«Փաշինյանը համաձայնությունը տվել է. թիրախը հայ հասարակությունն է». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի՝ ինտեգրացիոն պահանջը նոր չէ, մշտապես հնչել է, այլ հարց է, որ հիմա Արցախի իշխանությունները դա դրեցին շրջանառության մեջ:

«Այս 30 տարիների ընթացքում արցախյան որևէ իշխանություն դա շրջանառության մեջ չէր դրել: Այսինքն՝ տարբեր բանակցություններում և Ադրբեջանի քարոզչության մեջ դա հնչում էր, բայց առաջին անգամ Արցախի իշխանություններն ուղիղ տեքստով ասում են, որ սա է: Ընդ որում, Արայիկ Հարությունյանը կիսալղոզված ասում է, որ եթե կան ցանկացողներ, թող հայտարարեն այդ մասին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ Արցախը ոչ միայն Ադրբեջանի, այլև Մոսկվայի, Իրանի և այլ երկրների հետ պետք է փորձի բանակցել. «Ես չեմ ասում, որ դա կարող է բերել փրկության, բայց դա հնարավորություն է, որովհետև Հայաստանի իշխանությունների մոտ չկա ցանկություն: Մենք տեսնում ենք, որ 2020թ. հետո ինքը ստանձնել է որոշակի պարտավորություն, որ ձեռքերը լվանում է Արցախից, դա երևում է նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթում: Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ այդպես չէ, անգամ իր նախընտրական պլատֆորմում օգտագործեց Արցախի հետ կապված ձևակերպումներ, բայց մենք տեսնում ենք, որ իրենց քաղաքականությունն այլ է: Այսքանից հետո ի՞նչ պետք է անի Արցախը: Արցախը ցանկացած դեպքում պետք է փորձի բանակցել, անգամ, եթե այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս: Արցախի և Ադրբեջանի շահերը դիամետրալ տարբեր են, Ադրբեջանը չի ընդունել Արցախի ժողովրդի իրավունքները, երբ հայությունն ուժեղ էր. այս 30 տարիների ընթացքում հայությունն այս վիճակում չէր, բայց անգամ այդ ժամանակ չի ընդունել դա: Իսկ հիմա, երբ հայությունը գտնվում է ջախջախված վիճակում, և արցախահայության միակ հույսը մնացել են ռուս խաղաղապահները, ինչո՞ւ է որևէ մեկին թվում, որ Բաքուն ծափ տալով՝ ընդունելու է հայության պահանջները»:

Արցախում Ադրբեջանի դիվերսիոն հարձակումից հետո դարձյալ մեղադրանքներ հնչեցին ռուս խաղաղապահների հասցեին, որ չեն կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը և դեպքի վայր հասան միայն այն ժամանակ, երբ երեք հայ ոստիկաններ էին զոհվել, իսկ մեկը՝ վիրավորվել:

Կարդացեք նաև

Արգիշտի Կիվիրյանը նկատեց՝ ռուս խաղաղապահներն անկարող են 100 տոկոսով ապահովել հայ բնակչության շահերը.

«Հարցը պետք է այլ կերպ դնել՝ իսկ կա՞ արդյոք մեկ ուժ, որը կարող է ավելի լավ ապահովել: Միջազգային խաղաղապահների մասին են խոսում, բայց նրանց ներգրավելու համար պետք է հասկանալ՝ արդյո՞ք Բաքուն թույլ կտա դա: Ռուս խաղաղապահների ներգրավումը Բաքուն թույլ է տվել՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ դնելով նաև իր ստորագրությունը: Ընդ որում՝ այնպես չէ, որ ինքը կամավոր համաձայնել է դրան: Ռուսական կողմը բավականին կոշտ ճնշում էր իրականացնում ոչ միայն հայկական իշխանությունների վրա, այլ նաև ադրբեջանական իշխանությունների վրա, որպեսզի տան այդ համաձայնությունը: Բաքվում հարց էր առաջանում՝ իրենց զորքը կանգնած է Ստեփանակերտի մատույցներում, Արցախի բնակչության մեծ մասն այդ պահին լքել էր Արցախը, մնացել էին ռազմական ստորաբաժանումները, ինչո՞ւ պետք է Բաքուն գնար այդ համաձայնությանը, երբ մնացել էր մի քայլ, որ Ստեփանակերտի վրա բարձրացվի ադրբեջանական դրոշը: Դրա համար, ես վստահ եմ, այդ մեղադրանքը ադրբեջանական կողմից դեռ հնչելու է Ալիևների հասցեին: Ռուսական կողմը ինչ-ինչ ճանապարհով կարողացավ այդ հարցը լուծել: Իսկ ձեզ ինչո՞ւ է թվում, որ միջազգային հանրությունն ընդհանրապես ունի ցանկություն այդ հարցը լուծելու, կամ, որ միջազգային խաղաղապահներն ավելի լավ են պաշտպանելու արցախահայության շահերը:

Նման պնդում անողներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ միջազգային խաղաղապահ առաքելությանը Ռուանդայում, Բոսնիայի և Հերցեգովինայի անկլավներում և այլ տեղերում, թե ինչով դա ավարտվեց այն ժողովուրդների համար, որոնց պաշտպանում էին միջազգային խաղաղապահները: Այստեղ գոնե կա մեկ պատասխանատու սուբյեկտ, որն իր կայսերական շահերից ելնելով՝ գոնե կարողանում է ինչ-որ գործառույթ իրականացնել»:

Վերլուծաբանն ընդգծեց՝ Ռուսաստանն այս տարածաշրջանում երկրորդ ճակատ բացելու հնարավորություն և ցանկություն չունի. «Ռուսաստանն ամեն կերպ փորձում է չկատաղեցնելով Ադրբեջանին՝ ֆիքսել ադրբեջանցիների պատասխանատվության հարցը: Ադրբեջանն ինչո՞վ է շահագրգռված օր առաջ լուծել արցախահայության «ինտեգրման» հարցը: Իրեն պետք է, որ այս հարցը լուծի մինչև այն պահը, հենց Ռուսաստանը շուռ կտա դեպի այս տարածաշրջան, որովհետև ինքը հոյակապ հասկանում է, որ դրանից հետո արցախահայությունը կարող է վերածվել Ռուսաստանի ձեռքում շատ կոշտ մտրակի, որը կիջնի Ադրբեջանի գլխին»:

Արգիշտի Կիվիրյանի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները տվել են բոլոր համաձայնություններ. «Նրանք դա չեն էլ թաքցնում: Այս քաղաքականության թիրախը հայ հասարակությունն է, որ իրենք հասցնեն հայ հասարակությանը մի այնպիսի վիճակի, որ երբ Փաշինյանը դա ստորագրի, հայ հասարակությունը ոչ միայն ծպտուն չհանի, այլև ներքուստ անգամ ուրախ լինի: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնությունը տվել է: Ադրբեջանը, Փաշինյանն ու Արևմուտքը համատեղ իրականացնում են մի քաղաքականություն, որի նպատակը հենց դա է: Արևմուտքը հասկանում է, որ եթե անգամ Փաշինյանը ստորագրի, իսկ հայ հասարակությունը դրան դեմ լինի, դա կբերի, առաջին հերթին, արևմտյան երկրների՝ որպես գործընթացի քավորի նկատմամբ ատելության, այսինքն՝ իրենց ծրագիրը՝ Ռուսաստանին ստիպել լքել այս տարածաշրջանը, կարող է կյանքի չկոչվել, որովհետև այդ հասարակության շերտի վրա հիմնվելով՝ Ռուսաստանը կկարողանա այստեղ այլ գործընթացներ իրականացնել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս