Բոլոր փաստաթղթերում Արծվաշենը եղել է հայկական. վերադարձի համար 50 կմ երկայնքով պետք է լինի պաշտպանական բնագիծ. Արծվաշեն համայնքի ղեկավար

Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու գործընթացի մեկնարկից շատ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արծվաշենի մասին։ Դեռևս 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ապագա կա, կա ապագա» կարգախոսով շրջելիս, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրում էր եռակողմ հայտարարությունը, խոսակցություններ ու կետ է եղել անկլավների հետ կապված, սակայն այն հետո հանվել է։

«Մենք անկլավ՝ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ, և մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, և այն ինչ իրենց հսկողության տակ է՝ մնա իրենց հսկողության տակ, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ։ Չգիտեմ՝ դուք գիտե՞ք, թե՞ ոչ, բայց օրինակ՝ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Այսօր մեր գյուղերում հազարավոր վարելահողեր կան, որոնք գտնվում են իրենց տիրապետության տակ։ Երբ այս թեման եկել է, մենք էլ այդ թեման ենք բերել բանակցություններին։ Ասել ենք, որ մենք ունենք հազարավոր հեկտարներով հողեր, կոնկրետ Տավուշի մարզն այս իմաստով ամենաշատն է, և Բերդի տարածաշրջանի հազարավոր հեկտար հողեր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ»,- https://168.am/2021/06/11/1529949.html ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նախորդ տարի էլ, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ կան հարցեր, որոնք պետք է կարգավորվեն.

«Մենք էքսկլավի հարց ունենք՝ Արծվաշենի հարցը: Օկուպացված գյուղերի հարց կա, իհարկե կա, օրինակ՝ Պառավաքար, Այգեհովիտ, Վազաշեն, Բերքաբեր և այլն: Այդ բոլոր հարցերը պետք է քննարկվեն: Մինչև այդ հարցերը չլուծենք, կայունություն չի լինելու: Լուծումները երազանքի լուծումներ չեն լինելու, բայց պետք է լինեն լուծումներ»:

Կարդացեք նաև

Վերջին շրջանում, երբ Տավուշի մարզում ընթանում է սահմանազատման գործընթաց, Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը որևէ խոսք չեն ասում ո՛չ Արծավաշենի, ո՛չ էլ այն հազարավոր հեկտար վարելահողերի մասին, որոնք՝ մասնավորապես Տավուշի մարզում, գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ։

168.am-ի հետ զրույցում Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանն անդրադառնալով Արծվաշենի վերադարձի հարցին, ասաց, որ այն վերադարձնելու բոլոր իրավական հիմքերը կան, իսկ գլխավոր իրավական հիմքն այն է, որ 1854 թվականից սկսած Արծվաշենում ապրել են միայն հայեր։ Այն որևէ անգամ Ադրբեջանի իշխանությունները չեն ղեկավարել, Արծվաշենը եղել է ՀՀ կազմում։

«Բոլոր քարտեզներում, ուզում է 1923 թվականի լինի, ուզում է լինի Ալմա Աթայի հռչակագիրը կամ այլ փաստաթուղթ, Արծվաշենը եղել է հայկական, ու արծվաշենցիները մշտապես կրել են հայկական անձնագիր։ Կրկնում եմ՝ Արծվաշենը եղել է հայկական՝ ուղղակի անկլավի կարգավիճակում։ Այն ժամանակ խաղաղություն է եղել, թուրքերը մեր տարածքով էին իրենց ճանապարհները, հոսանքը տանում։ Կարող են արխիվը նայել, բոլոր իրավական հիմքերն այնտեղ կան, այն ժամանակ, երբ եղել է Անդրֆեդերացիա, առանձին պետություններ չեն եղել, այնտեղ Արծվաշենը եղել է՝ որպես Հայաստանի տարածք։ Արծվաշենի բնակչությունը միատարր է եղել, բոլորը՝ հայեր, նույնիսկ մեկ ադրբեջանցի այնտեղ գիշերը չի քնել։

Ինքս 1992 թվականից եմ Արծվաշենում եղել գյուղապետ, հիմա մեր գյուղապետարանը մնում է։ Ժամանակին Գետաբեկի շրջանի ղեկավարության հետ էլ ենք ջերմ հարաբերություններ ունեցել, Բաքվի ԿԳԲ-ի ղեկավարի հետ կային շփումներ։ Այն ժամանակ որևէ ադրբեջանցի՝ շարքային քաղաքացի լիներ թե պաշտոնյա, նման խնդիր չէր դնում, որ Արծվաշենը վիճարկելի տարածք է, բոլորը ընդունում էին՝ որպես հայկական տարածք, ու վերջ»,- նշեց Մամիկոն Խեչոյանը։
Ըստ նրա, մշտապես խոսակցություններ եղել են Արծվաշենը Տիգրանաշենի հետ փոխանակելու մասին, սակայն ՀՀ Սահմանադրությամբ որևէ բան չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։
«130 տարի Արծվաշենում հայերն ապրել են, 2-3 հարյուր տարի էլ կապրեն, խնդիրն անվտանգության երաշխիքներն են, որոնք պետք է լինեն՝ արծվաշենցիների վերադարձի համար։ Ադրբեջանցիները մտավախություններ ունեն, Արծվաշենի շրջագիծը 50 կմ է, եթե այդ 50 կիլոմետրով մերոնք դիրքեր դնեն, այնպես, ինչպես այսօր Վարդենիսում է կամ Ճամբարակում, այդ դեպքում և Գետաբեկում են խնդիր ունենալու, և Շամխորում, որովհետև մերը բարձունքներ են։ Խնդիրն այն է, որ սահմանապահները լինեն, կամ ԶՈւ-ի կողմից այս 50 կիլոմետրի վրա լինի պաշտպանական ամրություն։ Հասկանալի է, Խորհրդային Միության ժամանակ ընդհանուր երկիր էր, դրա կարիքը չկար, հիմա եթե առանձին պետություն ենք, ապա այդ բնակավայրին պետք են պաշտպանական բնագծեր»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Մամիկոն Խեչոյանի խոսքով՝ այսօր արծվաշենցիների 70 տոկոսը բնակվում է Ճամբարակում, որն ուղիղ գծով Արծվաշենից հեռու է 7 կմ։ Արծվաշենցիներն այդքան մոտ են բնակություն հաստատել՝ Արծվաշեն վերադառնալու հույսով։ Եթե, Ճամբարակի նմանությամբ, պաշտպանական բնագծեր լինեն Արծվաշենի շուրջ, բոլոր արծվաշենցիները պատրաստ են վերադառնալ այնտեղ։
«Հիմա մենք Ճամբարակում տուն ունենք, որը թշնամու դիրքերից հեռու է 3 կմ, իսկ Արծվաշեն բուն բնակավայրում պետք է 7-8 կմ գնաս, որ հասնես թշնամու դիրքերին»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, այսօր արծվաշեցիներին՝ բացի փախստականից, տարբեր կարգավիճակով են դիմում, բռնի տեղահանվածներ, ներքին տեղահանվածներ, ըստ հիմնավորման՝ Հայաստանում փախստական համարվելու համար արծվաշենցիները պետք է բնակվեին ադրբեջանական տարածքում, ունենային ադրբեջանական անձնագիր։

Մամիկոն Խեչոյանի կարծիքով՝ ամենաճիշտը ներքին տեղահանվածի կարգավիճակն է, քանի որ արծվաշենցիների համար 1992 թվականից հետո իրենց հողում ապրելը դարձել էր անհնարին՝ կյանքի համար վտանգավոր։

«1992 թվականին Արծվաշենից մոտավորապես 2800 մարդ է տեղահանվել, նրանցից շատ քչերն են այսօր տեղափոխվել ՌԴ՝ մոտավորապես 10-15 ընտանիք։ Այսօր գրեթե 3000 արծավաշենցի բնակվում է Ճամբարակում ու հարակից գյուղերում, Դրախտիկում, Շորժայում։

Գավառցիները մի լավ խոսք ունենա՝ «հիրուր խետ», արծվաշենցիները սիրում են համայնքով մի տեղում բնակվել։ Շատերը գնացել են այլ վայրեր, որպեսզի ապրեն, չեն կարողացել, կրկին վերադարձել են Ճամբարակ։

Հիմա մեր համայնքի ղեկավարը արծվաշենցի է, մենք մեզ այստեղ օտար չենք զգում, դրա համար, նույնիսկ, եթե լավ պայմաններ էլ են առաջարկում, մարդիկ այստեղից չեն հեռանում։ Այսինքն՝ արծվաշենցիները սիրում են իրար հետ ապրել, այսպես ասած՝ կոմպակտ են ապրում, իրար հետ իրենց լավ են զգում՝ Արծվաշենում են որոշ չափով իրենց զգում»,- ընդգծեց Մամիկոն Խեչոյանը։

Տեսանյութեր

Լրահոս