«Գետավանում ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրն Ադրբեջանը ոչնչացրել է արցախահայերին բռնի տեղահանելուց երկու օր անց». Գյուղապետ

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել պատմական հուշարձանները։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններից հետո, Ադրբեջանը սկսել է քանդել գրեթե  բոլոր գերեզմանոցները, եկեղեցիները, հուշահամալիրները։ Ադրբեջանի թիրախում առաջին հերթին հայտնվել են Արցախի գոյամարտում նահատակվածների հիշտակին նվիրված հուշակոթողները։

Այս անգամ Ադրբեջանի թիրախում էր Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում կառուցված Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։

168.amի հետ զրույցում Գետավան գյուղի ղեկավար Արարատ Զաքարյանն ասաց, որ հուշահամալիրն ադրբեջանցիներն ավերել են իրենց բռնի տեղահանելուց երկու օր անց։

Կարդացեք նաև

«Արցախահայերին բռնի տեղահանելուց հետո, անմիջապես ոչնչացրել են հուշահամալիրը, դա նոր չէ տեղի ունեցել։

Իրականում ես չեմ կարող ասել, թե ինչ է պետք անել, որպեսզի Ադրբեջանին կանգնեցնեն։ Այդ հարցը կարող եք ուղղել Արցախի ու Հայաստանի իշխանություններին, ղեկավարներին»,- նշեց Գետավանի գյուղապետը։

Ըստ գյուղապետի՝ եկեղեցի չկա, այդ առումով լավ է, ադրբեջանցիները չեն ոչնչացնի, իսկ թե գյուղում այս պահին մյուս հայկական կոթողներն ինչ վիճակում են՝ չի կարող ասել։ Ադրբեջանի բաց աղբյուրներում տեղադրված են միայն Արցախյան ազատամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրի ոչնչացման տեսանյութերը։

Նշենք, որ հուշարձանների բացումը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 7-ին։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման առաջին թիրախներից եղել է հենց Գետավան գյուղը, որից անմիջապես հետո բնակիչները տարհանվել են։

Տեսանյութեր

Լրահոս