«Ձեզ պետք չէ ամուր տնտեսական ողնաշարով Հայաստան․ հենց այստեղ ձեր ու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը լիովին համընկնում են»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը  տելեգրամի իր ալիքում գրել է․ «Միայն անհույս տգետն ու ստախոս-պոպուլիստը կարող է Կարս-Իգդիր-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Բաքու-Դերբենդ լոգիստիկայում տեսնել նոր հնարավարություններ Հայաստանի տնտեսության համար:

Այդքան մտածում եք Հայաստանի տրանսպորտային անվտանգության մասի՞ն: Կառուցեիք Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղին (32 կմ) ՝ միացնելով Իջևան-Հրազդան-Երևան գիծը Թբիլիսի-Այրում-Գյումրի-Մասիս գծին՝ էապես նվազեցնելով բեռնափոխադրումների իրականացման ժամկետներն ու սակագնային հեռավորությունը:

Այդքան մտածում եք Հայաստանի տրանսպորտային դիվերսիֆիկացման մասի՞ն: Լաստանավեր գնեիք, այլ ոչ թե երկու տարի ԱԺ-ում ժամանակ վատնեիք՝ քննարկելով անպետք ու անիմաստ ՛՛ծովային օրենսդրությունը՛՛: Ու՞մ աչքին էիք թոզ փչում:

Սեփական երկաթուղային լաստանավերի առկայությունը թույլ կտար կանոնավոր ու բավականին էժան բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի համար առանցքային Փոթի-Կովկաս-Փոթի ուղղությամբ: Գինն էլ մի բան չէր: 1980-ականների արտադրության լաստանավերը Ռուսաստանը մեզ պատրաստ էր վաճառել 2-3 մլն դոլարով: Ասեցիք՝ հին է, ծախսերը շատ են: Ընդունեցինք, բայց այդ դեպքում ինչու՞ խուսափեցիք նորը գնելուց, որն արժե մաքսիմում 10 մլն դոլար: Երկու լաստանավը սկզբի համար մեզ լիովին կբավարարեր: Առնվազն խաղացող կդառնաինք վրացական նավահանգիստներում:

Պատասխանը պարզ է. ձեզ պետք չէ ամուր տնտեսական ողնաշարով Հայաստան: Ձեզ պետք չէ ապաշրջափակված Հայաստան: Ու հենց այստեղ ձեր ու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը լիովին համընկնում են»:

Տեսանյութեր

Լրահոս