Մեծ Բրիտանիան պաշտպանական ծախսերը կավելացնի 5 մլրդ ֆունտով, որի մի մասը կուղղվի Ուկրաինային փոխանցված զենքի պաշարների համալրմանը

Մեծ Բրիտանիան առաջիկա երկու տարում կավելացնի պաշտպանական բյուջեն 5 մլրդ ֆունտ ստեռլինգով։ Այս բյուջեից 1,9 միլիարդ ֆունտ ստեռլինգը կուղղվի Ուկրաինա ուղարկվող զենքի պաշարների համալրմանը, ինչպես նաև զինամթերքի արտադրության կարողությունների բարելավմանը:

Պաշտպանական բյուջեի ավելացման մասին կհայտարարվի անվտանգության նոր ռազմավարության մեջ, որը նախատեսվում է հրապարակել այսօր։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը սա հաստատել էր Կալիֆորնիայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի հետ հանդիպումից առաջ։ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին հակազդելու համար 2021 թ.-ին ստեղծված AUKUS (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ) դաշինքի հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ավստրալիային միջուկային սուզանավերի մատակարարման հարցը:

Ավստրալիան կդառնա աշխարհում յոթերորդ երկիրը՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հնդկաստանից և Ռուսաստանից հետո, որը կշահագործի միջուկային սուզանավեր։

Մեծ Բրիտանիան նախատեսում է 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ ծախսել AUKUS-ին աջակցելու և սուզանավերի կառուցման ու սպասարկման արդյունաբերական ենթակառուցվածքը կատարելագործելու համար:

Մեծ Բրիտանիայի պաշտպանական ռազմավարությունը որոշվել է վերանայել այն բանից հետո, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալեց Ուկրաինայում։

Պաշտպանական ծախսերը կվերանայվեն 2025 թ.-ից հետո՝ երկարաժամկետ հեռանկարում դրանք հասցնելով ՀՆԱ-ի 2,5%-ին, ասել է Դաունինգ Սթրիթի խոսնակը: Ըստ ՆԱՏՕ-ի տվյալների՝ անցյալ տարի Բրիտանիան ռազմական կարիքների համար ծախսել է իր ՀՆԱ-ի 2,16 %-ը: Լոնդոնը շարունակում է իր պաշտպանական ծախսերն ավելացնել արդեն 4 տարի անընդմեջ՝ առաջին անգամ Սառը պատերազմից ի վեր:

Տեսանյութեր

Լրահոս