Ի՞նչ չափսերի է լինելու Շառլ Ազնավուրի արձանը. Միքայել Մանրիկյանը՝ Ավինյանին
Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ժամանակ հայտնեց, որ Շառլ Ազնավուրի հիմնադրամի հետ քննարկումները սկսվել են դեռևս նախորդ տարվանից:
«Նախնական մեր քննարկումների տեղադիրքը եղել է հենց Շառլ Ազնավուրի հրապարակը, սակայն, հաշվի առնելով, որ ունենք Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխման հարցը՝ քաղաքացիների համար ավելի տեսանելի հատված, այս երկու առաջարկությունները միաձուլվել են, և առաջակվում է Ազնավուրի արձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում»,- մանրամասնեց Տիգրան Ավինյանը:
ԲՀԿ ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք նախնական էսքիզային տարբերակ, և ի՞նչ չափսերի է լինելու արձանը:
Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ քննարկումներ են ընթանում, բոլոր մատնանշված հարցերը հաշվի են առնվելու:
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ հետաքրքրվեց, թե որտե՞ղ է ձուլվելու արձանը, լինելու են հա՞յ, թե՞ ֆրանսիացի մասնագետներ, փոխքաղաքապետը հայտնեց, որ դեռևս էսքիզային տարբերակը չկա: Ինչ վերաբերում է ձուլմանը, ապա Տիգրան Ավինյանն ասաց, որ կախված է արձանի տեսքից, սակայն հույս հայտնեց, որ կկարողանան ապահովել բոլոր պայմանները, որն անհրաժեշտ է քանդակագործին՝ արձանը ստեղծելու համար:
Որոշումն ընդունվեց 49 կողմ, զրո դեմ, զրո ձեռնպահ ձայներով: