Արյունոտ իշխանության ճարտարապետությունը

Տաբուները պետությունների ու հասարակությունների բնականոն կենսագործունեության համար ունեն կենսական նշանակություն։ Տարբեր ժամանակներում դրանք հանդես են եկել տարբեր դրսևորումներով՝ կրոնական հավատալիքներից մինչև հանրային կյանքը կարգավորող չգրված բարոյական նորմեր։ Հասկանալի է, որ այսօր տաբուները չեն կարող գործել այնպես, ինչպես դարեր առաջ, բայց դրանից երևույթի գործառնական նշանակությունն ու կարևորությունը չի փոխվում, փոխվում են ընդամենը դրսևորումները։ Անկախ այդ դրսևորումներից, սակայն, տաբուները հանրային ու պետական կյանքում ունեն կարմիր գծերի, արգելակների նշանակություն, որոնց խախտումն առաջացնում է նվազագույնը հանրային պարսավանք և ընդվզում։

Ծայրահեղ ազատականության, մարդու իրավունքների ու ազատությունների պարզունակ բացարձակացման տեսանկյունից, տաբուները, իհարկե, կարող են դառնալ ծաղրի կամ հեգնանքի առարկա։ Բայց դա հնարավոր է հարաբերականորեն չկայացած ու ներքին դիմադրողականությունից զուրկ հանրույթներում, որովհետև անգամ ամենաժողովրդավարական հասարակություններն ունեն տաբուներ, և դա նրանց չի խանգարում իրացնել մարդու իրավունքներն ու ազատությունները։

Մենք, դժբախտաբար, այդպիսինների շարքին չենք դասվում և հեշտորեն թույլ տվեցինք ու շարունակում ենք թույլ տալ իշխանության կողմից հասարակական կյանքում երբևէ հիմնարար նշանակություն ունեցած տաբուների կազմաքանդումն ու դրա արդյունքում՝ հանրային արժեհամակարգի ու բարոյականության ձևախեղումը։ Օրինակները ողբերգականորեն շատ են։ Անցած հինգ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, իր ընտանիքի անդամների, իշխանության ներկայացուցիչների միջոցով, ըստ էության, զբաղվել է տաբուների համակարգված, հետևողական ոչնչացմամբ։

2018թ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը՝ ամենևին ոչ պատահականորեն ձեռնամուխ եղավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին, որը շարունակվում է մինչև օրս։ Դրա զուգահեռ, կրկին իշխանության գալուց ի վեր, հեղինակազրկվեց բանակն ու զինվորականությունը։ Այսինքն՝ նրա իշխանության մեկնարկը նշանավորվեց պետության ու հասարակության հոգևոր ու ֆիզիկական անվտանգության հիմնասյուների խարխլմամբ։ Ասվածն ամենևին չի նշանակում, թե եկեղեցում կամ, առավել ևս, բանակում խնդիրներ չկային, կամ, որ դրանց մասին չպետք էր խոսել։

Կարդացեք նաև

Ճիշտ հակառակը, և՛ եկեղեցում, և՛ զինված ուժերում կային ու այսօր էլ կան տասնյակ հիմնարար պրոբլեմներ։ Բայց մի բան է խնդիրների վերհանումն ու արծարծումը՝ դրանք լուծելու, բարեփոխելու, ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, և միանգամայն այլ ռեժիմ է, երբ այդ խնդիրները որպես առիթ են օգտագործվում՝ համակարգերը հեղինակազրկելու ու կազմաքանդելու համար։

Նիկոլ Փաշինյանը գնաց հենց երկրորդ ճանապարհով ու եկեղեցում ու բանակում եղած խնդիրներն ընդամենն օգտագործեց՝ այդ համակարգերն ամեն կերպ թուլացնելու նպատակով։ Մինչև 2018 թվականը, լավ կամ վատ, կային տաբուներ և՛ եկեղեցու, և բանակի նկատմամբ վերաբերմունքում, ինչը կրկին չի նշանակում անտեսել դրանցում առկա խնդիրները։ Բայց Նիկոլ Փաշինյանը դրանք լուծելու փոխարեն՝ ուղղակի ոչնչացրեց տաբուները՝ բոլորին հայտնի հետևանքներով։

Արցախյան հարցը նորանկախ Հայաստանի հիմնադրման, նրա ճարտարապետության անկյունաքարն էր՝ դրա վրա խարսխված տաբուների համակարգով։ Եվ ինչպես եկեղեցու ու բանակի դեպքում, Արցախի հետ կապված հարցերում նույնպես նախկինում կային խնդրահարույց երևույթներ, արատավոր դրսևորումներ և այլն։ Բայց կրկին, դրանցով հանդերձ, և՛ հանրային ընկալման տիրույթում, և՛ վարվող պետական քաղաքականության մեջ Արցախի հարցը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ բարոյական տաբու էր, կարմիր գիծ, որը որևէ մեկը չէր կարող հատել։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, սկզբում այդ տաբուն օգտագործեց սեփական քարոզչության նպատակով, ինքնահաստատվեց Արցախի վերաբերյալ արկածախնդիր հայտարարություններով, ապա տեղի ունեցավ 44-օրյա ողբերգական պատերազմը, որը հիմնահատակ ջախջախեց Արցախի հարցի վրա խարսխված տաբուների համակարգը։

Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի խորհրդանիշ Շուշին հռչակվեց «դժգույն ու դժբախտ քաղաք», այդպիսով անվանարկվեց ու պիտակավորվեց գործնականում հաղթանակն ու Արցախի ազատագրման գաղափարն ինքնին։ Դրանից հետո արդեն Արցախի մասին Հայաստանից հնչող պաշտոնական հայտարարություններում պետք է սովորական դառնային ինֆանտիլիզմը, չմիջամտությունը, «Արցախը թող բանակցի Ադրբեջանի հետ» բնույթի հայտարարությունները։ Տաբուների առանձնահատկությունը նաև դրանց հիերարխիկ բնույթն է երբ ոչնչացվում է գլխավոր տաբուն, մյուսները կազմաքանդվում են դոմինոյի էֆեկտով։

Քաղաքական տաբուների համակարգի դեմոնտաժն ուղեկցվել է նաև անհատական, ավանդական արժեհամակարգի մաս կազմող տաբուների նսեմացմամբ։ Արդեն պատերազմից հետո պարզ դարձավ, որ ամենևին պատահական չէր Նիկոլ Փաշինյանի կնոջ հայտնի հայտարարությունը՝ «մեր որդիների՝ ոչնչի համար զոհվելու» մասին։ Հեղափոխական էյֆորիայից կուրացած հասարակությունը չհասկացավ, որ այդպիսով ոտնահարվեց ևս մեկ տաբու՝ մահը հարգելու, մահացածին չծաղրելու տաբուն, առավել ևս, երբ խոսքը հայրենիքի համար նահատակվածների մասին է։

Տաբուների համակարգի այդ հետևողական կազմաքանդման հետևանքն արդեն իսկ տեսանելի է այսօր․ հաջորդիվ պետության՝ որպես տաբուի, պետության՝ որպես անբեկանելի արժեքի, հեղինակազրկումն է, որով հետևողականորեն զբաղված է Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը։ Քարոզչական մակարդակում դա ուղեկցվում է անհատական կյանքի, անհատական երջանկության ֆետիշացման պատմություններով, որոնք երկրորդական, երրորդական պլան են մղում հավաքական, ընդհանուր արժեքները, ինչպիսին պետությունն է։

Նիկոլ Փաշինյանը՝ տեսանելի և թաքնված պայքար մղելով հայկականության անբաժանելի մաս կազմող տաբուների դեմ, իրականում ունի մեկ, եզակի տաբու, և դա սեփական իշխանությունն է, հանուն որի պատրաստ է ու անարգել ոտնահարում է բոլոր արգելքներն ու կարմիր գծերը։ Նա դա կարողանում է, որովհետև չի խորշել ոտնահարել նաև գերեզմանային խրախճանքից հաճույք չստանալու տաբուն և հաջողությամբ վայելում է սեփական իշխանությունը, որն ամենաարյունոտն է նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս