Պատերազմը՝ որպես պատմության շարժիչ ուժ, կամ՝ ինչ է ռազմիկների սոցիումը

«Եթե սիրում ես քո հարազատներին և ատում պատերազմը, ապա պարտավոր ես ոչնչացնել թշնամիներիդ, որպեսզի նրանք չկարողանան նորից պատերազմ սանձազերծել»

Ալեքսանդր Սուվորով

Մարդկությունն իր հազարամյա պատմությունը ձևավորել է պայքարի միջոցով։ Տարբեր ցեղախմբերի միջև բախումները ժամանակի ընթացքում ձևափոխվել են պատերազմների արդեն տարբեր պետությունների միջև։ Մարդկության պատմությունը դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմների պատմություն է, որն ընթացել է առանց ընդմիջման Երկիր մոլորակի վրա մարդ տեսակի հայտնվելուց հետո։

Գիտնականները հաշվարկել են, որ վերջին 5000-ամյա պատմության ընթացքում մարդը համեմատաբար խաղաղ է ապրել մոտ 250 տարի կամ այդ ժամանակահատվածի 5 տոկոսը։ Ինչո՞ւ միայն 5 հազար տարին, որովհետև քիչ թե շատ փաստաթղթավորված մենք գիտենք այդ ժամանակահատվածի պատմությունն ամբողջության մեջ, առանց ընդհատվելու։

Կարդացեք նաև

Դար դարի վրա պատերազմներն ավելի արյունալի են դառնում, և դրանց թե՛ երկարատևությունը, և թե՛ հաճախականությունը միայն ավելանում է։ Հաշվարկված է, որ 18-րդ դարում ընթացող բոլոր պատերազմներին զոհ է գնացել մոտ 4 միլիոն մարդ, իսկ արդեն 19-րդ դարում այդ թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 8 միլիոնի, սակայն 20-րդ դարն իր արյունահեղությամբ աննախադեպ է եղել՝ այդ թիվը հասցնելով 100 միլիոնի։

Այսինքն՝ մարդկության զարգացումը՝ տեխնիկական և տեխնոլոգիական, ինչպես նաև համընդհանուր կրթությունը միայն նպաստել են միմյանց ոչնչացնելու գործիքակազմը զարգացնելու համար։ Իսկ հումանիզմի մասին խոսակցությունները տանում են միայն այն երկրները, որոնք ցանկանում են դրանց հավատացողներին վերջնականապես ոչնչացնել. իզուր չէ, որ հումանիզմի քարոզով առաջին հերթին զբաղվում են զենքի մեծաքանակ վաճառքով զբաղվող պետությունները։

21-րդ դարի առաջին 23 տարիների պատմությունը, ցավոք, հաստատում է վերը նշված օրինաչափությունը՝ պատերազմներն էլ ավելի հաճախակի են դարձել և արյունահեղ, այսինքն՝ ոչինչ չի փոխվում։ Եթե 20-րդ դարում պատերազմները բռնկվում էին միջինը 2 տարին մեկ անգամ հաճախականությամբ, ապա 21-րդ դարում ինտենսիվությունը հասել է 14 ամիսը մեկ սկզբունքին։

Մարդկությունը զարգանում է նույն այն տրամաբանությամբ, ինչ և 5 հազար տարի առաջ էր, փոխվել է միայն գործիքակազմը՝ ձևը, բայց ոչ բովանդակությունը։ Միմյանց ոչնչացնելու մարդկության ցանկությունը պահպանվում է, փոխվել է միայն դրա արդյունավետությունը, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ մարդիկ իրար ոչնչացնում են էլ ավելի էֆեկտիվ կերպով։

Այս իրավիճակի պարադոքսը, սակայն, նրանում է, որ մարդկության զարգացում և պատերազմ բառերը շատ դեպքերում հոմանիշներ են։ Այսինքն՝ համաշխարհային պատմությունը հուշում է, որ տեխնիկական, տեխնոլոգիական, այդ թվում՝ նաև մշակութային և նույնիսկ կրթական զարգացումները հավասարապես ուղեկցում են պատերազմ հասկացողությանը։

Պատերազմը, ինչպես նշեցի, մրցակցության դաժանագույն ձևն է, ու դրանում հաղթում է նա, ով բոլորից լավ է պատրաստ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ հոգեբանական և, որ, ամենակարևորն է, ռազմավարական մտքի զարգացման առումով։ Ամերիկացի հայտնի գիտնական Չարլս Թիլին գրում է, որ եվրոպական պետությունները ստեղծվում էին՝ 10-րդ դարից սկսված, անընդհատ ընթացող պատերազմներին դիմակայելու տրամաբանությամբ։

Այդ պատերազմներն էին «հուշում» ու ստիպում մեծ տեղ հատկացնել տեխնիկական և տեխնոլոգիական զարգացումներին, ինչպես նաև մշակույթին, որը պետք է գովերգեր ռազմիկի հերոսությունը և հաղթանակը։ Մեծ տեղ էր հատկացվում նաև ռազմական կրթությանը, քանի որ դարեդար ընթացող և անընդհատ բարդացող պատերազմին կարող էին դիմակայել կրթված հասարակությունները՝ սոցիումները։

Ու այսպես սկսվում էր ձևավորվել ռազմիկների սոցիումը, որը մյուսներից, առաջին հերթին, տարբերվում էր ռազմավարական-խորքային մտածելակերպով, կազմակերպչական հմտությամբ, բարձր կրթությամբ ու հայրենասիրությամբ։ Ինչով էլ նրանք տարբերվում էին նրանց զուգահեռ ձևավորվող ծառաների սոցիումից։

Հռոմեական կայսրության ռազմական ֆենոմենի հիմքում պատրիկներն էին, կայսրության այն խավը, որը հողագործ լինելուց բացի՝ կարևորում էր կրթությունը և զենքին տիրապետելու արվեստը։ Իսլամի խոսքը աշխարհով մեկ տարածող մուսուլմաների ահռելի բանակը՝ 7-8-րդ դարերում, ավելի կրթված էր, քան նրա հարևան քրիստոնյա ժողովուրդները։

Մուհամեդ մարգարեի հետնորդներն առաջինն էին, որ կրթությունը դարձրեցին ձրի և պարտադիր բոլորի համար, ինչը նաև նրանց հաջողության հիմքում էր։

Բրիտանացիները դեռ միջնադարում ստեղծեցին ռազմակրթական ուսումնական կենտրոներ, որտեղ ազնվականների զավակներին դեռ մանուկ հասակից կտրելով ընտանիքից, պարտադիր կերպով ուղարկում էին ուսուցման, և հենց դրանց շրջանավարտները հետագայում ստեղծեցին Բրիտանական գերհզոր կայսրությունը։

Պետրոս Առաջինը ռազմական կրթությունը պարտադիր սարքեց բոյարների զավակների համար, իսկ հետագայում այդ ուսումնական կենտրոնների դռները լայն կերպով բացվեցին բոլոր խավերի ներկայացուցիչների համար, սկիզբ դնելով Ցարական կայսրության ընդլայնմանը։

Ձևավորվող ռազմական սոցիումները հետագայում դառնում էին նոր, գերհզոր կայսրությունների ձևավորման և զարգացման հենասյուները։

Նման սոցիումները ստեղծվում էին երեք կարևորագույն հենքի վրա՝ կրթություն, ռազմական գործ, մշակույթ։ Բանակը դառնում էր ոչ միայն ռազմական, այլև քաղաքական կարերիայի կարևորագույն պայման՝ միայն հաջողությունը ռազմի դաշտում և պատերազմում կարող էր նպաստել առաջխաղացմանը։ Այն նաև կարևոր սոցիալական վերելակ էր հասարակ խավերի մարդկանց համար, որոնք կարող էին շարքայինից հասնել ոչ միայն հրամանատարի տիտղոսին, այլև կայսրի գահին։

Ներկայումս, աշխարհի թիվ մեկ գերտերությունում՝ ԱՄՆ-ում, բնակվում է 16 միլիոն պատերազմի վետերան։ ԱՄՆ-ը պետություն է, որի տարածքի վրա ոչ ոք երբեք չի հարձակվել, իր բանակը պարբերաբար ուղարկում է տարբեր հակամարտությունների գոտիներ, կատարում ներխուժումներ և հեղաշրջումներ՝ արդյունքում ձևավորելով պատերազմի փորձ ունեցող՝ Կորեական պատերազմից մինչև Աֆղանստան, ամենամեծաքանակ և ռազմատենչ բանակներից մեկը, այդպիսով հզորացնում է ռազմիկների իր սոցիումը, ինչը նրա կայսերական միահեծանության գերկարևոր պայմաններից մեկն է։

(շարունակելի)

 ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

պատմական գիտությունների թեկնածու 

Տեսանյութեր

Լրահոս