«29 մասնաճյուղում միաժամանակ խուզարկություն և առգրավում կատարելը միտված էր ընկերության աշխատանքների խաթարմանը». «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն
«Կատարվել է ապօրինի խուզարկություն և բռնագրավում: Տնտեսվարողի գործունեությունը տևական ժամանակ խաթարվել է, որի իրավունքը չունեին. մինչև հիմա կան մասնաճյուղեր, որոնք չեն աշխատում»,- 168.am–ի հետ զրույցում արձագանքելով «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում իրականացված խուզարկություններին՝ նշեց ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Փոխտնօրենը տեղեկացրեց, որ խուզարկության ընթացքում առգրավել են սարքեր և խուզարկողների չիմացության հետևանքով՝ վնասվել է գույքը:
«Ոչ մի աշխատակից՝ թե՛ ՊԵԿ-ի, թե՛ քննիչներ, թե՛ օպերլիազորներ տեղեկություն չունեին՝ ինչ էին կատարում իրենք. ընդամենն ասում էին՝ մեզ ասել են՝ մենք եկել ենք, մենք ի՞նչ անենք: Ես նրանց պարբերաբար ասում էի՝ հարգելիներս, մենք թաքցնելու որևէ ինֆորմացիա չունենք, բերեք ձեր հետ կրիչներ և ներբեռնեք ինֆորմացիան, բայց մի վնասեք գույքը, և առգրավելու կարիք էլ չկա, որովհետև մենք բաց ենք,- պատմեց Ռաֆայել Խաչատրյանը՝ նկատելով,- 29 մասնաճյուղում միաժամանակ խուզարկություն և առգրավում կատարելը միտված էր ընկերության աշխատանքների խաթարմանը»:
Փոխտնօրենը հայտնեց, որ առգրավված գույքը դեռ չի վերադարձվել, ցանցում առաջացել են ծրագրային լուրջ խնդիրներ:
Հիշեցնենք՝ երեկ տեղեկություն տարածվեց, որ փակ են «Զովք» (նախկինում՝ «Նոր Զովք») սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերը, և այնտեղ խուզարկություններ են տեղի ունենում:
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ։ Այլ մանրամասներ այս պահին նպատակահարմար չէ տրամադրել՝ ելնելով նախաքննության շահերից։ Քննության որոշակի փուլում ՀՀ ՔԿ-ն տեղեկատվություն կտրամադրի»,- 168.am-ին հայտնել էին ՔԿ-ից։
Ավելի ուշ եղավ նաև ՊԵԿ պարզաբանումը. «ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առևտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: Արդյունքում, ընկերությունը թաքցնում է իրական իրացման շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր»:
168.am-ն անդրադարձել էր թեմային՝ նշելով. «Այս սուպերմարկետների ցանցն աչքի է ընկնում համեմատաբար էժան գներով, որն ավելի մատչելի և հասանելի է քաղաքացիների համար: Ըստ մեր տեղեկությունների՝ «Զովքը» նոր և շատ խոշոր սուպերմարկետ է բացել Երևանի համայնքներից մեկում, որի մոտակայքում է գտնվում Նիկոլ Փաշինյանի սիրելի և հայտնի օլիգարխներից մեկի սուպերմարկետը, և գնային քաղաքականությամբ՝ «Զովքն» իրենով է արել համայնքի ողջ բնակչությանը. ապրանքների գների մեջ այլ սուպերմարկետների համեմատ առնվազն 40-100 դրամ տարբերություն կա:
Տեղեկություններ կան նաև, որ «Զովքի» դեմ արշավանքին նպաստել է նաև Փաշինյանի թիմակից մի պաշտոնյա (որի անունն առայժմ չենք հրապարակում)՝ հետևողական ջանքերով, քանի որ վերջինս 2022թ. սուպերմարկետների մի ցանցի տեր է դարձել՝ գնելով որոշ մարզերում գտնվող մի քանի սուպերմարկետներ, միավորելով մեկ ցանցի, մեկ բրենդի անվան մեջ»: