«Որքան ուզում է թշնամին ճանապարհը փակի, մեկ է՝ խնդիրները լուծելով՝ այստեղ ապրելու ենք». Գետավանի գյուղապետ

Արցախի Հանրապետությունն արդեն 51 օր շրջափակված է Ադրբեջանի կողմից։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի կեղծ բնապահպանները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը և խախտել 120 հազար արցախահայերի ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Ինչպես Արցախի շատ գյուղերի, այնպես էլ Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի բնակիչները  շարունակում են ապրել սեփական հողում, հաղթահարել  շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններն ու լուծել ծագած խնդիրները։

168.am-ի հետ զրույցում Գետավանի գյուղապետ Արարատ Զաքարյանն ասաց, որ գյուղում այդպես անլուծելի խնդիրներ չկան, բոլորն էլ լուծելի են։

«Ընդհանուր վարչական ղեկավարը կարող է տեղեկություններ տալ ամբողջ համայնքների վերաբերյալ, բայց ես կարող եմ ասել, որ Գետավանում մեծ խնդիրներ չկան, ինչ խնդիր էլ կա՝ լուծում ենք»,- ասաց Արարատ Զաքարյանը։

Կարդացեք նաև

Նախկինում, այսինքն՝ մինչև շրջափակումն ադրբեջանական ավտոշարասյունն անցնում էր հենց այս գյուղի տարածքով, բայց ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց գյուղապետը.

«Թշնամու ավտոշարասյունն այս ընթացքում չի անցել։ Առանձնապես բան չկա ասելու, ամեն ինչ նորմալ է, բնակիչները նորմալ ապրում են։ Որքան ուզում է թշնամին թող այդ ճանապարհը փակի, մեկ է՝ խնդիրները լուծելով՝ մենք այստեղ ապրելու ենք»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։

Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս