Իրանի դեմ մեծ պատերազմի դեպքում Հարավային Կովկասում զարգացումները կարող են ունենալ տարբեր սցենարներ․ Տարասով

Ադրբեջանը շարունակում է նպատակադրված սրել իրանաադրբեջանական հարաբերությունները։ Չնայած պաշտոնական Թեհրանն օրերս ներողություն խնդրեց Իրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ հունվարի 27-ին տեղի ունեցած հարձակման համար, թեև այն կրում էր ոչ թե քաղաքական, այլ կենցաղային բնույթ, տեղի ունեցան հեռախոսազրույցներ երկու երկրների նախագահների ու ԱԳ նախարարների մակարդակով իրանական կողմի պնդումներով, որ դեպքը կուսումնասիրվի ու սպառիչ բացատրություններ կտրվեն, սակայն Ադրբեջանը, այնուամենայնիվ, նախընտրեց փակել դեսպանատունն Իրանում, տեղի ունեցածը որակել՝ որպես ահաբեկչություն Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց անհրաժեշտության չայցելել Իրան, իսկ այցելողներին՝ չափազանց զգույշ լինել:

Ավելին՝ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն Ադրբեջանում հակաիրանական հատուկ օպերացիա է իրականացրել իբրև թե իրանական գործակալական ցանցի դեմ։ Մասնավորապես Իրանի հետ կապ ունեցող մի շարք լրատվամիջոցներում՝ ձերբակալելով որոշ աշխատակիցների և արգելափակելով դրանց աշխատանքը Ադրբեջանի տարածքում։ Դրանք իբրև թե ԶԼՄ-ներ էին, որոնք Ադրբեջանում իրականացնում էին իրանամետ կրոնական քարոզչություն:

Դատելով իրադարձությունների նման ընթացքից՝ Ադրբեջանի դեսպանատան հետ տեղի ունեցածն Ադրբեջանի համար հարմար ու սպասված առիթ էր աննախադեպորեն սրելու համար Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները։

Բացի Ադրբեջանի հետ հարաբերությունները, որոնք չի կարելի դիտարկել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել արշավից առանձին, տարածաշրջանում լրջագույն ռիսկերի սկիզբ էր կրկին օրերս Իրանի դեմ իրականացված օդային հարձակումը։

Կարդացեք նաև

Պետք է ընդունել, որ վերջին տասնամյակների ընթացքում ավելի ու ավելի հաճախ է խոսվել Իրանի դեմ մեծ պատերազմի մասին։ Թեման սրվեց հատկապես 2020 թվականին Հայաստանի համար ողբերգական 44-օրյա պատերազմից հետո, երբ ընդլայնվեց իրանաադրբեջանական սահմանը, վտանգի տակ հայտնվեց հայ-իրանական սահմանը, որի դեմ ակտիվորեն պայքարում է Իսլամական Հանրապետությունը, և ըստ շատ փորձագետների, ռեգիոնում ռազմական գործողությունների հաջորդ թիրախը լինելու է Իրանը, և այստեղ մեծ դերակատարություն է ստանձնելու Ադրբեջանը, փորձելով վերադարձնել 44-օրյա պատերազմում Իսրայելի աջակցության «պարտքն» այդ երկրին։

Հենց այդ պատճառով, ըստ այդ հաշվարկների նաև, Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Ադրբեջանը շարունակեց Իսրայելից ստանալ աննախադեպ մասշտաբներով սպառազինություն, էլ ավելի սերտացնելով Ադրբեջան-Իսրայել ռազմական գերատեսչությունների միջև շփումները, որին զուգահեռ՝ սկսեց իրանաադրբեջանական հարաբերությունների սրումը։ Սա վերլուծաբանների համար ամենևին էլ նոր թեմա չէ, պարզապես հարցն այն է, թե սա այդ նախանշված մեծ պատերազմի մեկնարկային փո՞ւլն է, թե՞ ոչ։

Հայաստանի Հանրապետության համար, որը, մեղմ ասած, խճճվել է իր արտաքին քաղաքական խնդիրների մեջ, և այս ծանր օրերին այդ արտաքին քաղաքականությունը «համակարգում են» նախարար Արարատ Միրզոյանի կողքին կանգնած անփորձ երիտասարդներ, Իրանի շուրջ գեներացվող տրամադրությունները և դրանց հետագա զարգացումը ուղիղ ռազմական բախումների տեսքով կարող են գոյութենական խնդիր դառնալ։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի հակաիրանական պահվածքը, իհարկե, նորություն չէ, բայց մտահոգիչ է, որի նպատակը ոչ միայն ռեգիոնում Իրանն է, այլև Ռուսաստանը, այսինքն՝ Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը հատկապես մի իրավիճակում, երբ կա արդյունավետ համագործակցություն ու ազդեցության գոտիների վերաբաշխում Իրանի ու ՌԴ-ի միջև՝ Ուկրաինայում ՌԴ ՀՌԳ-ին զուգահեռ։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Իրանի դեմ օդային օպերացիայից ժամեր առաջ Իսրայել է այցելել ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը։

«Դժվար է ասել, որ այցն ու այդ գործողությունն ուղիղ կապ ունեն, բայց սա զարգացումների ֆոնին կարևոր տեղեկատվություն է, քանի որ Ուիլյամ Բըրնսը հատկապես զբաղվում է ռուսական ու իրանական ուղղություններով։ Բնականաբար, այդ այցի ընթացքում իրանական թեման քննարկվել է, սակայն ինչ կոնտեքստում՝ կդժվարանամ ասել։ Ավելի վաղ նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանն էր այցելել Իսրայել, և ըստ արևմտյան մամուլի տեղեկությունների, քննարկվել էր Իրանի նկատմամբ ճնշումները մեծացնելու հնարավորությունը։ Կոնկրետ ինչ դերակատարում ունի ԱՄՆ-ը այս օպերացիայում՝ շատ բարդ է ասել, բայց բարդ է նաև բացառել այն, որ ԱՄՆ-ը տեղյակ չէր, որ նման բան է լինելու։ Այսինքն՝ ինչ-որ համակարգում ամենայն հավանականությամբ եղել է»,- ասաց նա։

Տարասովի խոսքով, 2020 թվականի պատերազմի ժամանակ Իրանը լրջորեն առնչվեց Անդրկովկասում իր դերի աննախադեպ նվազման փաստի հետ, որից հետո սկսեց այս ռեգիոնում իր պատմական դերակատարությանը վերադառնալու փորձեր իրականացնել,  որից Հայաստանն ու Ադրբեջանը դժվարությամբ կարող են փախչել։ «Բնականաբար, չնայած կան նաև գլոբալ պատճառներ, բազմաթիվ խնդիրներ Ադրբեջանի ու Իրանի միջև, որոնք հմտորեն հաղթահարվել են, բայց Իրանի հարավկովկասյան ռևերանսները ևս էական հանգամանք էին Ադրբեջանի քաղաքականության համար։ Իրանն ամեն կերպ խուսափում է ուղիղ առճակատումից, ուղիղ բախումից, պահպանում է զգուշավորություն, ինչպես դա անում է միշտ։

Օրերս տեղի ունեցած օդային հարձակումից հետո ևս այդպես է դիրքավորվել, և չեմ կարծում, թե Իրանի պատասխանը լինելու է ուղիղ, Իրանը փորձելու է սպառնալիքները հեռացնել իր տարածքից, ինչպես դա մշտապես է անում։ Որքանո՞վ է Իրանին հաջողվելու սա անել անընդհատ՝ կդժվարանամ ասել, բայց չեմ բացառում, որ իրադարձությունների սրման դեպքում ՌԴ-ն փորձի հանդես գալ՝ որպես միջնորդ, որը նորմալ հարաբերություններ ունի թե Իրանի, թե Իսրայելի, թե Ադրբեջանի հետ»,- ասաց վերլուծաբանը։

Նրա գնահատմամբ՝ եթե այս զարգացումները չսահմանափակվեն առճակատման դիվանագիտական ու քաղաքական մեթոդներով, Իրանին չհաջողվի զսպել իր դեմ ծավալվող գործողությունները, ապա Հարավային Կովկասն անմասն չի մնա, զարգացումների սցենարները կարող են շատ տարբեր լինել, և գործողությունները կարող են ներառել տարբեր գոտիներ։

Նա չի բացառում, որ այդ սցենարները լինեն ոչ Ադրբեջանի օգտին։

«Բայց կրկնեմ, որ Իրանի ներկայիս տակտիկան թույլ է տալիս ենթադրել, որ ընտրվել է սպառնալիքները ոչ թե սրելու, այլ դրանք հնարավորինս հեռացնելու և լռեցնելու մարտավարություն։ Որքանով սա արդյունավետ կլինի՝ կախված է նաև հակառակորդների քայլերի վճռականությունից, եթե սադրանքներ շարունակվեն, ապա բախումից խուսափել այլևս չի հաջողվի»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս