![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ նախագահն ու ՎԶԵԲ նախագահն անդրադարձել են Հայաստանի ֆինանսական համակարգում փոփոխությունների ուղղություններին
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1137119.jpg)
Հայաստանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցության բարձր մակարդակի մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգում ընթացող զարգացումներին և փոփոխությունների ուղղություններին, առկա մարտահրավերներին և վերջիններիս հաղթահարման հնարավորություններին:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման, ենթակառուցվածքների ֆինանսավորման, ՀՀ տնտեսության մեջ շարունակական բարեփոխումների, բանկային համակարգում և մասնավոր հատվածում զարգացումների, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար սկզբունքների շուրջ:
Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը Հայաստանի տարբեր մարզերում և երկրի տնտեսության տարբեր ոլորտներում և ընդգծել են երկրի հետագա զարգացման գործում վերջին տարիներին իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը: