Դեռ ինչքան կթանկանան բնակարանները
Անշարժ գույքի շուկայում տարին մեկնարկել է առք ու վաճառքի գործարքների կրճատումով։ Ավելի քիչ գույք է վաճառվել, այդ թվում՝ նաև բնակարան, քան նախորդ տարի։
Սա ենթադրում է, որ շուկան դեռ շարունակելու է թանկանալ։ Թանկացման հիմնական պատճառն առաջարկի կրճատումն է։ Մարդիկ, ովքեր մտադրություն ունեն վաճառել իրենց գույքը, արտաքին պահանջարկի հետևանքով ձևավորված բարձր գների արդյունքում՝ գերադասում են վարձակալության հանձնել և եկամուտներ ստանալ։ Թեև վերջին ամիսներին վարձակալության գները շուրջ 30 տոկոսով նվազել են, այնուհանդերձ շարունակում են շատ ավելի բարձր մնալ, քան նախորդ տարվա այս շրջանում։
Սա էլ դարձել է անշարժ գույքի առաջարկի կրճատման հիմնական պատճառներից մեկը՝ ազդելով գների բարձրացման վրա։
Երևույթը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վաճառվող գույքի առաջարկը շուկայում չի ավելացել կամ չի կրճատվել վճարունակ պահանջարկը։
Այս փուլում շուկան գտնվում է առք ու վաճառքի պասիվ վիճակում։ Այն գալիս է դեռևս անցած տարվանից։
Անցած տարվա երկրորդ կեսին անշարժ գույքի առք ու վաճառքը կրճատվեց ավելի քան 17 տոկոսով։
Տարվա կտրվածքով էլ գործարքների կրճատումը կազմեց 5,6 տոկոս։ Նախորդ տարվա համեմատ 3,1 հազարով ավելի քիչ անշարժ գույք վաճառվեց։
Այս տարվա սկիզբը ևս ակտիվությամբ չի փայլում։ Անշարժ գույքի առք ու վաճառքի կրճատումը շարունակվում է։
Պաշտոնական տվյալներով, հունվարին Հայաստանում 8,7 տոկոսով ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել, քան վաճառվել էր մեկ տարի առաջ։
Նախորդ ամսվա համեմատ գործարքների նվազումը շատ ավելի մեծ է՝ անցնում է նույնիսկ 36 տոկոսից։
Բայց հաշվի առնելով սեզոնայնության գործոնը, սա մի կողմ թողնենք։ Անդրադառնանք այն միտումներին, որոնք տեղի են ունեցել վերջին մեկ տարվա կտրվածքով։
Ըստ այդմ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր տեսակների վաճառքը կրճատվել է։
Կրճատումը շատ ավելի կտրուկ է արտահայտվել հատկապես Երևանում։
Այս տարվա հունվարին մայրաքաղաքում 20,5 տոկոսով ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել։ Անցած տարվա հունվարին վաճառվել էր՝ 1037, այս տարվա հունվարին վաճառվել է ընդամենը 824 անշարժ գույք։
Ընդհանուր առմամբ հունվարին Հայաստանում վաճառվել է 3021 անշարժ գույք։
Բնակարանների վաճառքը կրճատվել է գրեթե 21 տոկոսով, անհատական տներինը՝ ավելի քան 11 տոկոսով, արտադրական նշանակության շինություններինը՝ 21,2 տոկոսով, հասարակական նշանակության շինությունները՝ 25,1 տոկոսով, գյուղատնտեսական նշանակության հողերինը՝ 10,3 տոկոսով, ավտոտնակներինը՝ 6,5 տոկոսով։
Չորս տոկոսով ավելացել է միայն գյուղատնտեսական նշանակությունից դուրս հողերի վաճառքը։
Երևանում բնակարանների վաճառքը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 16,5 տոկոսով։ Ավելի քան 31 տոկոսով պակաս անհատական բնակելի տուն է վաճառվել։
Կտրուկ պակասել է նաև արտադրական և հասարակական նշանակություն ունեցող անշարժ գույքի վաճառքը, մի դեպքում՝ գրեթե 23, մյուս դեպքում՝ շուրջ 32 տոկոսով։
Պատկերը շատ չի տարբերվում նաև մյուս անշարժ գույքերի պարագայում։
Երևանի բնակարանային շուկայում հունվարին ընդամենը 601 բնակարան է վաճառվել։ Անցած տարի վաճառվել էր 741-ը։ Մարզերում վաճառվել էր՝ 823, այս տարի վաճառվել է 687-ը։
Անշարժ գույքի շուկայում պասիվ են եղել նաև օտարերկացիները։ Նրանց կողմից անշարժ գույքի ձեռքբերման գործարքներն ավելի քան 17 տոկոսով կրճատվել են։ Վաճառքը ևս կրճատվել է, բայց ավելի քիչ՝ 7,9 տոկոսով։
Անշարժ գույքի առք ու վաճառքի այս պասիվությունն ուղեկցվել է գների շարունակվող բարձրացմամբ։ Տարեսկզբին ևս անշարժ գույքը թանկացել է։
Մեկ ամսվա կտրվածքով մայրաքաղաքի բնակարանային շուկայում դա արտահայտվել է միջին գների՝ 0,5, մարզերում՝ 0,8 տոկոս բարձրացմամբ։
Թեև Երևանի որոշ հատվածներում դիտարկվել են նաև գնանկումային երևույթներ։
Մասնավորապես՝ այդպիսի միտումներ են արձանագրվել Քանաքեռ-Զեյթունում, որտեղ գները 0,3 տոկոսով նվազել են։ Անցած տարվա վերջին մայրաքաղաքի այս հատվածում միջին գները եղել են 392,2 հազար դրամ, դարձել են 391 հազար։
Նաև Կենտրոնի որոշ գոտիներում է գների նվազում արձանագրվել։ Այդպես է եղել մասնավորապես չորրորդ գոտում, որտեղ գները 0,5 տոկոսով իջել են։
Նման միտումներ են նկատվել նաև մայրաքաղաքի այլ հատվածներում։ Բայց շուկան ընդհանուր առմամբ շարունակել է թանկանալ։
Թանկացումն ակնհայտ է հատկապես տարվա կտրվածքով։ Պաշտոնական տվյալներով, Երևանում բնակարանների գները վերջին մեկ տարում բարձրացել են 11,4 տոկոսով։ Մարզերում նույնիսկ ավելի շատ՝ 15,7 տոկոսով։
Դա արտահայտվել է քառակուսու հաշվարկով գների 20 հազարից մինչև 105 հազար դրամով բարձրացման տեսքով։
Գումարային արտահայտությամբ թանկացումն ամենաշատը երևում է Կենտրոնի բնակարանների դեպքում. նախորդ տարվա համեմատ՝ ավելի քան 105 հազար դրամով։
Վերջին մեկ տարվա ընթացքում Արաբկիրում բնակարանների գները բարձրացել են միջինում 67 հազարով, Դավիթաշենում՝ 51 հազարով, Էրեբունիում՝ 34 հազարով, Քանաքեռ-Զեյթունում՝ 33 հազարով, Ավանում՝ 29 հազարով, Շենգավիթում՝ 27 հազարով, Նոր Նորքում՝ 25 հազարով, և այլն։
Գնային այս դրսևորումները վկայում են, որ անշարժ գույքի շուկան ևս հայտնվել է բարձր գնաճային միջավայրում։ Բայց այդ աճերի մեջ մեծ է տնտեսական գործոններով չհիմնավորված գնագոյացման ազդեցությունը, ինչը լուրջ ռիսկ է անշարժ գույքի շուկայի և շուկայի մասնակիցների համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ