«Եթե հայ մարդը ընդունում է, որ ռազմական ճանապարհով Արցախի հիմնախնդիրը լուծվել է՝ հայ կոչվելու իրավունք չունի». Դավիթ Գալստյան
Արդեն 37-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է։ Այս օրերին ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հնչեցրել են բազմաթիվ հակաարցախյան հայտարարություններ։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի ասուլիսում հայտարարեց, թե միջազգային հանրությունը միշտ էլ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչին ի պատասխան՝ Ստեփանակերտից հակադարձեցին, եթե այդպես էր, ապա 30 տարի Հայաստանն ի՞նչ էր բանակցում: Իհարկե, ՀՀ իշխանամերձ շրջանակները սրան չշտապեցին պատասխանել: Բայց այսօր ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի մի շարք սկանդալային հայտարարություններից մեկը տառացիորեն Ադրբեջանի նախագահի բազմիցս արված հայտարարերության կրկնությունն էր: Նախկինում ՄԱԿ կուսակցության ղեկավար, նախկինների օրոք բիզնեսով հաջողությամբ զբաղվող, կոալիցիոն կառավարությունում նախարարի թեկնածու ունեցող Արսենյանն այսօրվա հարցազրույցում վստահ պնդել է, թե «Արցախի հարցը լուծվել է և լուծվել է պատերազմի միջոցով»։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց՝ ովքեր հայտարարում են, որ Արցախի հարցը լուծված է՝ նրանք հայ համարվել չեն կարող՝ դավաճաններ են։
«Նման հայտարարաություններ անողները հայ կոչվելու իրավունք չունեն՝ արցախահայությունը հայ ազգից տարանջատելու միտումները, հայտարարությունները կոնկրետ ուղղված են Հայաստանի պետականության հիմքերը խարխլելուն։ Եթե այսօր մենք Արցախի ու արցախահայության հարցը տարանջատենք ընդհանուր հայ ազգի հարցից, ապա այսօր այդ մարդիկ պատրաստ են Արցախը զիջելով՝ ժամանակ շահեն ու դրանից հետո էլ Հայաստանը զիջեն։ Եթե հայ մարդը փորձում է զիջել իր հայրենիքը, ընդունում է այն, որ ռազմական ճանապարհով Արցախի հիմնախնդիրը լուծվել է՝ նա հայ կոչվելու իրավունք չունի։ Հայ ժողովրդի պայքարի մասնակիցներն այդպես չէին մտածում, եթե 1988 թվականի Արցախյան շարժման ժամանակ նման մտածելակերպով մարդիկ լինեին, Հայաստանում որոշում կայացնողներն այդպես մտածեին, և Վազգեն Սարգսյանի նման մարդիկ չլինեին, որ Արցախը Հայաստանից չէր տարանջատում, ապա այն ժամանակ էլ նույն պատկերը կունենայինք, ինչն այսօր է։ Ցավոք, եթե այսօր իշխանության ներսում որոշում կայացնողները նման մտածելակերպով մարդիկ են, ապա սա հայ ազգի ամենամեծ դժբախտությունն է»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Հունվարի 16-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված քայլերի մասին: Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը՝ Դավիթ Գալստյանը փոխանցեց, որ հանդիպումը կայացել է Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ, հանդիպումից ակնկալիքը ոչ թե ինչ-որ հարցերի վերաբերյալ պատասխաններն էին, այլ ստեղծված իրավիճակը ներկայացնելն ու այն խնդիրները, որոնք ծառացել են երկրի ու ժողովրդի առջև։
«Իհարկե, եղան նաև որոշակի հարցադրումներ, այդ թվում՝ Արցախում արտահերթ ընտրություններ անցկացնելու հայտարարությունների վերաբերյալ։ Կարծում եմ՝ բոլորի համար էլ հասկանալի ու ընկալելի է, որ նման իրավիճակում, մասնավորապես, երբ ռեսուրսները շատ սահմանափակ են, չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ։ Պառակտված հասարակության մեջ լրացուցիչ պառակտում մտցնելը ճիշտ չէ, քանի որ բոլոր ընտրությունների ժամանակ էլ տեսնում ենք, որ հասարակությունը բաժանվում է տարբեր խմբերի։ Առանց սահմանադրական փոփոխությունների գնալ ընտրությունների և օրենսդիր ու գործադիր մարմինները դնել վտանգի տակ՝ անընդունելի է։ Մինչև չլինի սահմանադրական փոփոխություններ, անիմաստ է խոսել արտահերթ ընտրություններից»,- շեշտեց Դավիթ Գալստյանը։
Ինչ վերաբերում է Պետնախարարի հրաժարականի վերաբերյալ տարածվող լուրերին և այն խոսակցություններին, թե դա Երևանի ու Բաքվի պահանջն է, Դավիթ Գալստյանը հրաժարվեց թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ և խորհուրդ տվեց բոլոր հարցերն ուղղել կա՛մ Արցախի նախագահի, կամ պետնախարարի աշխատակազմին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։ Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր երկու տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։