Հայաստանից հնչած ուղերձները վաղը կփոխանցեմ Բաքվին. ԵԱՀԿ նախագահ
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և համապարփակ կարգավորումը մնում է ԵԱՀԿ առաջնահերթությունը։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն է, մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով և ազնվությամբ, անփոխարինելի է համապարփակ և տևական կարգավորման հասնելու համար»,- այս մասին այսօր ՀՀ կատարած այցի ընթացքում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը՝ անդրադառնալով իր այցի նպատակին։
Իեն Բորջն ասաց, որ Մալթան, ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, գիտակցում էր, թե որքան հսկայական մարտահրավերների առջև է։
«Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ, ձգձգվող հակամարտություններն ամբողջ տարածաշրջանում, օրենքի գերակայության խախտումներ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հետընթաց։ Պարզ ասած՝ ԵԱՀԿ-ն ինքնին և դրա հիմնադիր սկզբունքները ճնշման տակ են գտնվում։ Չնայած այս հանգամանքներին, մենք ընդունեցինք նախագահությունը, քանի որ հավատում ենք կազմակերպության վճռորոշ դերին մեր ընդհանուր անվտանգության մարտահրավերներին դիմակայելու հարցում»,- ասաց Բորջը։
Նա նշեց, որ ՀՀ-ում իր ներկայության նպատակը ԵԱՀԿ գործընկերներին ուշադրությամբ լսելը, նրանց կարիքները գնահատելն ու արդյունքների վրա հիմնված երկխոսության մեջ ներգրավվելն է։
ԵԱՀԿ գործող նախագահը նաև ընդգծեց, որ սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումը միանշանակ արժեքավոր քայլ է այդ ճանապարհին։ «Վաղը Բաքվում ես կարձագանքեմ այս ուղերձներին, կփոխանցեմ այս ուղերձներն իմ ադրբեջանցի գործընկերներին և կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններին։ Որպես ԵԱՀԿ՝ պատրաստ ենք է՛լ ավելի ներգրավված լինել և աջակցել տարածաշրջանում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ տեղահանվածների և հակամարտությունից տուժած անձանց հարցում»,- ասաց նա։