Փորձում են պետական ռեսուրսը ծառայեցնել այլ մասնավոր շահերին. «Նոր Զովք»-ից արձագանքում են
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում խուզարկությունների ոդիսականը դեռ չի ավարտվել: Քննչական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել է՝ «Նոր Զովք»-ում առերևույթ հանցավոր հարկային չարաշահումների վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ. նրանք ձերբակալվել են
«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը 168.am–ի հետ զրույցում համոզում հայտնեց, որ Քննչական կոմիտեն առաջնորդվում է ենթադրությունների հիման վրա հաշվարկված գումարներով:
«Օրեր առաջ մենք արդեն հայտնել էինք մեր անհանգստությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող 29 սուպերմարկետներում, ինչպես նաև գրասենյակներում ու աշխատակիցների բնակարաններում կատարվող գործողությունների վերաբերյալ՝ բերելով մի շարք փաստեր, որ դրանք կատարվում են օրենսդրության կոպիտ խախտումներով:
Նաև հայտնել էինք, որ բաց ենք օրենքի շրջանակներում կատարվող բոլոր ստուգումների համար, սակայն իրավապահ մարմինների յուրաքանչյուր նոր քայլ խորացնում է մեր մտահոգությունն առ այն, որ փետրվարի 20-ից մեկնարկած այս գործողությունները ոչ թե ուղղված են փաստաթղթերի կամ շրջանառության ստուգմանը, այլ նպատակ ունեն խաթարել ընկերության բնականոն գործունեությունը և մեծ վնաս պատճառել: Իսկ ինչն առավել տարակուսելի է՝ պետական ռեսուրսը ծառայեցնել այլ մասնավոր շահերին․ ստիպված ենք գալ նման եզրահանգման»,- նշեց Ռաֆայել Խաչատրյանը:
Ցանցի փոխտնօրենը հավելեց՝ թեև լիահույս էին, որ Քննչական կոմիտեն կվերանայի օրենքի հետ որևէ առնչություն չունեցող աշխատելաոճը, սակայն մարտի 1-ին կատարված ձերբակալությունները, ըստ նրա, հակառակի մասին են վկայում և ստվերում օբյեկտիվ քննության իրենց ու հանրության բոլոր սպասումները:
«Չխախտելով նախաքննության գաղտնիության պայմանը՝ միայն նշենք, որ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ բերված են թվեր ու գումարներ, որոնք հաշվարկված են ենթադրությունների հիման վրա: Չեն կարող լինել նման խոշոր ու միտումնավոր անճշտություններ, իսկ եթե անգամ կան համակարգում տեխնիկական սխալներ, վստահ ենք, որ ցանկության դեպքում շատ արագ կարելի էր դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալ: Սրա անհրաժեշտությունը վարույթ իրականացնող իրավապահ մարմինը չի տեսել, փոխարենը դիմել է նման ոչ իրավաչափ գործողությունների:
«Նոր Զովք» ընկերությունը հետևողական է լինելու քննությունն օբյեկտիվ դաշտ վերադարձնելու, գործընթացի անօրինականությունները բացահայտող հանգամանքները ներկայացնելու և ընկերության բարի համբավը վնասելու փորձերը կանխելու հարցում: Մենք վստահ են, որ բիզնեսի նկատմամբ նման կամայական ու ոչ իրավաչափ գործողությունները վնասելու են ոչ միայն «Նոր Զովքին», որը հազարավոր մարդկանց համար աշխատատեղ է այսօր, այլ ցանկացած տնտեսավարողի՝ ստեղծելով բիզնեսի համար ոչ կայուն ու ռիսկային միջավայր, ու նաև՝ կասկածի տակ դնելով պետության՝ վստահելի գործընկերոջ ինստիտուտը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ամփոփեց Ռաֆայել Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին տեղեկություն էր տարածվել, որ փակ են «Զովք» (նախկինում՝ «Նոր Զովք») սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերը, և այնտեղ խուզարկություններ են տեղի ունենում:
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ։ Այլ մանրամասներ այս պահին նպատակահարմար չէ տրամադրել՝ ելնելով նախաքննության շահերից։ Քննության որոշակի փուլում ՀՀ ՔԿ-ն տեղեկատվություն կտրամադրի»,- 168.am-ին հայտնել էին ՔԿ-ից։
Ավելի ուշ եղավ նաև ՊԵԿ պարզաբանումը. «ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: Արդյունքում, ընկերությունը թաքցնում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր»:
168.am-ն անդրադարձել էր թեմային՝ նշելով. «Այս սուպերմարկետների ցանցն աչքի է ընկնում համեմատաբար էժան գներով, որն ավելի մատչելի և հասանելի է քաղաքացիների համար: Ըստ մեր տեղեկությունների՝ «Զովքը» նոր և շատ խոշոր սուպերմարկետ է բացել Երևանի համայնքներից մեկում, որի մոտակայքում է գտնվում Նիկոլ Փաշինյանի սիրելի և հայտնի օլիգարխներից մեկի սուպերմարկետը, և գնային քաղաքականությամբ՝ «Զովքն» իրենով է արել համայնքի ողջ բնակչությանը. ապրանքների գների մեջ այլ սուպերմարկետների համեմատ առնվազն 40-100 դրամ տարբերություն կա:
Տեղեկություններ կան նաև, որ «Զովքի» դեմ արշավանքին նպաստել է նաև Փաշինյանի թիմակից մի պաշտոնյա (որի անունն առայժմ չենք հրապարակում)՝ հետևողական ջանքերով, քանի որ վերջինս 2022թ. սուպերմարկետների մի ցանցի տեր է դարձել՝ գնելով որոշ մարզերում գտնվող մի քանի սուպերմարկետներ, միավորելով մեկ ցանցի, մեկ բրենդի անվան մեջ»: