«Ձյունը շատ էր, քամին՝ ուժեղ, գյուղի ամբողջ ճանապարհը փակվել էր. համայնքապետարանի օգնությամբ երեկ բացել ենք». Կախակն գյուղի վարչական ղեկավար
Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը մի քանի ուղղություններով հարձակվեց Հայաստանի վրա՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք գյուղեր, որոնք 44-օրյա պատերազմից հետո դարձել էին սահմանամերձ, ավելի վտանգավոր գոտում հայտնվեցին։ Այդ գյուղերից մեկն էլ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղն է: Գտնվում է թշնամու զբաղեցրած դիրքերից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա։ Չնայած պարբերական բնույթ կրող կրակոցներին, բնակիչները շարունակում են ապրել գյուղում։
Փետրվարի 15-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կրակել էր հայկական դիրքերի ուղղությամբ, կրակոցները հիմնականում եղել էին Նորաբակի ուղղությամբ, բարեբախտաբար գյուղը վնասներ չէր կրել։
168.am-ի հետ զրույցում Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանն ասաց, որ այդ կրակոցներն իրենց գյուղին չեն հասել։
«Ընդհանուր վիճակը նորմալ է, կրակոցները մեր գյուղին չեն հասել»,- նշեց Աշոտ Վաթյանը։
Ըստ գյուղապետի, նախորդ օրերին խնդիրներ են եղել ձնաբքի պատճառով, փակվել էին ճանապարհները։
«Ձյունը շատ էր, քամին ուժեղ էր, գյուղի ամբողջ ճանապարհը փակվել էր, բայց համայնքապետարանի օգնությամբ երեկ այդ ճանապարհները բացեցինք»,- նշեց Աշոտ Վաթյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 200-ից ավելի զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերեվարվածներ։ Այդ հարձակումից հետո ադրբեջանական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով կրակում էր հայկական դիրքերի ու խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։