Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը մի քանի ուղղություններով հարձակվեց Հայաստանի վրա՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք գյուղեր, որոնք 44-օրյա պատերազմից հետո դարձել էին սահմանամերձ, ավելի վտանգավոր գոտում հայտնվեցին։ Այդ գյուղերից մեկն էլ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղն է: Գտնվում է թշնամու զբաղեցրած դիրքերից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա։ Չնայած պարբերական բնույթ կրող կրակոցներին, բնակիչները շարունակում են ապրել գյուղում։
168.am-ի հետ զրույցում Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանն ասաց, որ բնակչության շրջանում ամեն դեպքում խուճապը կա, քանի որ թշնամին գյուղի վերևում նստած է։
168.am-ի հետ զրույցում Աշոտ Վաթյանը նաև ասաց, որ թշնամու հարձակման հետևանքով մարդկանց մի մասը խուճապի մեջ է հայտնվել, փորձում են նրանց հետ աշխատանքներ տանել, հանգստացնել։
Լուրեր են շրջանառվում, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Կախակն գյուղից բնակիչներին տարհանում են։