Ո՞ւմ դեմ է ուղղված «Զովքի» խուզարկությունը և ի՞նչ նպատակներ է հետապնդում
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ փակ են «Զովք» (նախկինում՝ «Նոր Զովք») սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերը, և այնտեղ խուզարկություններ են տեղի ունենում:
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ։ Այլ մանրամասներ այս պահին նպատակահարմար չէ տրամադրել՝ ելնելով նախաքննության շահերից։ Քննության որոշակի փուլում ՀՀ ՔԿ-ն տեղեկատվություն կտրամադրի»,- 168.am-ին հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ «Զովք» սուպերմարկետների ցանցը, ըստ ԶԼՄ հրապարակումների, պատկանում է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանի եղբորը՝ Արամ Արամյանին: Ժամանակին, երբ լրատվամիջոցները գրել էին, որ այնտեղ բաժնեմաս ունի նաև Մեսրոպ քահանա Արամյանը, «Այբ» դպրոցի հանրային կապերի պատասխանատուն ոչ հերքել էր, ոչ հաստատել՝ ասելով, որ այդ մասին իրենք տեղեկություններ չունեն։ Ի դեպ, «Զովք» սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքյան էջում հետագայում հրապարակում եղավ, որում ասվում էր, որ Արամ Արամյանը սուպերմարկետների ցանցի միակ հիմնադիր-տնօրենն է:
Այս սուպերմարկետների ցանցն աչքի է ընկնում համեմատաբար իր էժան գներով, որն ավելի մատչելի և հասանելի է քաղաքացիների համար: Ըստ մեր տեղեկությունների՝ «Զովքը» նոր և շատ խոշոր սուպերմարկետ է բացել Երևանի համայնքներից մեկում, որի մոտակայքում է գտնվում Նիկոլ Փաշինյանի սիրելի և հայտնի օլիգարխներից մեկի սուպերմարկետը, և գնային քաղաքականությամբ՝ «Զովքն» իրենով է արել համայնքի ողջ բնակչությանը. ապրանքների գների մեջ այլ սուպերմարկետների համեմատ առնվազն 40-100 դրամ տարբերություն կա:
Տեղեկություններ կան նաև, որ «Զովքի» դեմ արշավանքին նպաստել է նաև Փաշինյանի թիմակից մի պաշտոնյա (որի անունն առայժմ չենք հրապարակում)՝ հետևողական ջանքերով, քանի որ վերջինս 2022թ. սուպերմարկետների մի ցանցի տեր է դարձել՝ գնելով որոշ մարզերում գտնվող մի քանի սուպերմարկետներ, միավորելով մեկ ցանցի, մեկ բրենդի անվան մեջ:
Հիշեցնենք, որ 2018-ի հեղափոխություն կոչվածից անմիջապես հետո, ամիսներ անց հակամարտություն էր սկսվել ԿԳ նախկին նախարար, այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Տեր Մեսրոպ քահանայի միջև։ ««Այբ» հիմնադրամում մեծ պրոբլեմներ կան, ուսումնասիրությունները հանձնել ենք իրավապահներին»,- հայտարարել էր Արայիկ Հարությունյանը: Դպրոցում աուդիտ սկսվեց, որը հետագայում սահուն կերպով կոչվեց ուսումնասիրություն:
2021թ. դեկտեմբերին պարզվեց, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունները, ամբողջ աղմուկն անհիմն էին. Գործող իշխանությունների թիմակիցներով համալրված ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում կայացրեց հանցակազմի բացակայության հիմքով։
«Ավելի քան երեք տարի պետական ամենատարբեր կառույցներ, նույնիսկ իրավապահ մարմինները հետապնդում իրականացրին «Այբ»-ի նկատմամբ: Բազմաթիվ ստուգումների և քննության արդյունքը ցույց տվեց այն, ինչ ի սկզբանե բացահայտ էր բոլորի համար` «Այբ»-ում չարաշահումներ չկան: Ստիպված ենք արձանագրել, որ զգալի պետական ռեսուրսի իրացում պահանջվեց` հերքելու Արայիկ Հարությունյանի ակնհայտ անհիմն ու կանխակալ հայտարարությունները»,- ասված էր «Այբ» հիմնադրամի հայտարարության մեջ: