհը վերահսկելու ռեժիմներ են սահմանվում, որտեղ նշվում է, որ հայկական բեռնատարները պետք է անխափան երթևեկություն իրականացնեն։ Ինչպե՞ս է ստացվում, որ այդ կնքված պայմանագիրն այս պահին չի իրականացվում»,- հարցրեց Աննա Գրիգորյանը։

Պատասխանելով պատգամավորի բարձրացրած հարցերին՝ Սուրեն Պապիկյանը նախ հորդորեց  Աննա Գրիգորյանին  չխեղաթյուրել Նիկոլ Փաշինյանի ասածները, որովհետև «բոլորը 5-րդ շարասյուն են» արտահայտությունը դա վատ արտահայտություն է, որն անում է պատգամավորը։

«Նա բոլորի մասին չի խոսել, այլ խոսել է այն դերակատարների մասին, որոնք ստանձնել են այդ դերակատարումը, և կապ չունի, թե որտեղ են, այդ թվում՝ քաղաքացիական կյանքում, գուցե ԱԺ-ում, բայց ես, բնականաբար, չեմ գնա դրա էմոցիոնալ հատվածին, բայց կնշեմ, որ մենք իրականության հետ վերջապես առերեսվելու կամք ունենանք։ Խոսքը հայոց պետականության մասին է, մեր պետականության լինելիության մասին է, և, բնականաբար, բանակը դրա կարևոր բաղադրիչն  է։ Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, և ընդդիմությունը ամեն օր կարող է դրա մասին խոսել ու լրահոս դարձնել, ապա դրանից է, որ պատվերը դրա մասին է»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

Ըստ նրա, ովքեր աշխատում են թուլացնել պետականությունը, ապա 5-րդ շարասյուն արտահայտությունը նրանց համար մեղմ է, դա դավաճանություն է։

«Ինքս որևէ պայմանագրից տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս