Փաշինյանը՝ Գուրգեն Արսենյանի դեմքո՞վ, թե՞ ՔՊ պատգամավորը հակադրվում է շեֆին
Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը NEWS.am-իհետ զրույցում կրկնել է Ադրբեջանի նախագահի պնդումը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հարցը փակված է:
«Մենք պետք է դուրս գանք կեղծ իրականության թակարդից և նայենք իրականությանը այնպես, ինչպես կա: Արցախի հարցը, որպես էդպիսին, որը որ հակամարտություն էր, և էդ հակամարտությունը մոտ 30 տարի գտնվում էր տաք կամ սառը փուլում, դրանով զբաղվում էին միջազգային հանրության ներկայացուցիչները՝ ՄԽ, եռանախագահողներ և այլն: Չլուծվեց բանակցությունների սեղանի շուրջ, Արցախի հարցը, այսպես ասենք, լուծվեց ռազական ճանապարհով: Արցախի հարցը լուծված չէր այն պահին, երբ որ Արցախի և Ադրբեջանի միջև կանգնած էին հայկական զորամիավորումները: Հիմա Արցախի ողջ երկայնքով կանգնած են ադրբեջանական զորամիավորումները: Արցախի հարց կոչեցյալը լուծվել է. մնացածը տեխնիկական պրոցես է, որը կընթանա: Այդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կլինի: Եվ վերջում նրանք կգան մի ֆորմատի, որը երկուսին էլ կբավարարի»,- նշել է ՔՊ պատգամավորը:
2021 թվականի մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հակառակ կարծիքն ուներ: Արագածոտնի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Հաջորդը՝ պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ: Եվ ուզում եմ ասել, որ շատ կլինեն հարցեր, թե լավ, ի վերջո, մեր տղերքն ինչի՞ համար զոհվեցին: Ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին: Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը լուծել, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնա: Մենք բոլորս դա գիտենք, չէ՞: Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, և ուզում եմ ասել՝ մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց էլի ուզում եմ արձանագրել, որ այն, ինչ մենք ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»:
Բայց դա միայն 2021 թվականին: Ավելի քան մեկ տարի անց Փաշինյանն էլ կարծես սկսում է տարակուսել:
2022 թվականի նոյեմբերին էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին և նշելով, որ այն երբեք չի եղել տարածքային խնդիր, այլ հարցը ԼՂ-ի հայության իրավունքների ու անվտանգության ապահովումն է, Նիկոլ Փաշինյանը շեշտել էր.
«Եթե Ղարաբաղի հարցը լուծված է, շատ լավ, այդ դեպքում ԼՂ հայությունն ինչո՞ւ չի զգում դա: Եթե ԼՂ հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջ դիրքեր տեղադրել և ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է ոչ միայն Հայաստանը, այլ նաև միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծվի կամ լուծված լինի: Մենք ասում ենք, որ այդ լուծումը առաջին հերթին պետք է տեսնեն, զգան, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ: Ինչո՞ւ են նրանք անընդհատ սպառնալիքի ներքո»:
2022 թվականի ապրիլին 14-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը վերը նշված տրամաբանության շրջանակում հայտարարել էր.
«Եթե զինվորը կանգնած է սահմանին, դա խաղաղություն չի։ Խաղաղությունը այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով և ոչ թե դիրքերի միջոցով։ Մոտ հազար զոհ ենք ունեցել ասվող խաղաղության ժամանակաշրջանում, դա խաղաղություն չի»:
Մյուս կողմից, 2022-ի աշնանից Նիկոլ Փաշինյանը ակտիվացրեց թեզը, թե Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը:
Գուրգեն Արսենյանն այսօր կրկնեց Փաշինյանի 2023-ի հունվարի 10-ի ասուլիսի ընթացքում հնչեցրած շեշտադրումը՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին:
«ԼՂ ժողովուրդն ինքը պետք է որոշի, և ԼՂ ժողովուրդն է, որ պետք է հաղորդակցության մեջ լինի, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ: Եվ այս համատեքստում պետք է որոշվի հարցը»,- ընդգծել էր նա:
Ինչ է ստացվում՝ Փաշինյանը հրաժարվե՞լ է Արցախի հարցի լուծված-չլուծված լինելու մասին իր նախկին տեսակետից: Գուցե: Մյուս կողմից և՛ Նիկոլ Փաշինյանը, և Գուրգեն Արսենյանը Արցախի հարցի լուծված-չլուծված լինելը կապում են սահմանին հայկական բանակի՝ ՊԲ, ԶՈՒ զինվորի ներկայության հետ:
Այս տեսանկյունից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հրաժարվել է իր դիրքորոշումից, այլ արել և անում է ամեն ինչ, որ ՊԲ և ՀՀ ԶՈՒ ուժերը չեզոքացնի և հրապարակավ ցույց տա, որ Արցախի խնդիրը լուծված է արդեն: Իսկ տարբեր ժամանակներում նրա հայտարարությունների ուսումնասիրությունն ու վերլուծությունը փաստում են, որ Փաշինյանն այդ եզրահանգման է եկել արդեն 44-օրյա պատերազմից հետո, պարզապես այս ընթացքում մի քանի տեխնիկական հարցերի լուծման անհրաժեշտություն կար, որպեսզի հենց դրանցով լեգիտիմացներ կամ հիմնավորեր սեփական ցանկությունն ու դիրքորոշումը:
Կարճ ասած՝ Գուրգեն Արսենյանը արտահայտում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, կամ՝ Փաշինյանն է խոսում Գուրգեն Արսենյանի միջոցով:
Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորը NEWS.am-ի զրույցում նշել է նաև, որ Թուրքիան երբեք չի սպառնացել ՀՀ-ին, իսկ արցախցիներն էլ կարող են ադրբեջանցիների հետ համատեղ ապրել: Նիկոլ Փաշինյանն էլ է ասում՝ Ադրբեջանին, Թուրքիային պետք է դադարել որպես թշնամի ընկալել, ատելությունը պետք է կառավարվի:
TOGARMA տելեգրամյան ալիքը դեռ անցած տարի էր զգուշացրել, որ Ադրբեջանը և Թուրքիան դուրս են մղվելու Հայաստանի թշնամիների ցանկից, և նրանց փոխարեն այդ ցանկում հայտնվելու է Ռուսաստանը, իսկ Անկարան և Բաքուն կդառնան Հայաստանի գործընկերներ:
Հավելենք, որ 2021-ի ապրիլին 168.am-ը գրել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ Թուրքիան, հնարավոր է, արևմտյան ուղղությամբ հարձակվի:
Այն, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր Թուրքիայի կողմից սադրանքների կամ հստակ գործողությունների մասին, չէր հերքել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Մասնավորապես, factor.am-ի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել էր.
«Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է.- Մ.Պ.)»:
Իհարկե, Թուրքիան դժվար թե ուղիղ հարձակվի ՀՀ-ի վրա, և գուցե այս առումով Արմեն Գրիգորյանի ասածին վերապահումով կարելի է մոտենալ, այն, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ընթացքում թե ռազմական, և թե բարոյահոգեբանական առումով աջակցում էր Ադրբեջանին, փաստ է, այն, որ Ադրբեջանի միջոցով Թուրքիան սպառնալու է, դա էլ անվիճելի է, քանի դեռ թուրք-ադրբեջանական տանդեմը չի ստացել իր ուզածն ամբողջությամբ: